Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Գրքի «գեղարվեստական պատումը» չի ծածկում իրականությունը. Կրիվոպուսկովը Մոսկվայից Ստեփանակերտ է գործուղվել որպես Պոլյանիչկոյի մտերիմ եւ փաստացի հանդիսացել է նրա հանձնակատար, ինչը քննչական խմբի ղեկավար Գուդկովի կողմից ընդունվել է սառնությամբ: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 6 

«Խռովահույզ Ղարաբաղ» գրքի մի հատուկ գլուխ հեղինակը նվիրել է ԼՂԻՄ-ում Ադրբեջանի Կազմկոմիտեի նախագահ Վիկտոր Պոլյանիչկոյին: Այստեղ աչքի է զարնում նրա խոստովանությունը, որ Պոլյանիչկոյին գիտեր վաղուց՝ կողմերի միությունում համատեղ աշխատանքի «երիտասարդական տարիներից»: Խորհրդային Միությունում կոմերիտմիությունը ոչ միայն կոմունիստական կուսակցության, այլեւ ՊԱԿ-ի հուսալի դպրոցն էր: Բավական է հիշել, որ ԽՍՀՄ ՊԱԿ-ի երկու նախագահներ՝ Ալեքսադր Շելեպինը եւ Վլադիմիր Սեմիչաստնին այդ պաշտոնին են նշանակվել ՀամԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղարի փորձաքննությունն անցնելուց հետո: 

Ե՞րբ է Ստեփանակերտում տեղի ունեցել Պոլյանիչկո-Կրիվոպուսկով առաջին հանդիպումը՝ հեղինակը չի նշում, միայն ասում է, որ դա «աշխատանքային խոսակցություն էր», ընդ որում՝  ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի ղեկավար Գուդկովի մասնակցությամբ: Հեղինակը խոստավանում է, որ ԼՂ հարցում Պոլյանիչկոյի դիրքորոշումն «անզիջում եւ կոշտ էր»: Նա գտնում էր, որ Շարժման առաջնորդները պետք է ձերբակալվեն, ենթարկվեն հրապարակային դատի, որպեսզի «ժողովուրդն իմանա նրանց իրական նպատակները»: Ավելի համեստ դեմքերի դեպքում Պոլյանիչկոյի մոտեցումն այն էր, որ «նրանք պետք է Լեռնային Ղարաբաղից գրողի ծոցն աքսորվեն»:

Խոսքն, իհարկե, վերաբերում է բացառապես հայ գործիչներին եւ «ազգայնական-պաշտոնամոլներին»: Այդ շարքում, ինչպես Կրիվոպուսկովն է վկայում, Պոլյանիչկոն հատուկ առանձնացնում է Զորի Բալայանին՝ նրան համարելով «դիմակայության գլխավոր կազմակերպիչ եւ իրավիճակի կայունացման խոչընդոտ»: Այդ հանդիպման ավարտին Պոլյանիչկոն գեներալ Սաֆոնովին հանձնարարում է «համակողմանի աջակցություն ցուցաբերել օպերատիվ-քննչական խմբին», ինչպես նաեւ «խնդրում», որ իրեն ամենօրյա զեկուցեն «կատարված աշխատանքների եւ ծրագրվող գործողությունների մասին»: 

Ըստ Կրիվոպուսկովի,  հանդիպումից հետո երբ ինքը քննչական խմբի ղեկավար Գուդկովին հարցնում է, թե ի՞նչ կարող է խնդրել Պոլյանիչկոյից, ստանում է «թունոտ պատասխան», որ իրենք ներկայացնում են ԽՍՀՄ ՆԳՆ, ադրբեջանական իշխանություններին հաշվետու չեն, ուստի եւ նրանց աջակցության կարիքը չունեն: Գրքի «գեղարվեստական պատումը» չի ծածկում իրականությունը. Կրիվոպուսկովը Մոսկվայից Ստեփանակերտ է գործուղվել որպես Պոլյանիչկոյի մտերիմ եւ փաստացի հանդիսացել է նրա հանձնակատար, ինչը քննչական խմբի ղեկավար Գուդկովի կողմից ընդունվել է սառնությամբ: 

Այդ իրադարձությունները ծավալվել են Մոսկվայում ՆԳ նախարարի փոփոխության համատեքստում. Բակատինի փոխարեն ներքին գործերի նախարար է նշանակվել Բորիս Պուգոն: Վերջինս նույնպես նախկին կոմիերիտական պաշտոնյա էր, Վիկտոր Պոլյանիչկոյի մտերիմը: Կրիվոպուսկովն, իհարկե, միտումնավոր խախտել է ստեփանակերտյան հանդիպումների ժամանակագրությունը՝ տպավորություն ստեղծելու, թե Զորի Բալայանի, իսկ այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ «նախաբաղնիքային խոսակցություն» է ունեցել Վիկտոր Պոլյանիչկոյի հետ հանդիպումից առաջ, բայց տրամաբանությունը հուշում է, որ նա ԼՂԻՄ-ում Ադրբեջանի Կազմկոմիտեի նախագահին ներկայացել է Մոսկվայից ունեցած հանձնարարությամբ՝ Ստեփանակերտ հասնելուց մի քանի օր հետո: Նա խոստովանում է, որ մասնակցել է Կազմկոմիտեի նիստերին, ինչպես նաեւ Արտակարգ դրության շրջանի զինվորական պարետի հրավիրած խորհրդակցություններին: 

Միամտություն կլինի ենթադրել, թե նա այդ կարեւոր քննարկումներին ներկա է գտնվել սեփական նախաձեռնությամբ: Վերաշարադրելով ԼՂ «կարգավորման» Պոլյանիչկոյի ներկայացրած մոտեցումները, հեղինակը փաստացի վկայում է, որ դեռեւս 1990 թվականի աշնանը խորհրդային հատուկ ծառայությունները, ներքին գործերի նախարարությունը եւ Ադրբեջանի իշխանությունները քննարկել են Արցախում ընդգրկուն պատժիչ գործողություն իրականացնելու, Շարժման «ազգայնական-պաշտոնամոլ» առաջնորդներին ձերբակալելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, մյուսներին «գրողի ծոցն ուղարկելու» ծրագիր: Առաջին քայլը կատարվել է Մարտակերտի շրջանի Քաջավան բնակավայրում՝ 1990 թվականի հոկտեմբերի լույս  24-ի գիշերը: Ընդ որում, ռազմագործողությանը ներգրավվել է Ռիգայի հատուկ նշանակության զորախումբը: Դա ակնհայտորեն հետապնդում էր հայ հանրությունը Մերձբալթյան հանրապետությունների դեմ կանխատրամադրելու նպատակ: 

Ի՞նչ աշխատանք է կատարել Վիկտոր Կրիվոպուսկովը, որպեսզի ԼՂ հանրային գործիչների շրջանում ամրապնդվի «միայն Ռուսաստանից կա փրկություն» գաղափարա-քաղաքական հայեցակարգը՝ մնում է միայն ենթադրել: Կարելի է ենթադրել, որ խորհրդային հատուկ ծառայությունները նպատակադրված էին հեղինակազրկելու նաեւ Հայաստանի նոր իշխանություններին եւ անիրականանալի ներկայացնելու Երեւան-Ստեփանակերտ ընդհանրությունը: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *