14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Իշխա­նությունը, որի գլուխ էր կարգվել Ազգա­յին անվտանգության ծառա­յության գենե­րալ-մայոր Սամվել Շահրա­մանյա­նը, կամ բացարձա­կա­պես ոչ պիտա­նի էր, անձեռնհաս եւ քաղա­քա­կա­նա­պես անմեղսունակ, կամ փորձում է իրե­նից թոթա­փել Արցա­խի ռազմա­կան պարտության, կապի­տուլյա­ցիա­յի ստո­րագրման եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության լուծարման իրա­վա-քաղա­քա­կան եւ պատմա­կան-բարո­յա­կան պատասխա­նատվությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 65

Տարածված տեսա­կետ կա, որ Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րությունն Ադրբե­ջա­նի կողմից ահա­բեկչա­կան պատե­րազմ սկսե­լու մասին տեղե­կացվել է հարձա­կումից րոպե­ներ առաջ, այն էլ՝ ռուսա­կան զորախմբի մի ցածրաստի­ճան սպա­յի կողմից: Ըստ այդմ, ռուս սպան մոտա­լուտ հրե­տա­կո­ծության եւ հրթի­ռա­յին հարվածնե­րի մասին ասել է Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նին, երբ վերջինս գտնվել է Շուշի տանող ճանա­պարհին մերձա­կա ռուսա­կան դիտա­կե­տում: Կարե­լի է ենթադրել, որ Շահրա­մանյա­նը պետք է Շուշիում հանդի­պեր Ադրբե­ջա­նի իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րից որեւէ մեկի հետ, բայց ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը վերջին պահին հրա­ժարվել է նրան ուղեկցել, իսկ դիտա­կե­տի սպա­նե­րից մեկն ասել է, որ մի քանի րոպեից Ադրբե­ջա­նը կսկսի հարձա­կումը:

Թե այդ տեղե­կությունն ստա­նա­լուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել Սամվել Շահրա­մանյա­նը՝ որեւէ փաստա­կան տեղե­կություն չկա: Ակա­նա­տեսնե­րը վկա­յում են, որ պետա­կան հիմնարկնե­րը, ուսումնա­կան հաստա­տություննե­րը, այդ թվում՝ նախադպրո­ցա­կան հիմնարկնե­րը, բուժհաստա­տություննե­րը եւ Ստե­փա­նա­կերտի ու մյուս բոլոր բնա­կա­վայրե­րի խաղաղ բնա­կիչնե­րը չեն նախազգուշացվել: Ստույգ տեղե­կություն կա, որ այդ օրն Ազգա­յին ժողո­վի նախա­գահ, ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նը խորհրդա­րա­նի «Դաշնակցություն», «Արդա­րություն» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցություն» խմբակցություննե­րից պատգա­մա­վորնե­րի հետ այցե­լել է Ասկե­րան եւ հանդի­պել շրջա­նա­յին վարչա­կազմի ղեկա­վար, նրա տեղա­կա­լի, ուժա­յին կառույցնե­րի ղեկա­վարնե­րի եւ մի խումբ հանրա­յին գործիչնե­րի հետ:

Հարցին, թե ի՞նչ է սպասվում Արցա­խին եւ նրա խաղաղ բնակչությա­նը, եթե Լաչի­նի միջանցքը չի բացվում, պարե­նի վերջին պաշարներն սպառվում են, իսկ մի քանի օրից Սարսանգի հիդրոէ­լեկտրա­կա­յա­նը ջրի սպառման պատճա­ռով այլեւս էլեկտրա­կա­նություն չի արտադրի, ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նը հավաստիացրել է, որ «ռուսնե­րը երբեք չեն լքի Լեռնա­յին Ղարա­բա­ղը, խոստա­ցել են, որ ադրբե­ջա­նա­կան հարձա­կում թույլ չեն տա»: Ակա­նա­տե­սի վկա­յությամբ, Դավիթ Իշխանյա­նը դեռ չէր ավարտել խոսքը, երբ Ասկե­րա­նը ենթարկվել է հրթի­ռա-հրե­տա­նա­յին հուժկու հարձակման, եւ Ազգա­յին ժողո­վի նախա­գահն ու նրան ուղեկցող պատգա­մա­վորնե­րը հապշտապ վերա­դարձել են Ստե­փա­նա­կերտ: Նույն անակնկա­լին են ենթարկվել Ստե­փա­նա­կերտ, Մարտունի, Մարտա­կերտ եւ Ճարտար քաղաքնե­րը, Արցա­խի մեծ ու փոքր բոլոր բնա­կա­վայրե­րը, որտեղ սեպտեմբե­րի 20‑ի ժամը 13:15‑ի դրությամբ երե­խա­նե­րը դեռեւս դպրո­ցում եւ մանկա­պարտե­զում էին, նրանց ծնողներն՝ աշխա­տանքի կամ մարտա­կան հերթա­պա­հության դիրքե­րում:

Վարկա­ծը, որ Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րությունն Ադրբե­ջա­նի ահա­բեկչա­կան հարձակման մասին իմա­ցել է վերջին պահին, թույլ է տալիս երկու եզրա­կա­ցություն անել. այդ իշխա­նությունը, որի գլուխ էր կարգվել Ազգա­յին անվտանգության ծառա­յության գենե­րալ-մայոր Սամվել Շահրա­մանյա­նը, կամ բացարձա­կա­պես ոչ պիտա­նի էր, անձեռնհաս եւ քաղա­քա­կա­նա­պես անմեղսունակ, կամ փորձում է իրե­նից թոթա­փել Արցա­խի ռազմա­կան պարտության, կապի­տուլյա­ցիա­յի ստո­րագրման եւ Լեռնա­յինՂա­րա­բա­ղի Հանրա­պե­տության լուծարման իրա­վա-քաղա­քա­կան եւ պատմա­կան-բարո­յա­կան պատասխա­նատվությունը: Որքան էլ մեծ լինի Սամվել Շահրա­մանյա­նին, մանա­վանդ Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյա­նին, ԼՂՀ նախկին նախա­գահներ Արա­յիկ Հարությունյա­նին, Բակո Սահակյա­նին եւ Արկա­դի Ղուկասյա­նին պատմա­կա­նո­րեն արդա­րացնե­լու մղումը, քանի որ խոսքը վերա­բե­րում է հայրե­նազրկությա­նը եւ հարյուր քսան հազար մարդու բռնա­գաղթին, շուրջ հինգ հարյուր մարդկա­յին կորուստնե­րին, ճշմարտության դեմ մեղանչել չենք կարող:

Նախա­գա­հի ընտրություն կազմա­կերպե­լու դեպքում «հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություն» սկսե­լու մասին Ադրբե­ջա­նի վերջնա­գի­րը Ստե­փա­նա­կերտում ստացվել է Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի հրա­պա­րակման օրը: Այդ փաստը ոչ ոք հերքել չի կարող: Ավե­լի ուշ, երբ Սամվել Շահրա­մանյանն արդեն Ազգա­յին ժողո­վի հատուկ նիստում երդմամբ ստանձնել էր Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նը, «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի ռուսա­կան խմբագրության Կովկա­սի հարցե­րով Վադիմ Դուբնո­վը հեղի­նա­կա­յին հաղորդմամբ Բաքվից էքսկլյուզիվ տեղե­կություն է փոխանցել,- այդ հաղորդումը եթեր է հեռարձակվել սեպտմե­բե­րի 10-ին, որ Ադրբե­ջա­նը «սահմա­նա­փակ ռազմա­գործո­ղություն է նախա­պատրաստում, որպեսզի Մարտա­կերտի շրջա­նը կտրի Լեռնա­յինՂա­րա­բա­ղում հայաբնակ մնա­ցած մյուս տարածքնե­րից»: Ըստ Դուբնո­վի՝ Բաքուն Ստե­փա­նա­կերտից պահանջել է «առանց մարտա­կան գործո­ղություննե­րի զիջել Սարսանգի հէկ‑ը, ջրամբա­րը, Դրմբո­նի ոսկու եւ Կաշե­նի բազմա­մե­տա­ղա­յին հանքա­վայրը, դատարկել Մարտա­կերտ քաղա­քը եւ հարա­կից բոլոր գյուղե­րը, ապա­հո­վել Թարթառ-Քելբա­ջար ազատ երթեւե­կությունը»: Հակա­ռակ դեպքում «հատուկ ռազմա­կան գործո­ղությունը» պետք է սկսվեր սեպտեմբե­րի 13-ին, բայց արդեն՝ Լեռնա­յինՂա­րա­բա­ղի բոլոր հայաբնակ մնա­ցած տարածքնե­րի եւ հատկա­պես՝ Ստե­փա­նա­կերտի դեմ:

Ստացվե՞լ է նման առա­ջարկություն, քննարկվե՞լ է, ի՞նչ կոմունի­կա­ցիա է ունե­ցել Արցա­խի ղեկա­վա­րությունը Բաքվի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ՝ հայտնի չէ: Վստա­հություն ներշնչող իրա­զեկ աղբյուրնե­րը վկա­յում են, որ այդ օրե­րին Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րե­նի առա­ջին տեղա­կալ Ջեյհուն Շադլինսկին արդեն Շուշիից տեղա­փոխվել եւ հաստատվել էր ԼՂՀ կառա­վա­րության ընդունե­լություննե­րի տանը:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ