Հայաստան

Ինչպես «Չմաքրել» Լավրովին

Փորձ է արվում Հայաստանի քաղաքացուն եւ Արցախից բռնատեղահանված մարդկանց ներշնչել, որ Ռուսաստանը «չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակված է, իսկ որպեսզի Մոսկվան վաղն այդ մասին բարձրաձայնելու հնարավոորւթյուն ունենա, Երեւանում պետք է գործի Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի ինստիտուտը»:

Վահրամ Աթանեսյան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցի ոչ միայն հանրային, այլեւ քաղաքական ընկալումները հիմնականում, մեղմ ասած, ոչ դրական են: Հատկապես ընդգծվում է, որ նա Ծիծեռնակաբերդ չի այցելել, ցեղասպանության զոհերի հիշատակն անձամբ չի հարգել, բավարարվել է իր անունից ծաղկեպսակ ուղարկելով: Այդ փաստը հայաստանյան «պատասխանատու մամուլը» ներկայացրել է որպես… Հայաստանի իշխանությունների նախաձեռնություն: Իբր, Նիկոլ Փաշինյանը վերջերս Տիրանայում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպում է ունեցել եւ «թույլ չի տվել, որ Լավրովը մթնոլորտ պղտորի»: ԱԳՆ-ն, սակայն, պարզաբանել է, որ Լավրովը Ծիծեռնակաբերդ այց չի նախատեսել:

Հանրության համար տարակուսելի էր այն, որ Ռուսաստանի արտգործնախարարը ռուս-հայկական համալսարանում հանդիպմանը ջերմ շփումներ է ունեցել բլոգեր Միկա Բադալյանի եւ Հայաստանի իշխանությունների դեմ տոտալ քարոզչություն իրականացնող այլ անձանց հետ՝ փաստացի բացահայտվելով որպես նրանց հովանավոր: Միջպետական հարաբերություններում նման երեւույթները համարվում են հյուրընկալող երկրի դեմ անհարգալի, ոչ բարեկամական վերաբերմունքի դրսեւորում: Եւ ոչ միայն բնական, այլեւ օրինաչափ է, որ Հայաստանի փորձագիտական հանրության բացարձակ մեծամասնությունը Լավրովին պատասխանում է ըստ արժանվույն:

Այս ֆոնին լրատվամիջոցներից մեկը «սեփական վստահելի աղբյուրներից» տեղեկացել է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները «թուլացրել են Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ ճնշումները»: Մասնավորապես, աղբյուրը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները չեն հակադարձել Արցախի «սահմաանդրության փոփոխությանը, Ազգային ժողովի նոր նախագահի ընտրությանը, չեն միջամտում առաջիկայում Արցախի նախագահի ընտրություն կազմակերպելու գործընթացին»:

Ո՞րն է այդ «աննախադեպ լոյալության» պատճառը: «Պաատսխանատու» լրատվամիջոցի աղբյուրի ասելով՝ Հայաստանի իշխանությունները Մոսկվայից զգուշացվել են, որ Արցախի իշխանության «մարմինները պետք է պահպանվեն»: Թե ինչու՞ այս «հավաստի տեղեկությունը» մամուլի սեփականություն է դարձել Լավրովի երեւանյան այցից հետո՝ հասկանալի է, ինչպես ռուսներն են ասում՝ անգամ ոզնուն: Փորձ է արվում Հայաստանի քաղաքացուն եւ Արցախից բռնատեղահանված մարդկանց ներշնչել, որ Ռուսաստանը «չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակված է, իսկ որպեսզի Մոսկվան վաղն այդ մասին բարձրաձայնելու հնարավոորւթյուն ունենա, Երեւանում պետք է գործի Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի ինստիտուտը»:

Ըստ երեւույթին, Լավրովն է այդ քարոզչական մատրիցայի հեղինակը, որ նա օգնականներից մեկի միջոցով փոխանցել է ինչ-որ մեկին, նա էլ «պատասխանատու» լրատվամիջոցին ներկայացել է որպես «Կրեմլի քաղաքական ծրագրավորումներին լավատեղյակ աղբյուր», եւ գործընթացը մեկնարկել է: Ասվածը, սակայն, առկա իրավիճակում չարյաց փոքրագույնը կլիներ: Շատ ավելի հավանական է, որ այդ քարոզչությունը հեղինակվել է հայաստանյան հայտնի շրջանակների կողմից եւ հասցեագրված է առաջին հերթին Արցախից բռնատեղահանված մարդկանց: Հայաստանում նախընտրական շրջան է, ընդդիմադիր ուժերն անցել են «հավաքագրման ռեժիմի»: Այս իրավիճակում նրանք գործում են «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով: Հայաստանում ապաստանած բռնատեղահանվածների ո՞ր մասն է քաղաքացիություն եւ այդպիսով խորհրդարանի ընտրություններին մասնակցելու իրավունք ստացել՝ վիճակագրական ստույգ տվյալներ հայտնի չեն: Բայց նրանց հարազատների, բարեկամների, ընկերների մի շատ զգալի մասը Հայաստանի քաղաքացի է, Երեւանում հաստատվել է տասնամյակներ առաջ եւ կարող է կողմնորոշվել ըստ Արցախի հարցում որեւէ կուսակցության դիրքորոշման:Այս իմաստով Ռուսաստանի «արցախափրկիչ» դերի քարոզչությունը թե մաքրում է Լավրովի երեւանյան «կեղտերը», թե հող գալիք ընտրություններին մարդկանց հավաքագրման հող նախապատրաստում: Այդպես են, երեւում է, որոշել ինստիտուցիոնալ ընդդիմության «ուղեղային կենտրոնները»: Եթե այդպես է, ապա նրանք ի սկզբանե պարտված են, որովհետեւ Հայաստանում Ռուսաստանի «փրկչական կերպարի» ժամանակը փակված է: Այդպես հնարավոր չէ Լավրովին մաքրել, այդպես նրա վրայի կեղտը միայն ավելանում է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Աղբյուրը՝ tiv1.am

https://tiv1.am/251573.html?fbclid=IwY2xjawKdJnJleHRuA2FlbQIxMQBicmlkETFhVlBFWFRmck02YU40eGZzAR4br3Meqr9Vwbww6kvafvGsxQCEVHnw88RwOdizonxwg0jKF0MyVCO2jejHfA_aem_pe7tTj1pzTMn0VLX78PcJA
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *