5,5 միլիոնանոց երկրում Ֆինլանդիան ապահովեց 280․000֊անոց զինված ուժեր և ռազմական պատրաստություն անցած 900.000 պահեստազորայիններ։ Ֆինլանդիան իր համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը ծախսում էր պաշտպանության վրա, որն ավելի բարձր էր, քան ՆԱՏՕ-ի անդամների մեծ մասինը։
Սոսի Թաթիկյան
Մաս երրորդ
Ֆինլանդիայի չեզոքությունը Սառը պատերազմի ընթացքում և դրանից հետո
Սառը պատերազմի ժամանակ Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ զգուշորեն փորձել է ՌԴ-ի հետ պահպանել չեզոքություն և կառուցողական երկկողմ տնտեսական հարաբերություններ, որն էլ «ֆինլանդացման» քաղաքականության դրսևորումներից էր։
Սառը պատերազմի ավարտից հետո Ֆինլանդիայի իշխանությունները սկսեցին վարել երկակի անվտանգային ռազմավարություն. մի կողմից նրանք պահպանում էին Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները, մյուս կողմից՝ ամրապնդում էին ազգային պաշտպանությունը։ Ֆինլանդիան հաջողությամբ զարգացրեց տարածքային ինքնապաշտպանության հայեցակարգը՝ որպես չեզոքության քաղաքականության բաղադրիչ։ Եթե Արևելյան Եվրոպայում հիմնականում հիմնվում էին ԱՄՆ-ի կողմից պաշտպանություն ստանալու ակնկալիքի վրա, ապա Ֆինլանդիան հենվում էր ինքնապաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հայեցակարգերի վրա։ 5,5 միլիոնանոց երկրում Ֆինլանդիան ապահովեց 280․000֊անոց զինված ուժեր և ռազմական պատրաստություն անցած 900.000 պահեստազորայիններ։ Ֆինլանդիան իր համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը ծախսում էր պաշտպանության վրա, որն ավելի բարձր էր, քան ՆԱՏՕ-ի անդամների մեծ մասինը։
Ֆինլանդիան ԵՄ-ին միացավ 1995-ին, իսկ 2009-ին Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի ու Իսլանդիայի հետ միասին միացավ Հյուսիսային պաշտպանության համագործակցությանը։ Ֆինլանդիան աստիճանաբար, սակայն հետևողականորեն ինտեգրվեց արևմտյան անվտանգային և պաշտպանական համակարգի մեջ՝ սկանդինավյան և բալթյան երկրների հետ ակտիվ համագործակցության և ՆԱՏՕ ԳՀԽ֊ի ու ԵՄ֊յան Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության մեխանիզմների միջոցով։
Ռուսաստանը չհակադրվեց ԵՄ֊ին Ֆինլանդիայի անդամակցությանը, միաժամանակ փորձելով բալթյան տարածաշրջանում պահպանել իր ազդեցությունը։ Ռուսաստանի մարտավարությունն էր պաշտոնական հռետորաբանության մակարդակում խոսել դրական հարևանության և բարի դրացիական հարաբերությունների մասին, սակայն դրանց լուսանցքներում Ֆինլանդիային հասկացնել, որ այդ հարաբերությունները պահպանելու համար Ֆինլանդիան պետք է իրեն պահի «պատասխանատու», այսինքն չվնասի Ռուսաստանի շահերը։ ՌԴ-ի կողմից հիբրիդային մեթոդների կիրառումը սկսվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից, սակայն տերմինը գոյություն չուներ, կոչվում էին «ակտիվ միջոցներ», որոնք ներառում էին ապատեղեկատվությունը և Արևմուտքում այն տարածող կազմակերպությունների ստեղծումը։ Ժամանակի հետ այդ քաղաքականությունն ու դրա գործիքակազմն առավել հարստացավ։
Ավանդաբար, ֆին քաղաքական գործիչները Ռուսաստանի մասին չէին խոսում որպես անվտանգային սպառնալիք, դա որպես թեմա տաբու էր։ Այնուամենայնիվ, Ֆինլանդիան վերջին երեք տասնամյակում աչալուրջ հետևում էր Ռուսաստանի քայլերին և չէր բացառում Ռուսաստանի՝ անվտանգության սպառնալիք դառնալու դեպքում ՆԱՏՕ-ին անդամակցելու պահեստային տարբերակը։
Աղբյուրը`
