Հարց է ծագում. որեւէ մեկը փորձե՞լ է Երեւանում գտնվող Լավրովի հետ հանդիպում ունենալ, այդ հարցով դիմե՞լ է Հայաստանում ՌԴ դեսպանին: Լավրովի այցի մասին հայտարարվել է վաղօրոք, նման հաղորդակցություն հաստատելու համար բավարար ժամանակ կար, բայց, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, Ստեփանակերտի քաղաքական վերնախավը Լավրովին «անհանգստացնելու» որեւէ քայլ չի ձեռնարկել:
Վահրամ Աթանեսյան
Մաս 72
Մայիսի 21-ն է: Երեւան է այցելել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա գլխավորած գերատեսչությունը 2023թվականի հունիս-հուլիս ամիսներին երկու անգամ ՌԻԱ-Նովոստի պետական լրատվական գործակալության միջոցով սպառնացել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանին, որ, իբր, փորձում է «Ռուսաստանի թիկունքում արեւմտյան միջնորդների աջակցությամբ սեպարատ բանակցություններ սկսել Բաքվի հետ»:
Այդ հայտարարություններում հստակ ընդգծված էր, որ Լեռնային Ղարաբաղում «գետնի վրա իրավիճակը հսկում է ՌԴ խաղաղապահ զորախումբը»,- ինչից պարզորոշ հասկացվում էր, որ քաղաքական որեւէ խնդիր կարող է քննարկվել միայն այն շրջանակներում, որ պատկերացնում է պաշտոնական Մոսկվան:
Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ բանակցությունների մի քանի փորձ իրոք արվել է, բայց Մոսկվայից հնչած սպառնալիքի առկայության պայմաններում Արցախի իշխանությունները հարկադրված եղան դադարեցնել արեւմտյան միջնորդների հետ շփումները: Առարկայական էր վտանգը, որ հակառակ դեպքում ռուսական զորախումբը կդադարեցնի պարենի նվազագույն քանակի ներկրումները: Բայց նույնիսկ այդ դեպքում Ռուսաստանը ոչ մի քայլ չձեռնարկեց, որպեսզի վերականգնի Լաչինի միջանցքի վերահսկողությունը, եւ կարգավորվի ԼՂ-Հայաստան հաղորդակցությունը:
2023 թվականի օգոստոսի 16-ին Արցախի նախագահին կից գործող հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքում կատարել է հետեւյալ գրառումը. «Այս փաստաթուղթն է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին: Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե իրականում ինչ է կատարվում»: Տիգրան Պետրոսյանը կից ներկայացրել է «Լավրովի պլանի» լուսապատճենը:
Այդ փաստաթուղթն ունի հետեւյալ անվանումը. «Ադր. ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքում Ադրբեջանական Հանրապետության օրենսդրության հիման վրա հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքները» եւ այլ բան չէ, քան մինչ մի քանի անգամ հնչեցրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահն, ինչ խոսք, այդ հրապարակումն արել է Արայիկ Հարությունյանի իմացությամբ, որպեսզի հանրությունը համոզվի, որ Ռուսաստանից ակնկալիքների մասին քաղաքական որոշ շրջանակներից տարածվող խոսակցությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ: «Ռուսաստանը մեզ երբեք չի լքի, Ադրբեջանի դեմ միայնակ չի թողնի» խոսույթը Ստեփանակերտում տարածում էին ՀՅԴ-ն, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակացությունները եւ նրանց հետ սերտորեն կապված հանրային շրջանակները:
Այդ իրադարձություններից անցել է գրեթե երեք տարի: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը Երեւան է ժամանել Արցախի կորստից հետո: Երեւանում է Արցախի քաղաքական վերնախավը, այստեղ են կուսակցությունների առաջնորդնեը, նրանց հարող հանրային դեմքերը, ովքեր անցած ժամանակահատվածում հասցրել են տարբեր ՀԿ-եր հիմնադրել, ձեւավորել «խորհուրդներ» եւ հանդես են գալիս որպես Արցախից բռնատեղահանված բնակչության իրավունքների պաշտպան:
Հարց է ծագում. որեւէ մեկը փորձե՞լ է Երեւանում գտնվող Լավրովի հետ հանդիպում ունենալ, այդ հարցով դիմե՞լ է Հայաստանում ՌԴ դեսպանին: Լավրովի այցի մասին հայտարարվել է վաղօրոք, նման հաղորդակցություն հաստատելու համար բավարար ժամանակ կար, բայց, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, Ստեփանակերտի քաղաքական վերնախավը Լավրովին «անհանգստացնելու» որեւէ քայլ չի ձեռնարկել:
Բայց դա, երեւի, չարյաց փոքրագույնը կլիներ, եթե հարկադրված չլինեինք արձանագրել մի կասկածելի երեւույթ. Լավրովը Երեւան է ժամանել մայիսի 20-ին՝ Արցախի նախագահի լիազորությունների ժամեկետի սպառման նախօրեին: Մինչ այդ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները տարբեր լրատվամիջոցների ասել են, որ խորհրդարանը կամ նոր նախագահ կընտրի, կամ Սամվել Շահրամանյանը կվերընտրվի, կամ կընդունվի իշխանության լիազորությունները երկարաձգելու մասին սահմանադրական որոշում:
Մայիսի 21-ին, որքան թույլ են տալիս տեղեկատվական հոսքերի դիտարկումները, Արցախի իշխանությունների լիազորությունները վերահաստատող որեւէ որոշում դեռեւս չի ընդունվել: Համենայն դեպս, նման տեղեկատվություն չի տարածվել: Չափազանց խորհրդանշական է, որ Լավրովի Երեւան այցը ժամանակի առումով համընկնում է Արցախի նախագահի լիազորությունների ավարտի օրվան, իսկ նոր որոշում չի ընդունվում:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան մի քանի անգամ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում, կորցրել է իր գործառնարական կարեւորությունը եւ պետք է լուծարվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Բայց Մինսկի խումբը չի կարող լուծարվել, քանի դեռ ԼՂ կարգավիճակի հարցը քննարկված չէ: Այդ քննարկումների սուբյեկտ է նաեւ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչը, տվյալ դեպքում՝ Սամվել Շահրամանյանը: Եթե մայիսի 21-ին ԵԱՀԿ կողմից ճանաչված՝ ԼՂ ընտրված ներկայացուցչի միջազգային մանդատը չվերահաստատվի, ապա պետք է ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիր ստորագվրվել է, որպեսզի ԼՂ միջազգային հարցը փակվի: Եւ դա Արցախի անկման մեծագույն գաղտնիքն է:
(Շարունակելի)
