Ղազախստանը ՀԱՊԿ‑ի հիմնադիր պետություն է, իսկ այդ կազմակերպության անդամները, որպես կանոն, զինծառայողների կրթության, վերապատրաստման, մասնագիտական ունակությունների կատարելագործման հարցերում նախապատվությունը տալիս են Ռուսաստանի Դաշնության ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններին, առաջին հերթին՝ Գլխավոր շտաբի ակադեմիային:
Վահրամ Աթանեսյան
Հունիսի 4‑ին Ղազախստանի Սենատը հավանություն է տվել կառավարության նախաձեռնած՝ «Տարածքային պաշտպանության մասին» օրենքին: Այն նախատեսում է ստեղծել «տեղական ինքնապաշտպանության զինված կազմավորումներ», որ կենթարկվեն կառավարությանը եւ երկրի նախագահին: Կառավարությունը հիմնավորել է, որ տարածաշրջանում եւ նրա շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները լիովին կանխատեսելի չեն, Զինված ուժերին զուգահեռ բնակչության անվտանգության ապահովման այլ կառույցների ստեղծման անհրաժեշտություն կա: Օրենքը նաեւ թույլ է տալիս հավաքագրել կամավորականների, որոնք ըստ անհրաժեշտության կարող են ներառնվել Զինված ուժերում եւ կատարել մարտական առաջադրանքներ: Նման օրենքի ընդունումը վկայում է, որ Ղազախստանը հավանական է համարում արտաքին ագրեսիան կամ ներքին անկայունության հրահրումը, երբ հարկ կլինի գործի դնել տեղական ինքնապաշտպանության համակարգը: Ուշագրավ է, որ Ղազախստանի Սենատը «Տարածքային պաշտպանության մասին» օրենքը քվեարկել է երկրի նախկին նախագահ Նազարբաեւի Մոսկվա այցից երկու օր հետո: Նազարբաեւը Կրեմլում փակ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հունիսի 6‑ին հայտնի է դարձել, որ Ղազախստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Լոնդոն, որտեղ բրիտանական կողմի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել: Kazinfo‑ի փոխանցմամբ, փաստաթուղթը նախատեսում է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները հաստատում են 2025–2026 թվականների համագործակցության ծրագիրը:
Մամուլին բրիտանա-ղազախստանյան ռազմական համագործակցության ծրագրի մանրամասնությունները հայտնի չեն: Հրապարակային տեղեկատվությունը վերաբերում է խաղաղապահ առաքելության, լեզվական ուսուցման եւ Մեծ Բրիտանիայի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում ղազախստանցի զինվորականների կրթության ոլորտներում համագործակցությանը:
Այս համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կապ ունի «Տարածքային պաշտպանության մասին» օրենքի ընդունման հետ: Ղազախստանը փաստացի ձեռնամուխ է եղել «այլընտրանքային զինված ուժերի» ստեղծման ծրագրի իրականացմանը, որ առաջին հերթին պահանջում է զինվորական նոր կադրեր: Եւ եթե այդ բնագավառում Աստանան նախապատվություն է տալիս Մեծ Բրիտանիայի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պետք է ենթադրել, որ Տոկաեւի «տեղական պաշտպանության բանակը» կազմավորվում է աշխարհաքաղաքական ավելի լուրջ դերակատարության նկատառմամբ:
Ղազախստանը ՀԱՊԿ‑ի հիմնադիր պետություն է, իսկ այդ կազմակերպության անդամները, որպես կանոն, զինծառայողների կրթության, վերապատրաստման, մասնագիտական ունակությունների կատարելագործման հարցերում նախապատվությունը տալիս են Ռուսաստանի Դաշնության ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններին, առաջին հերթին՝ Գլխավոր շտաբի ակադեմիային:
Մեծ Բրիտանիայի հետ ռազմական կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, չի ենթադրում, որ այդ ոլորտում Ղազախստանը Ռուսաստանի հետ կապերը խզում է կամ գործող համաձայնությունները չեղարկում է, բայց փաստը խոսուն է: Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Մոսկվան մշտապես կարեւորում է Կիեւին Լոնդոնի աջակցությունը, բրիտանական կողմին մեղադրում, որ ճնշում է գործադրել եւ Ուկրաինայի նախագահին ետ պահել 2022 թվականին Ստամբուլում «նախաստորագրած փաստաթուղթը» վավերացնելուց: ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը վերջին ամիսներին առնվազն երեք հաղորդագրությամբ Մեծ Բրիտանիային մեղադրել է Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի դեմ գործելու մեջ:
Այս համատեքստում բրիտանա-ղազախստանյան ռազմական համագործակցությունը չի կարող չհարուցել Մոսկվայի դժգոհությունը: Ի՞նչէ ծրագրում Ղազախստանի նախագահ Տոկաեւը: Աշխարհաքաղաքական զարգացումների վերլուծությունը թելադրում է, որ Աստանան դիստանցավորվի՞ ՀԱՊԿ-ից:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Աղբյուրը՝ tiv1.amhttps://tiv1.am/252980.html?fbclid=IwQ0xDSwKw7HNleHRuA2FlbQIxMQABHnytUFSkMnDtcnQ9RhotRlt9UnN21dI6Ca2rn3Y6swBA36esoP7Yc_00bEQ7_aem_dHjc4O4xYNUZcYhc0rfwXA
