Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Առ այսօր Արցախի նախագահի մամուլի ծառայությունը Սարգիս Գալստյանի գործի վերաբերյալ տեսակետ չի հնչեցրել, ինչը չափազանց արտառոց է. չէ՞ որ նա Ստեփանակերտում է մնացել Սամվել Շահրամանյանի հանձնարարությամբ՝ որպես Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար տեղակալ: Կատարե՞լ է նա Շահրամանյանից ստացած հանձնարարականը: Արցախի պետականության կորստի, հայ բնակչության բռնատեղահանության պատմության ամենամութ էջը, թերեւս, Սարգիս Գալստյանի Ստեփանակերտում մնալու բուն շարժառիթն է:

Վահրամ Աթանեսյան

Մաս 71

2023 թվականի հոկտեմբերին, երբ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը եւ ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանն արդեն Երեւանում էին, մամուլում տեղեկություն տարածվեց, որ Սարգիս Գալստյանը «նշանակվել է Ստեփանակերտի պարետ», նրա հետ մնացել է նաեւ կինը: Նույն օրը Սարգիս Գալստյանի զարմիկ Դավիթ Գալստյանը, ով, ի դեպ, Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունից ընդդիմադիր պատգամավոր է, հայտարարություն տարածեց, որ տեղեկությունը կեղծ է, եւ ինքը պատրաստվում է այն տարածողին դատի տալ: Տեղեկությունը տարածել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը: Նա վերահաստատեց, որ ստացած տեղեկությունը հավաստի է եւ հրապարակային հայտարարեց, որ պատրաստ է որպես պատասխանող ներկայանալ դատարան եւ այնտեղ ներկայացնել հիմնավորումներ:

Դավիթ Գալստյանը եւ Սարգիս Գալստյանի մյուս հարազատները, սակայն, դատարան չդիմեցին: Դրա փոխարեն Արցախի Տեղեկատվական շտաբը, որպես նախագահ Սամվել Շահրամանյանի մամուլի ծառայություն, պաշտոնապես տեղեկացրեց, որ Սարգիս Գալստյանը Ստեփանակերտում է մնացել որպես Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Թե ի՞նչ գործառույթներ պետք է իրականացներ Սարգիս Գալստյանը, եթե ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ Արցախի ամբողջ տարածքում հայ բնակչություն չկար, պետական հաստատությունները կազմալուծված էին, Արցախի նախագահի մամուլի ծառայությունը որեւէ մեկնաբանություն, առավել եւս՝ նման արտառոց որոշման հիմնավորում առ այսօր չի արել:

Սարգիս Գալստյանը, ինչպես Ստեփանակերտի իրազեկ աղբյուրներն են վկայում, տարիներ շարունակ հանդիսացել է Արցախի ԱԱԾ հաստիքային աշխատակից: Ե՞րբ է նա այդ հաստատությունում ծառայության անցել՝ որեւէ աղբյուրից ճշտել հնարավոր չէ: Ըստ տեղեկությունների, նա ԱԱԾ է ընդունվել, երբ այդ հատուկ ծառայության տնօրեն է նշանակվել Բակո Սահակյանը: Նույն հաստատության պատասխանատու պաշտոնյա է եղել նաեւ Սամվել Շահրամանյանը: Սարգիս Գալստյանը հանրությանը, սակայն, հայտնի է որպես Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ եւ միաժամանակ՝ հյուրանոցի տնօրեն, որտեղ հանգրվանում էին նաեւ արտերկրից Արցախ այցելող զբոսաշրջիկները:

2020 թվականի մայիսի 29-ին մոտ մեկ շաբաթ առաջ Արցախի նախագահի պաշտոնն ստանձնած Արայիկ Հարությունյանը ստորագրել է Սամվել Շահրամանյանին ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարար նշանակելու մասին հրամանագիր: Ընդորում, նորաստեղծ նախարարության նստավայր է ընտրվում Շուշին, իսկ Սարգիս Գալստյանը՝ նշանակվում գերատեսչության աշխատակազմի ղեկավար: Քառասունչորս օրյա պատերազմից եւ Շուշիի ադրբեջանական բռնազավթումից հետո Սամվել Շահրամանյանի գլխավորած նախարարությունը դադարեցնում է գործունեությունը, իսկ Սարգիս Գալստյանին տեղափոխում են կրթության նախարարություն՝ որպես դարձյալ աշխատակազմի ղեկավար: Հայտնի է, որ Սարգիս Գալստյանը կնոջ հետ Ստեփանակերտում մնացել է մինչեւ 2024 թվականի մարտ ամիսը: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա որոշել է տեղափոխվել Հայաստան, Գորիսում ձերբակալվել է, նրա դեմ լրտեսության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել: Սարգիս Գալստյանը Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման:

Սարգիս Գալստյանին մեղսագրվող հանցանքը, դատաքննության ընթացքը մնում են չհրապարակված: Հայտնի չէ՝ նա իր դեմ կայացված վճիռը բողոքարկե՞լ է, թե՞՝ ոչ: Մամուլում տարածվել է նրա կնոջ մեկնաբանությունը, որ իրենք Ստեփանակերտում են մնացել «հայրենիքի հանդեպ սիրուց»: Նա ասել է, որ ադրբեջանցիների կողմից ենթարկվել են հետապնդումների, երբ տեսագրել, լուսանկարել են Ստեփանակերտի մշակութային հուշարձանները եւ համացանցում տարածել: Առայսօր Արցախի նախագահի մամուլի ծառայությունը Սարգիս Գալստյանի գործի վերաբերյալ տեսակետ չի հնչեցրել, ինչը չափազանց արտառոց է. չէ՞ որ նա Ստեփանակերտում է մնացել Սամվել Շահրամանյանի հանձնարարությամբ՝ որպես Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար տեղակալ: Կատարե՞լ է նա Շահրամանյանից ստացած հանձնարարականը: Արցախի պետականության կորստի, հայ բնակչության բռնատեղահանության պատմության ամենամութ էջը, թերեւս, Սարգիս Գալստյանի Ստեփանակերտում մնալու բուն շարժառիթն է:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *