Գնահատվում էր ոչ թե երեխայի գիտելիքը, ինչպես արդեն ասացի, այլ՝ թե երեխան այդ օրն ինչ գնահատական է տանելու տուն՝ ծնողներին ուրախացնելու համար:
Սոֆյա Հովսեփյան
Հայաստանում կրթության վիճակը ոչ միայն հեռու է բարվոք համարվելուց, այլև կարելի է համարել շատ առումներով անմխիթար։ Ոչ միայն առաջադիմությունն է ցածր, այլև կրթական համակարգն ինքն իրենով գտնվում է միայն այնպիսի ճահճի մեջ, որից դուրս գալը երբեմն անհնար է թվում։
Տասնամյակներով կրթական համակարգում տեղ գտած կոռուպցիան, շնորհավաճառությունը, խնամիական մոտեցումը(գնահատման, աշխատանքի տեղավորված առումով) կրթական համակարգը խրել են մի անդունդ, որից որևէ լավ արդյունք սպասել պետք չէ։ Տասնամյակներով բարոյապես ու նյութապես խիստ հետադիմած կրթական համակարգն այսօր էլ չի կարողանում դուրս պրծնել այդ ցեխից։
Մեր օրերում ԿԳՄՍ նախարարությունը արդեն որերորոդ փորձն է անում ինչ որ բեկում մտցնելու, որևէ որակական աճ գրանցելու համար։ Փոփոխությունները հաջող են ու անհաջող, կան արդյունավետ միջոցառումներ և իրականությունից կտրված ձեռնարկումներ։ Ցավալիորեն, Մեր դպրոցն այսօր հասել է մի այնպիսի վիճակի, որ նույնիսկ իրական ու լուրջ փոփոխությունների հետևանքը կերևա միայն տարիներ անց, այն էլ միայն այն դեպքում, եթե նոր ցնցումներ չլինեն։
Այսօր դպրոցում փոփոխությունները ոչ միայն կենսական անհրաժեշտություն ունեն, այլև շատ կարևոր է, որ դրանք իրապես հիմնավորված լինեն, այլ ոչ թե զուտ իմիտացիայի համար, որպեսզի աշխատանքի ու կրթության բեմականացում արվի։ Իսկ այսօր այդ իմիտացիան ամենուր է` հատկապես դպրոցներում, երբ “փաստաթղթերով ամեն ինչ կարգին է”, իսկ իրականում` հողի վրա գտնվող վիճակը նույնիսկ հեռավոր նմանություն չունի նկարագրվող “առաջընթացի” հետ։
Մեր Ուղին
Ստորև ներկայացնում ենք կրթության փորձագետ Սոֆյա Հովսեփյանի հարցարզրույցը Մեդիալաբին`
Գնահատականը դարձել էր ծնողներին ուրախացնելու միջոց, ոչ թե գիտելիքի չափ․ Սոֆյա Հովսեփյանը՝ գնահատման նոր համակարգի մասին
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ներառական կրթություն» դասընթացի վերապատրաստող մասնագետ, փորձագետ Սոֆյա Հովսեփյանը
– Տիկի՛ն Հովսեփյան, ԿԳՄՍ նախարարությունը նոր գնահատման համակարգ է առաջարկում՝ հրաժարվելով «բացասական» կամ «անբավարար» գնահատականներից։ Այս համակարգով, ըստ նախարարության, աշակերտի ցանկացած առաջընթաց՝ նույնիսկ փոքր, արդեն հաջողություն է համարվում։ «Անբավարար» հասկացություն պարզապես չկա։ Ասում են՝ սա ավելի արդար է և օգնում է նաև ներառական կրթությանը։ Ձեր կարծիքով՝ այս փոփոխությունն ի՞նչ լավ ու վատ կողմեր կունենա։ Փոփոխության դրական ու բացասական կողմերը որո՞նք են լինելու։
– Որ գնահատման համակարգն իսկապես փոփոխության կարիք ուներ՝ անառարկելի է, որովհետև մեզ մոտ գործող գնահատման համակարգը դարձել էր երեխայի ինքնագնահատականի խնդիր, և այն ոչ թե գիտելիքն էր գնահատում, այլ՝ օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն բարձրացնում էր երեխայի ինքնագնահատականը կամ իջեցնում:
Այդ գնահատականը ավելի շատ դարձել էր մրցակցություն ծնողների համար ու ավելի շատ խնդրահարույց երեխայի համար, որովհետև գնահատվում էր ոչ թե երեխայի գիտելիքը, ինչպես արդեն ասացի, այլ՝ թե երեխան այդ օրն ինչ գնահատական է տանելու տուն՝ ծնողներին ուրախացնելու համար:
Փոխելով գնահատման համակարգը՝ փորձում էին ստեղծել այնպիսի իրավիճակ, որ երեխայի ցանկացած ձեռքբերում համարվի կարողություն ու միայն գիտելիքի թվային գնահատմամբ չլինի, այսինքն՝ այն հանգամանքը, որ երեխան թեկուզ հաղթահարել է չափորոշիչային նվազագույն շեմ կամ այդ օրը սովորել է ինչ-որ մի բան, դա ևս համարվի ձեռքբերում, ու դա իրապես ներառականությանը նպաստող հանգամանք էր:
Նախկին գնահատման համակարգում մենք լուրջ խնդիր ունեինք ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների գնահատման առումով, այդ երեխաների համար գնահատում գոյություն չուներ, որովհետև նրանք թեթևացված ծրագրով էին գնահատվում: Արդյունքում՝ տասը բալանոց համակարգում երեխան կարող էր իր անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) շրջանակում ստանալ տասը, բայց դա դեռ չէր նշանակում, որ նա ընդհանուր չափորոշչի տասը միավորն է հավաքել, ու հետագայում, քանի որ սահմանված կարգ գոյություն չուներ, դպրոցները կանգնում էին փաստի առաջ:
Ստացվում էր, որ այդ երեխան իր ԱՈՒՊ-ով է տասը ստացել, մյուսը՝ ընդհանուր չափորոշչով, ու ստացվում է, որ թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխան էլ է ստանում տասը, մյուս երեխան էլ ստանում է տասը: Այստեղ առաջանում էր կոնֆլիկտայնություն, այս պարագայում կողքը նշվում էր ԱՈՒՊ-ը, որը, նորից եմ կրկնում, ոչ մի օրենքով սահմանված չէր, ու դա առաջացնում էր լուրջ խտրականություն:
Բացի այդ՝ տասը բալանոց համակարգում, որով երեխաները գնահատվում էին, ավելի շատ իրենք սովորում էին նրա համար, որ իրենց ստացած գնահատականը բարձր լինի, այսինքն՝ սովորում էին հենց գնահատականի համար, ոչ թե գիտելիքի: Երկրորդ պլան էր մղվում այն, թե երեխան ինչպես ընկալեց նյութն ու ինչպես կարող է կիրառել:
Միշտ խնդիր էր առաջանում չորրորդից հինգերորդ դասարան անցումը, որովհետև մինչև չորրորդ դասարան ցուցանիշը շատ բարձր էր լինում, իսկ հինգերորդում կտրուկ իջնում էր: Սա արդեն դառնում էր խնդիր թե՛ երեխայի ինքնագնահատականի տեսանկյունից, և՛ թե կոնֆլիկտ էր առաջանում ծնողի ու ուսուցիչների միջև:
Առաջինից չորրորդ դասարաններում թվային գնահատականը հանելը նպաստելու էր նրան, որ երեխան ավելի շատ գա դպրոց, որ երեխան ավելի շատ գիտելիք ու կարողություն ձեռք բերի, քան գնահատական տանի տուն, որով կուրախացնի ծնողին: Ծնողն այս պարագայում հարցնում է՝ ի՞նչ ես սովորել այսօր, ու երեխան ցույց է տալիս, թե ինչ է սովորել, ենթադրենք՝ սովորել է հինգ անգամ երկուս ինչի է հավասար, իսկ գնահատականի պարագայում ստացած գիտելիքի կիրառման անհրաժեշտություն չէր առաջանում:
Բնականաբար, որակական գնահատումը կարող է մոտիվացիա առաջացնել, հիմա թե որքանո՛վ է հաջողվում մեր դպրոցներում սա իրականացնել, չեմ կարող ասել, որովհետև, այնուամենայնիվ, մենք ունենք տարիների թվային գնահատականից կախվածություն ունեցող ուսուցիչներ, որից չեն ձերբազատվում, ու որակական գնահատումից հետո մի հատ էլ կարող են ասել՝ սա հավասարվում է չորսի, հինգի, ու արդյունքում երեխան իրեն ոչ թե կարողունակ է համարում, այլ համարում է, որ ստացել է երեք կամ չորս: Սա է, որ խնդրահարույց է, այսինքն՝ պետք է պարբերական ու շարունակական վերապատրաստումներ անցկացվեն դպրոցներում, որպեսզի երեխաները որևէ կերպ այդ խնդրի առաջ չկանգնեն:
Ներառման պարագայում հաջորդ խնդիրը, ինչպես ասացի, երեխան իր թեթև ծրագրով ստանում է մեկ, երկուս, երեք ու տեղափոխվում հաջորդ դասարան, այլևս դուրս չի մնում կրթությունից: Եթե նա պարբերաբար դուրս մնա կրթությունից ու չափորոշչի մինիմալը հաղթահարի կամ թեթևացված ծրագրով հաղթահարի, մենք կունենանք չավարտող աշակերտներ, ու խոսքը միայն ներառական երեխաների մասին չէ, այլ առհասարակ երեխաների:
Որակական գնահատման նպատակն այն է, որ երեխան իր իրական կարողությունները հասկանա և ունենա սեփական կարողությունների օբյեկտիվ գնահատական ու մոտիվացիա այդ կարողությունները բարձրացնելու համար:
– Կարո՞ղ է այս փոփոխությունը նպաստել, որ դպրոցներում աշակերտների գիտելիքի մակարդակն էլ ավելի բարձրանա:
– Կբարձրացնի երեխաների կարողությունը, թե՞ ոչ՝ դժվար է ասել, որովհետև սա քիչ է, դա կախված է համալիր աշխատանքից, այսինքն՝ նախևառաջ ուսուցիչները պետք է կարողանան ճիշտ ու օբյեկտիվ գնահատել երեխային, ինչի արդյունքում կհաղթահարվի ուսուցիչների կախվածությունը գնահատականից: Աշխարհի բազմաթիվ երկրներում կա այս փորձը, ու այն իրապես հաջողված է, բայց մենք դեռ չենք հաջողել, որովհետև չունենք չորրորդ դասարանն ավարտածներ, որ հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ գիտելիքների ձեռքբերման առումով, երբ չկա գնահատական, ու երբ արդեն հինգերորդ դասարան տեղափոխվեն երեխաները, կերևա, թե որքանով նպաստավոր եղավ կամ որքանով հաջողեց ուսուցիչը երեխաների կարողությունների ձևավորման առումով: Այնպես որ, այս հարցում մենք դեռ պետք է սպասենք, իսկ սպասելուն զուգահեռ նախարարությունը պետք է շատ լուրջ աշխատանքներ տանի:
– Կրթության համակարգում արվող փոփոխությունները հիմնավոր համարո՞ւմ եք: Միտվա՞ծ են դրանք ավելի մրցունակ կրթության համակարգ ունենալուն, տիկի՛ն Հովսեփյան:
– Եթե ընդհանուր կրթության համակարգի փոփոխությունների մասին է խոսքը, ապա դրական չեմ համարում, որովհետև այսօր ունենք փոփոխություններ, որոնք խանգարում են և՛ ուսուցիչներին, և՛ աշակերտներին առավել բարձր որակի ապահովման առումով, և դուք ինքներդ եք տեսնում, թե գիտելիքների մակարդակի ցուցանիշը որքան է իջնում, ու դրանք անընդհատ տեղի ունեցող՝ առանց հիմնավոր քայլերի փոփոխություններ են:
Օրինակ՝ փոխվում է դասագիրք, երբ այն քննության ենթարկված չէ, կամ չեն հրատարակվում դասագրքեր, երբ հին դասագրքերն արդեն խոտանված են, կամ դասագիրքը տպագրվում է, հետո քննության արդյունքը ցույց է տալիս, որ այն պիտանի չէ, ու երեխան մնում է առանց դասագրքի: Այսինքն՝ և՛ ուսուցիչը, և՛ աշակերտը անընդհատ ենթարկվում են սթրեսի այս անհասկանալի փոփոխությունների հետևանքով:
Նույն պատմությունն է նաև ծրագրերի պարագայում՝ կիսատ-պռատ ներկայացվում է մասնագետների, հանրության դատին, հետո հայտնվում է դպրոցում, ու սկսվում է կոնֆլիկտը, ինչի կողմ են դառնում նաև ծնողն ու աշակերտը, այնինչ պետք է այս ամենը դպրոցից ու երեխաներից հեռու լինի ու բացասական առումով չազդի երեխայի կրթության ու հոգեբանության վրա:
Բայց մեզ մոտ ամեն ինչ արվում է անբռնազբոս վիճակով, ինչի հետևանքով էլ ունենք խնդիր, ու այս խնդրի պատճառով էլ առաջանում է գնահատման համակարգի փոփոխությունը, այսինքն՝ ուսուցչին դեռ ամբողջությամբ գնահատման համակարգին չծանոթացրած, չվերապատրաստած, խոսքը շարունակական վերապատրաստման մասին է, դնում են կիրառության մեջ: Շատ սթրեսային փոփոխություններ են տեղի ունենում կրթության ոլորտում, մինչդեռ ամբողջ աշխարհում, որտեղ որևէ կերպ փոփոխություններ են արվում, նման ձևով չեն արվում:
Ես կարծում եմ, որ փոփոխողները նախ կրթությունը պետք է իմանան պրակտիկ, այլ ոչ թե ուսումնասիրության մակարդակում, ոչինչ հաշվի չի առնվում: Այսօր այս դրամաշնորհային ծրագրով մի բան են բերում խցկում, հետո դրամաշնորհը փոխվում է, մեկ այլ բան են խցկում, ի հետևանք տուժում են երեխան ու սերունդներ: Կան նաև բազմաթիվ օրենքներ, որոնք ընդունվել են, բայց չեն գործում, եթե կիրառել չի լինելու, ապա ինչո՛ւ են ընդունվում նմանատիպ օրենքներ՝ փաստի առաջ կանգնեցնելով ուսուցիչներին ու տնօրեններին:
Քրիստինե Աղաբեկյան
Աղբյուրը՝ MediaLab.am
