Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Կրիվոպուսկովը հասկացնում է, որ առաջին հանդիպման արդյունքներով իրեն չի հաջողվել այնքան վստահություն ձեռք բերել, որպեսզի նույն «կոմերիտական համայնքի անդամ» Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն իրենց անվտանգությունը վերապահեին ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետին: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 5 

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման անհրաժեշտությունը ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետ Վիկտոր Կրիվոպուսկովը բացատրում է այնպես, որ անհրաժեշտություն կար պարզելու, թե որքանո՞վ են անհամատեղելի ԼՂ խնդրի մասին իր եւ նրանց պատկերացումները, հնարավո՞ր է երկխոսություն սկսել եւ «հակամարտությունը կարգավորել իրավական հիմքով», ինչպե՞ս են նրանք գնահատում ստեղծված իրավիճակը, ի՞նչ ելք են առաջարկում: Նա խոստովանում է, որ այդ հանդիպման համար ինքը մեծ պատասխանատվություն է վերցրել, քանի որ կախված արդյունքներից՝ պետք է որոշեր ծառայողական հետագա քայլերը եւ «սխալվել չէր կարելի»: 

Այստեղ հեղինակը կատարում է բացառիկ միջարկություն. «Ես, թերեւս կյանքում առաջին անգամ, ինձ զգում եմ Ռուսաստանի դեսպանորդ: Գաղտնի: Համարյա թե գաղտնի»: ԽՍՀՄ ՆԳ նախարարության բարձրաստիճան սպայի համար այդ խոստովանությունը տարիների հեռվից բացահայտում է նրա առաքելության բուն իմաստը՝ Լեռնային Ղարաբաղում ներդնել եւ ամրապնդել այն տեսակետը, որ ղարաբաղյան հարցը պատմականորեն Ռուսաստանի տիրույթում է: «Նախաբաղնիքային» այդ հանդիպման մասին Կրիվոպուսկովը ժլատ տեղեկություններ է փոխանցում, զրուցակիցներից որեւէ մեջբերում չի անում: Բնութագրական է, որ նա Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին անվանում է «կոմերիտական մեծ գերդաստանի անդամներ» եւ բացահայտում, որ ինքը  կոմիերտմիությունից է ծառայության անցել ներքին գործերի նախարարության համակարգում: 

Ինչ վերաբերում է Արկադի Ղուկասյանին, ապա Կրիվոպուսկովը հանրայնացնում է, որ այդ ժամանակ նա մարզային «ռուսալեզու թերթի խմբագրի տեղակալն էր» եւ, ի տարբերություն Քոչարյանի ու Սարգսյանի՝ «աչքի էր ընկնում բնավորության աշխուժությամբ»: Երբ հանդիպումն ավարտվում է մեկ-երկու բաժակ թթի օղու «ընկերակցությամբ», ծագում է զրուցակիցներին տուն հասցնելու խնդիր. Ստեփանակերտում պարետային ժամ էր եւ «Ադրբեջանի հատուկ ծառայությունները շատ բան կտային նրանցից որեւէ մեկին ձերբակալելու համար: Կրիվոպուսկովն ասում է, որ ՆԳ Ստեփանակերտի քաղբաժնի պետի տեղակալ Մավրեն Գրիգորյանը «ծառայողական ավտոմեքենայով էր, որ ուներ պարետ Սաֆոնովի ստորագրությամբ «առանց ստուգման ենթարկելու» անցաթուղթ»: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հրաժարվում են օգտվել Մավրեն Գրիգորյանի ծառայությունից՝ պատճառաբանելով, որ «երկու քայլի վրա են ապրում եւ տուն կհասնեն զարտուղի նրբանցքներով»: Իսկ Արկադի Ղուկասյանը, որ «բնակվում էր քաղաքի հակառակ ծայրում, համաձայնում է»: 

Ըստ էության, Կրիվոպուսկովը հասկացնում է, որ առաջին հանդիպման արդյունքներով իրեն չի հաջողվել այնքան վստահություն ձեռք բերել, որպեսզի նույն «կոմերիտական համայնքի անդամ» Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն իրենց անվտանգությունը վերապահեին ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետին: Որքանով հասկացվում է՝ Արկադի Ղուկասյանին տուն ուղեկցելուց հետո Կրիվոպուսկովը վերադառնում է «բաղնիքի շենք», որի վերջին շքամուտքի մեկ սենյականոց բնակարանում «ողջ գիշեր Զորի Բալայանը ետ ու առաջ է քայլել»: 

Նա, ցավոք, չի ասում, թե հանդիպումից ինչ տպավորություններ է փոխանցել Զորի Բալայանին: Ընդամենը հասկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ առաջին խոսակցությունը ծառայողական հետագա գործունեության համար «օգտակար էր»: Ո՞րն է դա՝ կփորձենք հասկանալ հետագա իրադարձություններից:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *