Եվրոպական փոքր չեզոք պետություններից Հայաստանի համար առավել ուսանելի և կիրառելի օրինակ է Ֆինլանդիան, քանի որ ի տարբերություն մյուս այդպիսի երկրների, որոնք վերջին տասնամյակներում չեն ունեցել անվտանգային անմիջական մարտահրավերներ, Ֆինլանդիան Ռուսաստանի Դաշնության հետ ունի անմիջական սահման և հակամարտության պատմություն։
Սոսի Թաթիկյան
(Մաս 1-ին)
Վերջերս Հայաստանի քաղաքական խոսույթում որպես արտաքին և անվտանգային քաղաքականության հնարավոր մոդել խոսվում է Ֆինլանդիայի մասին։ Նախկինում արծարծվում էին Իսրայելի ու Սինգապուրի մոդելները, իսկ Ֆինլանդիայի մոդելը Հայաստանում հետաքրքրություն է առաջացրել վերջին երկու տարում։
Ֆինլանդիայի մոդելը Հայաստանի քաղաքական խոսույթում արծարծվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրին (ՀԱՊԿ) անդամակցության հավանական դադարեցման և արտաքին ու անվտանգային քաղաքականության բազմազանեցման, մասնավորապես, Արևմուտքի հետ համագործակցության նշանակալից և շրջադարձային ներուժ ունեցող զարգացման շրջանակում։ Քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը (ՆԱՏՕ) Հայաստանի անդամակցության քննարկումն անհնարին է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, ապա ենթադրվում է, որ ՀԱՊԿ֊ից դուրս գալու պարագայում Հայաստանը կորդեգրի չեզոքություն, Եվրամիությանն անդամակցության կներկայացնի, իսկ անվտանգային առումով՝ կընդունի ոչ դաշնակցային կամ ոչ բլոկային պետության կարգավիճակ, ինչպիսին Ֆինլանդիան ուներ տասնամյակներ շարունակ՝ վերջերս ՆԱՏՕ֊ին անդամակցելուց առաջ։
Կարևոր է ընդգծել, որ ճիշտ չէ որևէ երկրի փորձ կրկնօրինակել այլ երկրի համար, մանավանդ այնպիսի բարդ ոլորտներում, ինչպիսիք են արտաքին ու անվտանգային քաղաքականությունը։ Անհնարին է գտնել երկու երկիր լիովին նույնանման իրավիճակում և նույնանման մարտահրավերներով, և ցանկացած փորձի հանդեպ պետք է կիրառել վերլուծական ու քննադատական մոտեցում։ Միաժամանակ, երկու երկրների իրավիճակի միջև որոշակի նմանությունների հիման վրա, հնարավոր է մատնանշել այլ երկրի փորձի առանձին տարրերը, դրանցից քաղել դրական ու բացասական դասեր, և դրանք հարմարեցնել սեփական երկրի յուրահատկություններին։
Ֆինլանդիան եվրոպական միակ երկիրը չէ, որն ունեցել է չեզոքության կարգավիճակ, մյուս երկրներն են Իռլանդիան, Շվեյցարիան, Ավստրիան, Մալթան և մինչև Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ֊ի անդամակցության հայտ ներկայացնելը՝ Շվեդիան [1]։ Այս բոլորը փոքր պետություններ են, որոնք չեզոքություն ընդունեցին անցյալ դարի համաշխարհային պատերազմներից հետո։ Պետք է նշել, որ այս պետություններից յուրաքանչյուրի որդեգրած չեզոքության հայեցակարգն ունի իր յուրահատկությունները։ Որպես փոքր պետություններ, այս երկրներն ունեն սահմանափակ ռեսուրսներ և կարողություններ, և չունեն բավարար ուժ կամ ազդեցություն այլ երկրների հետ իրենց հարաբերություններում, որը նրանց խոցելի է դարձնում մեծ պետությունների ճնշմանը՝ դժվարացնելով նրանց կողմից ինքնիշխան որոշումների կայացումը։ Փոքր պետությունների մեծամասնությունն ընտրել է ռիսկերը կառավարելու այլ ճանապարհ՝ դաշինքի կամ կոալիցիայի մաս դառնալը, որը կարող է արտահայտվել որևէ մեծ պետության պաշտպանությունը ձեռք բերելու և կամ էլ միջազգային ու տարածաշրջանային ազդեցիկ կառույցներից մեկին անդամակցության միջոցով: Միջազգային կառույցներից իրականում միայն ՆԱՏՕ֊ն է հավաքական անվտանգային և Աֆրիկյան Միությունն իր ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ միասին՝ խաղաղապահական գործառույթ կատարում իր անդամների համար, և հիմա Եվրամիությունն է ձգտում հասնել ռազմավարական ինքնավարության անվտանգության ոլորտում իր Անվտանգային և պաշտպանության ընդհանուր քաղաքականության միջոցով, իսկ ՀԱՊԿ֊ը ցույց է տվել իր սնանկությունը։
Եվրոպական փոքր չեզոք պետություններից Հայաստանի համար առավել ուսանելի և կիրառելի օրինակ է Ֆինլանդիան, քանի որ ի տարբերություն մյուս այդպիսի երկրների, որոնք վերջին տասնամյակներում չեն ունեցել անվտանգային անմիջական մարտահրավերներ, Ֆինլանդիան Ռուսաստանի Դաշնության հետ ունի անմիջական սահման և հակամարտության պատմություն։ Այդ հակամարտությունը ներառել է թե Կարելիայի համար տարածքային վեճ, և թե Ֆինլանդիայի ինքնիշխանության հանդեպ Ռուսաստանի կողմից վտանգ։ Ունենալով հանդերձ անվտանգային թե՛ կոնվենցիոնալ, թե՛ հիբրիդային մարտահրավերներ, և չունենալով շոշափելի աջակցություն որևէ դաշինքի կամ պետության կողմից, Ֆինլանդիան որդեգրեց չեզոքություն, նվազեցրեց Ռուսաստանից բխող վտանգները, զարգացրեց Արևմուտքի հետ հարաբերությունները ԵՄ֊ում ինտեգրման և իր անվտանգային ու պաշտպանական համակարգի փոխգործունակությունը ՆԱՏՕ֊ի անդամ երկրների հետ՝ Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում համագործակցության միջոցով։ Այդ ամենն աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում հնարավոր դարձրեց երբևէ ամենաարագ անդամակցումը ՆԱՏՕ-ին։
[Շարունակելի]
