Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Ըստ որոշ աղբյուրների, պետական միջոցներով ձեռք բերված գյուղտեխնիկայի զգալի մասը նույնիսկ տեղափոխվել է Ռուսաստանի հարավ՝ Ստավրոպոլի եւ Կրասնոդարի երկրամաս, որտեղ նախկին պաշտոնյաներն ունեն վարձակալած հողահանդակներ:

Վահրամ Աթանեսյան

Մաս 73

Հղում անելով միանգամայն վստահելի աղբյուրների, լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է, որ սեպտեմբերյան մեկօրյա պատերազմից հետո Ադրբեջանը պահանջել է, որ Արցախի հինգ նախկին պաշտոնյաների պետք է ձերբակալի՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Բաբայան եւ Կամո Վարդանյան: Վերջինս պատերազմի պահին հանդիսացել է Պաշտպանության բանակի հրամանատարը:

 Ինչպես ասվել է ավելի վաղ, Դավիթ Բաբայանը, որ հանդիսանում էր նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդականը, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկունի ներկայացել է ինքնակամ, ձերբակալվել եւ տեղափոխվել Բաքու: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Հակարիի անցակետը հատելու փորձի ժամանակ: Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը ձերբակալվել են Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի Ստեփանակերտի առանձնատանը: Կամո Վարդանյանը հոկտեմբերի 3-ին Սամվել Շահրամանյանի հետ ուղղաթիռով տեղափոխվել է Սիսիան:

Հարցազրույցներից մեկում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վկայել է, որ տարհանվող բնակչության հետ սեպտեմբերի 25-ի գիշերն անցել է Հակարիի անցակետը, որտեղ ադրբեջանական կողմը ոչ մեքենաներն է ստուգել, ոչ՝ ուղեւորների ինքնությունը: Հարցին, որ եթե, ասենք, նույն գիշերը Հակարիի անցակետում գտնվեր Բակո Սահակյանը, նրան չէի՞ն ստուգի, չէի՞ն ձերբակալի, Բաբայանը պատասխանել է. «Կարծում եմ՝ ոչ»: Բաբայանի այդ պնդումները ոչ ոք չի հերքել:

Ոչ ոք հստակ չի պատասխանել հարցին, թե Պաշտպանության բանակի գործող հրամանատար Կամո Վարդանյանի անունն ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում ու ու՞մ միջոնդությամբ է հանվել «ձերբակալման ենթակա անձանց» ցուցակից, եւ նա տեղափոխվել է Հայաստան: Պարզ չէ նաեւ, թե ինչու՞ ադրբեջանական կողմի ներկայացրած ցուցակում չընդգրկված՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Ազգային ժողովի գործող նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը նույնպես ձերբակալվել են, ինչպես նաեւ՝ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը կամ ինչու՞ Ռուբեն Վարդանյանի հետ ձերբակալվել է նաեւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը:

Եթե Եվլախի եւ հաջորդ օրվա՝ ռուսական զորախմբի հրամանատարության նստավայրի, բանակցություններում Դավիթ Մելքումյանը եւ Սերգեյ Մարտիրոսյանն Արցախի իշխանության անունից ադրբեջանական կողմին հավաստիացրել են, որ «ձերբակալության ենթակա անձինք» կմնան Ստեփանակերտում՝ մինչեւ խաղաղ բնակչությունն անվտանգ կտեղափոխվի Հայաստան, ապա նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ինչու՞ է փորձել ինքնուրույն հատել Հակարիի ադրբեջանական անցակետը:

Վարկածը, որ նա այդ օրերին գտնվել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում եւ նրա հետ կապվել չի հաջողվել, քննություն չի բռնում, որովհետեւ սեպտեմբերի 21-ի օրվա երկրորդ կեսին ինչպես Քոլատակի, այնպես էլ հարակից բոլոր գյուղերի խաղաղ բնակչությունը եւ աշխարհազորայինները կամ արդեն գտնվել են Ստեփանակերտում, կամ՝ օդանավակայանի տարածքում: Ընդ որում, մեկօրյա ռազմական գործողությունների հետեւանքով կտրված է եղել թե կապը, թե՝ էլեկտրամատակարարումը, իսկ հաջորդ օրերին դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհն արդեն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողությանը: Այդ պայմաններում Ռուբեն Վարդանյանը չէր կարող Քոլատակից անվտանգ հասնել Ստեփանակերտ, նրան կձերբակալեին հենց տեղում:

Փաստացի սեպտեմբերի 25-ից հետո Արցախի պետական ոչ մի կառույց այլեւս չի գործել՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների ծառայության, որ իրականցրել է զոհվածների մարմինների տարհանում: Իհարկե՝ ադրբեջանական կողմի համաձայնությամբ, առանձին դեպքերում՝ հակառակորդի համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ: Պետական կառավարման համակարգի կաթվածի պայմաններում պետական պաշտոնյաներից եւ համայնքի ղեկավարներից շատերը, ինչպես նաեւ առաձին գործարարներ կարողացել են հոգալ շարժական գույքը Հայաստան տեղափոխելու հարցերը:

Բռնատեղահանությանը հաջորդած առաջին ամիսներին այդ թեման ամենատարածվածն էր: Ականատեսները բազմաթիվ վկայություններ են տվել Արցախում հայտնի մի շարք անձանց մասին, որ Հայաստան են տեղափոխել իրենց պահեստներում եւ խանութներում առկա ապրանքները, տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ գյուղատնտեսական եւ շինարարական տեխնիկա: Ըստ որոշ աղբյուրների, պետական միջոցներով ձեռք բերված գյուղտեխնիկայի զգալի մասը նույնիսկ տեղափոխվել է Ռուսաստանի հարավ՝ Ստավրոպոլի եւ Կրասնոդարի երկրամաս, որտեղ նախկին պաշտոնյաներն ունեն վարձակալած հողահանդակներ: Ե՞բր եւ ի՞նչ հիմունքներով են Արցախի նախկին պաշտոնյաները գյուղատնտեսական ձեռնարկություններ հիմնադրել ՌԴ տարածքում, ու՞մ ենթակայությամբ են գործում՝ Արցախի բռնատեղահանության «փակ թղթապանակներից» մեկն էլ դա է:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *