Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Եթե Արցախի ղեկավարությունը տրամադրված էր, որ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով ամբողջ բնակչությունը պետք է տարհանվի, ապա ինչու՞ է զոհվածների հուղարկավորում կազմակերպել:

Վահրամ Աթանեսյան

Մաս 69

Ստեփանակերտի հուշահամալիրում հուղարկավորված զինծառայողների եւ աշխարհազորայինների ստույգ թիվը հայտնի չէ: Նման տեղեկատվության չի տիրապետում անգամ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: Ոչ ոք բացատրություն չունի, թե ո՞վ եւ ինչու՞ է նման որոշում ընդունել, եթե հայ բնակչության իր հայրենիքում մնալու եւ անվտանգ ապրելու ոչ մի երաշխիք չկար:

Իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ սեպտեմբերի 20-ին Եվլախ «բանակցությունների» մեկնած պատվիրակությունը Բաքվի ներկայացուցիչների հետ այդ հարցը չի քննարկել: Նրանք վկայակոչում են մինչ այդ Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցության ընդհանուր տրամադրվածությունը: Մասնակիցներից ոչ ոք Արցախում մնալու եւ «ինտեգրման» պայմանների հարց չի բարձրացրել:

Այդ քննարկումներին ներկա գտնվածներից մեկի վկայությամբ՝ բավական թեժ բանավեճ է ծագել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եւ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի միջեւ: Արկադի Ղուկասյանը Գագիկ Բաղունցից պահանջել է, որպեսզի կապվի եւ նախագահական նստավայր հրավիրի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, իսկ Բաղունցը հակադարձել է. «Դուք նրա հեռախոսահամարը գիտեք, կարող եք ինքներդ զանգել եւ ասել՝ ինչ ցանկանում եք»:

Թե ինչու՞ է զգացվել այդ քննարկումներին Սամվել Բաբայանի ներկայության կարիքը՝ նիստի մասնակիցը չգիտի, բայց կարծում է, որ Արկադի Ղուկասյանը նկատի է ունեցել Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ ադրբեջանցիների հետ Արայիկ Հարությունյանի իմացությամբ «բանակցություններ է վարել»: Ըստ երեւույթին, փորձ է արվել Սամվել Բաբայանին հրավիրել եւ նրա միջոցով փորձել կապ հաստատել Ստեփանակերտի արվարձաններում հաստատված՝ ադրբեջանական բանակի հրամանատարության կամ որեւէ պաշտոնյայի հետ:

Այսպես, թե այնպես՝ ակնհայտ է, որ Արցախում հայ բնակչության մնալու հարց Բաքվի ներկայացուցիչների հետ չի քննարկվել նաեւ սեպտեմբերի 21-ին, երբ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը Բաքվի ներկայացուցիչներին հանդիպել են ռուսական զորախմբի հրամանատարի նստավայրում:

Այս պայմաններում տասնյակ զորհվածների հուղարկավորության կազմակերպումը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Եթե Արցախի ղեկավարությունը տրամադրված էր, որ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով ամբողջ բնակչությունը պետք է տարհանվի, ապա ինչու՞ է զոհվածների հուղարկավորում կազմակերպել:

Բացառված չէ, որ ադրբեջանական կողմը նախապես տպավորություն է ստեղծել, որ դեմ չէ հայ բնակչության մնալուն, բայց հետո հրաժարվել է:

 Քաղաքական որոշ շրջանակներ այն կարծիքին են, որ ռուսական զորախմբի հրամանատարությունը փորձել է առնվազն երեսուն-քառասուն հազար մարդու պահել Արցախում, որպեսզի հիմնավորի «խաղաղապահի» հետագա ներկայությունը, բայց Ադրբեջանը չի համաձայնել:

Այդ օրերի կարեւորագույն իրադարձություններից մեկը ռուսական զորախմբի հրամանատարի տեղակալի եւ եւս երեք սպայի սպանությունն է, որ իրականացրել են ադրբեջանցիները՝ Մարտակերտի շրջանի տարածքում: Դա ցուցադրական գործողություն էր, որով պաշտոնական Բաքուն Մոսկվային հասկացրել է, որ իր զինծառայողները նույնպես վտանգի տակ են, Ադրբեջանը ոչ մի միջոցի առջեւ կանգ չի առնի, եթե նրանք փորձեն միջամտել իրադարձություններին:

Այդ դեպքից հետո ռուսական զորախմբի հրամանատարությունը Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ապաստանած հազարավոր մարդկանց կարգադրել են հեռանալ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ ռուս զինվորականները «կերակրում են հայ փախստականներին»:

Ինչպես վկայում են ականատեսները, սեպտեմբերի 21-ից հետո ռուսական զորախմբի հրամանատարության եւ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության միջեւ շփումները դադարել են: Խոսքն, իհարկե, ֆորմալ հանդիպումների եւ Արցախի բնակչության ապագայի շուրջ քննարկումների մասին է: Անձնական բնույթի ի՞նչ խնդիրներ եւ ի՞նչ ձեւաչափով են շոշափվել՝ էական նշանակություն չունի:

Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտում արդեն պետական հաստատությունները չէին գործում, սկսվում է արխիվների ոչնչացումը: Իշխանությունը փաստացի դադարում է կատարել իր պարտականությունները, պետական պաշտոնյաներն արդեն որպես մասնավոր անձինք նախապատրաստվում են «տարհանմանը»: Այդ մասին կա՞ պետական որոշում՝ հայտնի չէ:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *