Հայաստան

Ի՞նչ Կարելի Է Անել, Իսկ Ինչ` Ոչ

Ֆինլանդիան հարկադրված էր իր տարածքի շուրջ տասը տոկոսը՝ Կարելիան և հարակից տարածքները զիջել Խորհրդային Ռուսաստանին, որպեսզի պահպաներ իր անկախությունը և չդառնար ԽՍՀՄ֊ի մաս։

Սոսի Թաթիկյան

(Մաս երկրորդ)

«Ֆինլանդացում» տերմինի բացատրությունը

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո և հատկապես Սառը պատերազմի ընթացքում՝ մինչև ՆԱՏՕ֊ին անդամակցելու ուղին բռնելը, Ֆինլանդիայի կողմից Ռուսաստանից բխող վտանգների կառավարումը որդեգրելու համար ընտրված քաղաքականությունն անվանվում էր «ֆինլանդացում»։ Այդ տերմինը ծագել է Արևմտյան Գերմանիայում 1960-1970 թթ. և օգտագործվել է ՆԱՏՕ-ի երկրների կողմից, սակայն վերջին տասնամյակներում Ֆինլանդիայում այդ տերմինը համարվել է վիրավորական, քանի որ, ըստ որոշ վերլուծաբանների, այն փաստացի համարժեք է եղել «վասալացման»։ Տերմինը կիրառվել է ոչ միայն Ֆինլանդիայի, այլև 1871-1940 թթ. Գերմանիայի հանդեպ Դանիայի և մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ Գերմանիայի հանդեպ Շվեյցարիայի քաղաքականությունը բնութագրելու համար։

Ֆինլանդացում» տերմինը նշանակում է, որ առավել հզոր ու մեծ երկրի հարկադրանքով առավել փոքր հարևան երկիրը չի ընդդիմանում առաջինի թելադրած արտաքին քաղաքականության կանոններին՝ իր ինքնիշխանությունն ու քաղաքական համակարգը պահպանելու դիմաց և մեծ երկրի շահերից ու մտահոգություններից ելնելով, այսինքն իրականում՝ որոշակի սպառնալիքների ներքո։ Ֆինլանդիան խուսափում էր սադրել Խորհրդային Ռուսաստանին և անտագոնիստական հարաբերություններ ունենալ վերջինիս հետ՝ ՆԱՏՕ-ի անդամակցություն չհետապնդելով, միաժամանակ հանդիսանալով արևմտյան քաղաքակրթության մաս և Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ զարգացնելով։

Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի սկզբում, որոշ վերլուծաբաններ առաջարկում էին Ուկրաինայի պոտենցիալ «չեզոքացում» կամ «ֆինլանդացում»` որպես պոտենցիալ անվտանգային երաշխիք ՆԱՏՕ֊ի ընդլայնման հետ կապված Ռուսաստանի մտահոգությունները փարատելու համար։ Սակայն, Ուկրաինան ու ՆԱՏՕ֊ի անդամների մեծ մասը հակադրվեցին այդ գաղափարին` հայտարարելով, որ ՆԱՏՕ֊ի անդամակցությունը տվյալ իրավիճակում Ուկրաինայի անվտանգության միակ երաշխիքն է։  

Խորհրդային Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև 1940֊ականների հակամարտությունը

Ֆինլանդիան ավելի քան հարյուր տարի ռուսական կայսրության մաս է կազմել՝ մինչև 1917-ի անկախության հռչակումը։ 1939-ին Նացիստական Գերմանիան և Խորհրդային Միությունը համաձայնեցին, որ Ֆինլանդիան պատկանում է ԽՍՀՄ֊ի ազդեցության գոտուն։ 1940-ի Ձմեռային պատերազմով ԽՍՀՄ-ը ներխուժել է Ֆինլանդիա՝ ձգտելով այն բռնազավթել, և գրավել է երկրի արևելքը, որից հետո կնքված մոսկովյան համաձայնագրով բնակչությունը տարհանվել է։ Նրանցից շատերը վերադարձան 1941-1944 թթ.՝ նացիստական Գերմանիայի հետ համագործակցությամբ հաջորդած պատերազմի ընթացքում, որի միջոցով Ֆինլանդիան փորձեց այդ տարածքները հետ ստանալ և պարտվեց։

Այդ երկու պատերազմների ընթացում 100,000 ֆին զոհվեց։ Ֆինլանդիան հարկադրված էր իր տարածքի շուրջ տասը տոկոսը՝ Կարելիան և հարակից տարածքները զիջել Խորհրդային Ռուսաստանին, որպեսզի պահպաներ իր անկախությունը և չդառնար ԽՍՀՄ֊ի մաս։ 1944-ի կնքված մոսկովյան զինադադարով Ֆինլանդիան ԽՍՀՄ-ի պահանջով տասն օրում ամբողջությամբ տարհանեց Ֆինլանդիայի բնակչության տասնմեկ տոկոս հանդիսացող 400.000 քաղաքացիների և ԽՍՀՄ-ին վճարեց մեծ ռազմատուգանք։ Դրան հաջորդեց 1948-ի համաձայնագիրը և Ֆինլանդիայի կողմից չեզոքության հռչակումը, որի արդյունքում ԽՍՀՄ֊ն ընդունեց Ֆինլանդիայի ինքնիշխանությունը, իսկ Ֆինլանդիան ընդունեց, որ ԽՍՀՄ֊ն ունի լեգիտիմ շահեր Բալթյան ծովում և մինչև անգամ բուն Ֆինլանդիայում։

Ռուսաստանն ու Ֆինլանդիան բազմիցս կրկնել են, որ երկու երկրների միջև բաց տարածքային վեճ չկա։ Կարելիայից սերող ֆինները հաջողությամբ ինտեգրվել են Ֆինլանդիայի բնակչության մեջ։ Ֆինլանդիայի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ երկու երկրների միջև սահմանը կարող է փոփոխվել խաղաղ բանակցությունների միջոցով, սակայն ակնհայտ է, որ ՌԴ-ն երբևէ չի արտահայտել այդ տարածքները վերադարձնելու ցանկություն։ 1994-ին Ելցինը հայտարարեց, որ «ֆիննական Կարելիայի գրավումը» Ստալինի տոտալիտարիզմի և ագրեսիվ քաղաքականության հետևանք էր, սակայն ավելի ուշ՝ 1997-ին, նա հայտարարեց, որ հարցը փակված է։ 2000-ին Պուտինը հայտարարեց, որ այդպիսի քննարկումները կարող են վնասել ռուս-ֆիննական հարաբերություններին, իսկ 2001-ին, որ սահմանների փոփոխությունը խնդիրների լուծման լավագույն ձևը չէ, սակայն հնարավոր լուծումներ կարող են լինել «ինտեգրումն ու համագործակցությունը»։ 2005-ին Լավրովը հայտարարեց, որ եթե ՌԴ-ին խնդրանք ներկայացվի այդ տարածքները վերադարձնելու վերաբերյալ, պատասխանը, միանշանակ, բացասական կլինի։

[Շարունակելի]

Աղբյուրը`

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *