Բաքվի եւ Ստեփանակերտի միջև ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-21-ի «բանակցություններում»՝ ոչ ոք չի հրապարակել: Կայուն տպավորություն է, որ Ադրբեջանը ներկայացրել է ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական անվերապահ կապիտուլյացիայի պահանջ, որը Սամվել Շահրամանյանի եւ ԼՂՀ նախկին երեք նախագահների կողմից միանշանակորեն ընդունվել է:
Վահրամ Աթանեսյան
Մաս 73
Արցախի իշխանության վերջին ներկայացուցիչները Ստեփանակերտից Երեւան են հասել 2023 թվականի հոկտեմբերի 3-ին: Ըստ հավաստի տեղեկությունների, նրանք Ստեփանակերտից ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող ուղղաթիռով հասել են մինչեւ Սիսիան: Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռը Սիսիան է հասցրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին եւ Պաշտպանության բանակի՝ այդ պահի դրությամբ արդեն նախկին հրամանատար Կամո Վարդանյանին, ինչպես նաեւ Սամվել Շահրամանյանի թիկնազորի երկու անդամի:
Արցախի ուժային կառույցների մյուս ղեկավարները՝ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը եւ ԱԱԾ վերջին տնօրեն Արարատ Մելքումյանը նույն օրը Հայաստան են տեղափոխվել ցամաքային ճանապարհով՝ հատելով Հակարիի ադրբեջանական անցակետը:
Վստահելի աղբյուրների տեղեկացվածությամբ՝ գեներալ Վիտալի Բալասանյանը, որ մինչեւ Ադրբեջանի կողմից ահաբեկչական պատերազմի սանձազերծումը Լեռնային Ղարաբաղի միակ նախկին պաշտոնյան էր, ում ռուսական զորախումբը թույլատրել էր վարել ռուսական պետհամարանիշներով անձնական օգտագործման մեքենա, փորձել է ապաստանել Ասկերան քաղաքի իր սեփական առանձնատանը:
Այդ օրերին հայաստանյան մամուլը տարածել է Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, որ Արցախից հեռանալու ոչ մի մտադրություն չունի, գտնվում է Ասկերանի իր հայրական տանը եւ մտադրված է մնացած ամբողջ կյանքն ապրել Լեռնային Ղարաբաղում: Հայաստանյան մամուլը նույն օրերին վարկած էր տարածել, որ ռազմաճակատի հյուսիսային ուղղության զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը նույնպես Լեռնային Ղարաբաղը լքելու մտադրություն չունի եւ «շարունակում է զինված դիմադրությունը»:
Իրազեկ շրջանակների ասելով՝ Վիտալի Բալասանյանը սեպտեմբերի վերջին Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Ասկերանի իր առանձնատանը, որտեղ նա միայնակ էր, ձերբակալվել եւ տեղափոխել է Եվլախ: Վիտալի Բալասանյանը մեկ օր անց տեղափոխվել է Հակարիի անցակետ, որտեղ նրան, ինչպես իրազեկ աղբյուրներն են վկայում, ավտոմեքենայից իջեցրել են եւ թույլատրել, որ հետիոտն անցնի ադրբեջանական անցակետը եւ անցնի Հայաստան:
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղության զորամասի հրամանատար Կարեն Ջիլավյանը Հակարիի անցակետը հատել է ավելի վաղ՝ առանց ադրբեջանական կողմից որեւէ խոչընդոտի: Ականատեսների վկայությամբ՝ գնդապետ Կարեն Ջալավյանը սեպտեմբերի 30-ին առողջական խնդիրներ ունենալու հանգամանքով ներկայացել է Գորիսի բուժհաստատություն, որտեղ նրան հիպերտոնիկ կրիզի հաղթահարման նպատակով ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:
Թե ու՞մ եւ ինչու՞ էր պետք, որպեսզի «մահապարտ հերոսի» կերպար վերագրվի Վիտալի Բալասանյանին եւ Կարեն Ջալավյանին՝ առ այսօր մնում է տեղեկատվա-քարոզչական գաղտնիք: Իրողություն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը Հակարիի ադրբեջանական անցակետը հատել են ԼՂՀ Պաշտպանության բանակի տասնյակ բարձրաստիճան սպաներ, ինչպես նաեւ նախկինում Արցախի ուժային կառույցների մի քանի ղեկավարներ:
Այդ հարցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն, ըստ երեւույթին, կարողացել է Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ հասնել սկզբունքային պայմանավորվածության:
Ստեփանակերտի որոշ աղբյուրներ վկայում են, որ Սամվել Շահրամանյանի հետ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել շնորհիվ նրա, որ ադրբեջանական կողմից բանագնաց է հանդիսացել ՌԴ ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցում նրա հետ միաժամանակ վերապատրաստում անցած ադրբեջանցի մի բարձրաստիճան հակահետախույզ, որի ինքնությունը, ցավոք, մնում է չբացահայտված:
Բաքվի եւ Ստեփանակերտի միջև ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-21-ի «բանակցություններում»՝ ոչ ոք չի հրապարակել: Կայուն տպավորություն է, որ Ադրբեջանը ներկայացրել է ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական անվերապահ կապիտուլյացիայի պահանջ, որը Սամվել Շահրամանյանի եւ ԼՂՀ նախկին երեք նախագահների կողմից միանշանակորեն ընդունվել է: Գաղտնիք է մնում հարցը, թե մինչ այդ հնարավոր չէ՞ր նույն պահանջներն ընդունել եւ խուսափել ավելի քան հինգ հարյուր նոր զոհերից:
(Շարունակելի)
