Հայաստան

Ո՞ւմ Է Փորձում “Կծել” Ալիեւը

Իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժություններին տրված է «Արաքս-2025» պայմանական անվանումը, դրանք անցկացվում են մոտ երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո գտնված տարածքում։

Վահրամ Աթանեսյան

Ալիեւը Թեհրանի՞, թե՞ Անկարայի «կոշտուկն է տրորում»

Մեկնարկել են իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Ժամանակային առումով դրանք համընկնում են Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հաջիեւի Թեհրան այցին, որի ընթացքում նա հանդիպել է Իրանի նախագահ Փեզեշքիանի եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանիի հետ: Երկուստեք ընդգծվել է միջպետական հարաբերությունների դրական դինամիկան, քննարկվել են համագործակցության ոլորտների ընդլայնման եւ կապերի խորացմանը վերաբերող հարցեր:Իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժություններին տրված է «Արաքս-2025» պայմանական անվանումը, դրանք անցկացվում են մոտ երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո գտնված տարածքում, որտեղ քառասունչորս օրյա պատերազմից հետո շահագործման է հանձնվել հիդրոէլեկտրակայան, ինչպես նաեւ արհեստական ջրամբար: Նույն տեղանքում անցյալ տարի կատարվել է Արաքսի վրա ուղեանց կամրջի հիմնարկեքի արարողություն:

Բաքվի մամուլի տեղեկացվածությամբ՝ ընթացիկ տարում այն կսկսի գործել: Կամուրջը նախատեսված է նաեւ երկաթուղային հաղորդակցության համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ այլ պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Նախիջեւանի հետ ցամաքային հաղորդակցությունը կիրականացվի Իրանի տարածքով»: Արաքսի վար ուղեանց կամրջի գործարկմամբ շահագրգռված է նաեւ Ռուսաստանը: Դա նրան Ադրբեջանի տարածքով Իրանի հետ կապվելու երկրորդ երթուղի է տալիս:

Իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մտահղացման իմաստով՝ երկու երկրների ցամաքային զորքերի հատուկ ստորաբաժանումները փորձարկում են սահմանային եւ ենթակառուցվածքային անվտանգության ապահովման կարողությունները: Այլ կերպ ասած՝ երկու երկրները ծրագրում են, թե «արտակարգ իրավիճակում» ինչպես են համատեղ պաշտպանելու արհեստական ջրամբարը, հէկ-ը, ուղեանց կամուրջը եւ ցամաքային հաղորդակցության մյուս ենթակառուցվածքները: Զորավարժությունները, մանավանդ երբ համատեղ են, անցկացվում են «պայմանական հակառակորդից» սպասվող սպառնալիքներին հակազդելու» եւ նրան ուժ ցուցադրելու մտահղացումով:

Այս դեպքում ավելի քան արտառոց է, թե Իրանը եւ Ադրբեջանը ո՞ր երկրից են զգուշանում կամ ու՞մ են համատեղ ուժ ցուցադրում: Ավելի հավանական է, որ համատեղ զորավարժությունները քաղաքական համաձայնության ցուցադրում են. կողմերն ազդակ են հղում, որ միմյանց նկատմամբ ուժի սպառնալիք չեն կիրառելու գոնե այս փուլում: Նախորդ երկու տարիներին նույն տեղանքում նախ Իրանն է լայնածավալ զորավարժություններ անցկացրել, ապա՝ Ադրբեջանը: Փորձագետներն այն կարծիքի էին, որ հարեւան երկրների միջեւ լարվածությունը բավական բարձր է:

Ի՞նչ ընթացք կունենա իրանա-ադրբեջանական անվտանգային «մեղրամիսը»: Այս առումով չափազանց արտառոց է Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի հրեական պետության պաշտպանության նախարար Կացն ընդունել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին: Ըստ այդմ, Կացն Ադրբեջանին երախտագիտություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի հարձակմանը դիմագրավելու հարցում ցուցաբերած աջակցության համար, կողմերը քննարկել են «պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության հետ կապված հարցեր»:

Գործ ունենք իրավիճակի հետ, երբ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնականը նույն օրը գտնվել է Թեհրանում, իսկ նրա պաշտպանության նախարարը՝ Երուսաղեմում: Ընդ որում, Հասանովի Իսրայել այցի մասին Բաքուն տեղեկատվություն չի տարածել, մինչդեռ իսրայելական կողմը բացահայտել է, որ Գազայում պաղեստինցի արաբների դեմ պատերազմ է մղում նաեւ Ադրբեջանի աջակցությամբ:

Կարեւոր չէ՝ խոսքն առարկայակա՞ն, քաղաքակա՞ն, թե՞ բարոյական աջակցության մասին է: Էական է, որ Իսրայելը բացահայտում է իսլամական աշխարհում Ադրբեջանի օպորտունիզմը: Իհարկե, Ալիեւն այնքան միամիտ չէ, որպեսզի չկանխատեսեր Զաքիր Հասանովի Երուսաղեմ այցի շուրջ տեղեկատվական ինտրիգը: Մեծ է հավանականությունը, որ Իսրայելը նրան «մերկացրել է» փոխադարձ պայմանավորվածությամբ: Հարցն այն է, թե պաշտպանության նախարար Հասանովին Երուսաղեմ գործուղելով՝ Ալիեւն ու՞մ «կոշտուկն է տրորում», Իրանի՞, թե՞ Թուրքիայի: Ամեն դեպքում Կաց-Հասանով հանդիպումը եւ իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները քաղաքական տրամաբանությամբ չեն համատեղվում: Եթե, իհարկե, Իրանի եւ Իսրայելի «արյան վրեժխնդրությունը», որ տասնամյակներ ի վեր նրանք փոխադարձում են, ավելի մեծ, աշխարհաքաղաքական խաղի ծխածածկույթ չէ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Աղբյուրը՝ tiv1.am https://tiv1.am/251159.html?fbclid=IwY2xjawKZXvtleHRuA2FlbQIxMQABHtPEcyPqKc5B_WWpqDzK2W1XSfH_DFvxxw_cyvnRRklSs5GD8pPdsNmhcMnl_aem_qer7C9b5wjiw4LsBDdMTrg

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *