Ալիևը COP29 միջոցառումը Ադրբեջանում կազմակերպելով ցանկանում էր կլիմայական երկխոսությունն օգտագործել նավթագազային գործարքների ընդլայնման համար, բայց իրականությունը շատ հստակ է․ բնությունը չի սիրում քաղաքական երկիմաստություն։ Այն չի բանակցում։ Այն պատժում է։
Մարի Ներսեսյան
Կլիմայի փոփոխությունը խափանում է Ադրբեջանի երազանքները
Մայիսի 25-ին Արաբական Միացյալ Էմիրությունները գրանցեց նոր ռեկորդային ջերմաստիճան՝ +51.6°C, ինչը երկրում երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է մայիս ամսվա համար։ Իսկ օրեր շարունակ ԱՄԷ-ն արդեն երկրորդ օրն անընդմեջ վերագրանցում էր իր ջերմային ռեկորդները։
Աշխարհի ամենաշոգ շրջաններից մեկում գտնվող այս նավթային պետությունը 2023-ին հյուրընկալում էր COP28 կլիմայական գագաթնաժողովը՝ խոստանալով առաջնորդել էներգետիկ անցումը։ Բայց այսօր հենց ինքն է դառնում կլիմայի փոփոխության անմիջական զոհը՝ սաստկացող ջերմային ալիքների, աննախադեպ շոգերի պայմաններում։
Այժմ հերթը Ադրբեջանինն է՝ COP29-ը հյուրընկալող հաջորդ նավթային պետությանը, որը փորձում էր կլիմայի շուրջ երկխոսությունը օգտագործել նավթագազային գործարքների խորացման համար։ Բայց հենց իր շրջակայքում բնությունը բառացիորեն նահանջում է՝ Կասպից ծովը սրընթաց ցամաքում է՝ սպառնալով տարածաշրջանի էկոլոգիական և տնտեսական համակարգերին։
Կասպից ծովի մակերեսը փոքրացել է մոտ 10 տոկոսով, իսկ բազմաթիվ ափամերձ տարածքներ, այդ թվում՝ ռազմավարական նշանակության նավահանգիստներ, արդեն վերածվել են ցամաքի։ Հատկապես վերջին տարիներին այս գործընթացը կտրուկ արագացել է, և այսօր Կասպից ծովը գտնվում է իր չորացման ամենաարագ փուլում՝ վերջին հարյուրամյակների ընթացքում։
Ջրի նահանջը հատկապես ծանր հետևանքներ է թողնում Բաքվի նավահանգստի վրա, որը Կասպից ծովի առանցքային հանգույցներից մեկ է։
Կասպից ծովի մակարդակը հասել է պատմական նվազագույնին, և առաջիկա տասնամյակներին այն կշարունակի նվազել։ Հիմնական պատճառը կլիմայի փոփոխությունն է, դրա հետ փոխկապակցված ջրի ինտենսիվ գոլորշիացումը, գետերի հոսքի նվազումը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Վոլգայից ավելացված ջրառը։
Բաքվի նավահանգստի վրա կենտրոնացած «Միջին միջանցք» նախագիծը, որը տարիներ շարունակ ներկայացվում էր որպես Չինաստան-Եվրոպա բեռնափոխադրումների նոր առանցք, առաջիկայում հնարավոր է կանգնի տնտեսական փլուզման եզրին, իսկ միլիարդավոր դոլարների ներդրումները հօդս ցնդեն։ Այս իրավիճակը արդեն սկսում է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի տնտեսական հեռանկարների և տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հավակնությունների վրա։
Հատկանշական է, որ Բաքուն տարիներ շարունակ կլիմայական օրակարգի շղարշի ներքո գործարկել է նավթագազային լոբբինգ՝ հայտարարելով, որ «նավթն ու գազը Աստծուց տրված պարգև են» և պետք է «առավելագույնս օգտագործել դրանք»՝ սակայն երբևէ լուրջ չվերաբերվելով կլիմայի փոփոխության հարցերին։
Կասպից ծովը դառնում է կլիմայական փոփոխության դասագրքային օրինակ և խորհրդանշան՝ պարադոքսալ կերպով հարվածելով այն պետությանը, որը իր եկամուտների մեծ մասը ստացել է հենց նավթ ու գազ վաճառելով, բայց այդ նույն նավթ ու գազ վաճառելու հետևանքով ստանալով ջրի կորուստ, որն էլ կարող է տնտեսական և աշխարհաքաղաքական ակնկալիքների փլուզման հանգեցնել։
Կասպից ծովի չորացումը նաև դառնում է Ռուսաստանի համար ազդեցության լծակ։ Չպետք է մոռանալ, որ Կասպից ծովը փակ ջրավազան է, և դրա հիմնական սնման աղբյուրը՝ ավելի քան 80 տոկոսը, գալիս է Վոլգա գետից։ Այդ նույն Վոլգան, որի վրա Ռուսաստանը վերջին տասնամյակներին կառուցել է հիդրոտեխնիկական գերհամակարգ՝ ամբարտակներ, ջրանցքներ, ոռոգման համակարգեր։
Եվ հենց այստեղ է թաքնված իրավիճակի քաղաքական բաղադրիչը։ Ռուսաստանը, որն արդեն ունի նախադեպեր՝ էներգետիկ ճնշման, գազային սպառնալիքների, այս անգամ էլ կարող է կիրառել ջրային լծակներ, եթե Ալիևը փորձի պահել չափից շատ ինքնուրույնություն կամ շեղվել Մոսկվային հաճելի կուրսից, չի բացառվում, որ Կասպից ծովի նվազեցող գիծը դառնա նաև քաղաքական ճնշման ավելացող գիծ։
Ալիևը COP29 միջոցառումը Ադրբեջանում կազմակերպելով ցանկանում էր կլիմայական երկխոսությունն օգտագործել նավթագազային գործարքների ընդլայնման համար, բայց իրականությունը շատ հստակ է․ բնությունը չի սիրում քաղաքական երկիմաստություն։ Այն չի բանակցում։ Այն պատժում է։
Մարի Ներսեսյան
Աղբյուրը՝MediaLab.am
