Արծրունը՝ որպես գիտնական, հնչեցրել է իր պատմագիտական տեսակետը և լավ է արել: Մենք կայուն ժողովրդավարության ձգտող Պետություն ենք, և մեր մոտ գործում են դրանից բխող կարգ ու կանոնները:
Արմինե Մարգարյան
Մեր Նախաբանը
Ռուսաստանի դեսպանի կողմից Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցի արձագանքն աչքի է ընկնում ոչ միայն այլ երկրի ներքին գործերին խառնվելու անթաքույց լպիրշությամբ, այլ ևս մեկ անգամ վերահաստատում է այն կարծիքը, որ Ռուսաստանի կողմից Հայաստանը բարեկամ կոչելն ընդամենը սովորական կեղծավորություն է։ Ռուսաստանը Հայաստանը շարունակում է համարել իր նահանգը, տարածքը, պրովինցիան, գաղութը․․․ու հենց այդ պատճառով էլ վրդովում է, երբ “իրեն պատկանող տարածքում” հանկարծ խոսում են մի բան, որն իր դուրը չի գալիս։
Գերտրուդա օպերացիան, ինչպես նաև Էդելվեյսը և մյուսները իրապես մշակվել են Վերմախտի կողմից, թեև իրականություն չեն դարձել։ Հայ գրող Վարդգես Պետրոսսյանն ասում էր, որ․ “Պատմությունը գրատախտակ չէ, որ դուրդ չեկած նախադասությունը ջնջես”։ Ռուսները դա չեն հասկանում և չեն ընդունում։ Նրանք այդպես վրդովվում են, ոչ թե նրա համար, որ կասկածի տակ է առնվում խորհրդային պատմաքարոզչությունը, այլ այն, որ կասկածի տակ են առնում Հայաստանում, իսկ Հայաստանը, իրենց իսկ պատկերացմամբ, “իրենցն է”։
ՀՀ իշխանությունները պետք է համարժեք ու արարողակարգին համապատասխան կերպով պատասխանեն դեսպանի լկտի արձագանքին։ Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի Հանապետության ներքին քննարկումներին խառնվելու, նման զզվելի ոճով կարծիք հայտնելու։ Հայաստանում ոչ ոք նացիստներին չի արդարացնում, դա թող հայտ լինի Կոպիրկինին։ Հայաստանը չի սիրում գաղութարարներին, անկախ նրանից, թե այդ գաղութարարը իրեն ընտրյալ գերմանացի է կոչում, թե կոմունիստ ռուս։ Հայերը իրավունք ունեն չհավատալու գաղութարարին ու նրա քարոզին։ Իսկ գաղութարարը պետք է հասկանա, որ Հայաստանն իր գաղութը չէ, եթե Ռուսաստանում արգելված է խոսելը, ապա Հայաստանում ոչ։ Ռուսները դա էլ պիտի հասկանան, անկախ նրանից, թե իրենց դուրը գալիս է, թե ոչ։
Դե իսկ եթե ռուսները ամեն առիթով նշում են իրենց հաղթանակը նացիստների հանդեպ, հպարտանում են, որ կանգնեցրել են մարդասպանների բանակին, ապա թող հիշեն, որ կոմունիստները ոչնչով պակաս չեն եղել նույն նացիստներից։ Դա ևս թող հիշեն։ Թող չմոռանան։ Որովհետև մենք ոչինչ չենք մոռանում։
Մեր Ուղին
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հասցեագրված գրությունը (տեղադրված է մեկնաբանությունների բաժնում) ունի մի քանի շերտեր:
✅ Առաջին՝ կարգի համաձայն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց նամակագրությունը պետք է իրականացեն ՀՀ ԱԳՆ միջոցով: Որոշ, հազվադեպ դեպքերում այս կարգը շրջանցվում է, մասնավորապես երբ հարցը վերաբերում է ընթացիկ, շարունակական, ոչ ֆունդամենտալ նշանակության թեմաներին:
Մինչդեռ, սույն նամակի դեպքում ուղիղ կապի առկայությունը մատնանշում է ռուսական կողմի՝ II համաշխարհային պատերազմի հաղթանակի սեփականության իրավունքի ընդգծում, քանի որ դժվար թե ռուսական կողմը չգիտակցեր, որ սույն գրությունն ուղարկելով արդեն իսկ խառնվում է Հայաստանի ներքին գործերին: Իսկ մեր գործադիրը կամ օրենսդիրը չեն կառավարում մեդիայի կոնտենտը, նույնիսկ եթե այն հնչում է Հանրայինի եթերով:
✅ Երկրորդ՝ «Պատմականորեն կեղծ և սրբապիղծ» են որակվում Արծրուն Հովհաննիսյանի պատմագիտական տեսակետները/ պնդումները:
Գաղտինք չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև անծայրածիր անապատներ են գոյացել մամուլի ազատության, ազատ խոսքի ու կարծիքի ընկալումների առումով: Հետևաբար, ռուսական կողմը իր մեթոդաբանությանը հակադիր, թելադրվող «պատմագիտական տեսակետներից» դուրս գործելաոճի նկատմամբ որևէ կերպ չի կարող ունենալ տոլերանտություն կամ օբյեկտիվ ընկալում:
✅ Երրորդ՝ ռուսական կողմը վրդովված է, որ պատմագիտական տեսակետ/պնդումներն արվել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Հ.Բաղրամյանի անվան Հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի կողմից: Չ՞է որ կառույցը զբաղվում է սերունդներ կրթելով: Այլ բառերով, դաշտ է նետվում հետխորհրդային տարածաշրջանում «պատմությունը վերանայելու անթույլատրելիության» հին ավանդական ռուսական թեզը:
✅ Եվ վերջապես՝ ըստ իս, սույն նամակին արձագանքել առհասարկ հարկավոր չէ: Արծրունը՝ որպես գիտնական, հնչեցրել է իր պատմագիտական տեսակետը և լավ է արել: Մենք կայուն ժողովրդավարության ձգտող Պետություն ենք, և մեր մոտ գործում են դրանից բխող կարգ ու կանոնները:
Աղբյուրը՝ Արմինե Մարգարյանի ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/share/167QBbCS99/?mibextid=wwXIfr
