Ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ հանգամանքներում է ծրագրվել Քաջավանի ոչնչացման օպերատիվ ծրագիրը՝ հայտնի չէ: Մենք միայն գիտենք, որ այն իրականացրել է ԽՍՀՄ ՆԳ ներքին զորքերի Ռիգայի հատուկ նշանակության զորաջոկատը: Այդ ռազմագործողությանն ադրբեջանական կողմի մասնակցության մասին տեղեկություններ չկան:
Վահրամ Աթանեսյան
Մաս 7
Եւ այսպես, փաստ է, որ ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի եւ Ռիգայի հատուկ նշանակության ջոկատի Լեռնային Ղարաբաղ հասնելուց մեկ շաբաթ անց՝ 1990 թվականի հոկտեմբերի լույս 24-ի գիշերը կազմակերպվել եւ իրականացվել է Մարտակերտի շրջանի Քաջավան բնակավայրի խաղաղ բնակչության բռնատեղահանությունը եւ տեղական ինքնապաշտպանական ուժերի ավելի քան մեկ տասնյակ մարտիկների ձերբակալությունը: Այդ բնակավայրը ստեղծվել էր Մարտակերտի շրջանի գործադիր իշխանության որոշումով՝ Ջանյաթաղի պետական տնտեսության բանավանի հիմքի վրա, որտեղ մինչ այդ գործում էր նաեւ խաղողի նախնական վերամշակման եւ գինեհումքի պահեստավորման ձեռնարկություն:
Բնակավայրը երեք կողմից շրջապատված էր ադրբեջանական Գյուլլիջա, Շոթլանլու եւ Բաշ-Քարվենդ գյուղերով, որտեղից խաղողի այգիները ենթարկվում էին ավարառության: Քաջավանում մշտական բնակչության հաստատումն, ըստ էության, ազդակ էր, որ Մարտակերտի շրջանի իշխանությունները տեր են կանգնում հայրենի հողին: Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել մի խումբ երիտասարդներ, որ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողներ էին եւ Շարժման առաջին ցույցերի ու հանրահավաքների եռանդուն մասնակիցներ: Քաղաքական համոզմունքներով նրանք հարում էին ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությանը եւ, ըստ էության, ՀՅԴ համակիրներ էին: Մարտակերտի շրջգործկոմի նախագահ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վահան Գաբրիելյանի եւ երիտասարդական այդ խմբի համագործակցությունը ԼեռնայինՂարաբաղում կարող էր քաղաքական իրավիճակ փոխել:
Ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ հանգամանքներում է ծրագրվել Քաջավանի ոչնչացման օպերատիվ ծրագիրը՝ հայտնի չէ: Մենք միայն գիտենք, որ այն իրականացրել է ԽՍՀՄ ՆԳ ներքին զորքերի Ռիգայի հատուկ նշանակության զորաջոկատը: Այդ ռազմագործողությանն ադրբեջանական կողմի մասնակցության մասին տեղեկություններ չկան: Հայտնի է նաեւ, որ ձերբակալված բոլոր տղամարդիկ նույն գիշերը տեղափոխվել են Ստեփանակերտի այսպես կոչված՝ «զտման կետ»: Նախնական հարցաքննությունից հետո շուրջ երեսուն տղամարդ ազատ է արձակվել, մնացածներին, այդ թվում՝ Նորայր Դանիելյանին, տեղափոխել են Շուշիի, ապա՝ Բաքվի «Շուվելյան» բանտ:
«Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակն, իհարկե, այդ մասին ոչինչ չի ասում: Բնականաբար, նա չի խոսում նաեւ տարածված լուրերի մասին, որ ռազմագործողությանը նախորդել է Քաջավանում «գործակալի ներդրումը», որի հայտնած ստույգ տեղեկությունների հետքերով էլ Ռիգայի հատուկ նշանակության ջոկատը հայտնաբերել է պահվող զենք-զինամթերքը: Ուշագրավ է, որ Քաջավանի ռազմագործողության մասին խոսելիս Կրիվոպուսկովը հերթական կեղծիքն է թույլ տալիս եւ հորինում Մարտակերտում իրենց օպերատիվ-քննչական խմբի «չորս անդամի պատանդ վերցնելու» մասին:
Իրականում Քաջավանի ռազմագործողությունից Մարտակերտի շրջանի իշխանությունների եւ ինքնապաշտպանության ուժերի ուշադրությունը շեղելու համար հոկտեմբերի 23-ին հայկական Կիչանեւ ադրբեջանական Սրխավենդ գյուղերի միջակայքում տեղակայված խորհրդային ներքին զորքերի կարգախումբը կազմակերպում է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի երեք ուսանողի առեւանգումը: Նրանց տեղափոխում են Սրխավենդ: Օրվա վերջին Կիչանում իրավիճակը ծայրահեղ լարվում է, պատանդների հարազատները, մերձակա գյուղերի ինքնապաշտպանական խմբերի ներկայացուցիչները փորձում են շրջափակել խորհրդային զորքերի հենակայանը: Դրությունը լիցքաթափում է ՆԳ Մարտակերտի շրջբաժնի պետի տեղակալ Իսա Մամեդովը: Վերջինս Բաքու էր տեղափոխվել Երեւանից եւ այդ պաշտոնին նշանակվել հատուկ նպատակներով: Ի պատիվ Մամեդովի, պետք է ասել, որ նա կարողանում է պատանդառված երկու աղջիկներին ազատ արձակել եւ վերադարձնել ծնողներին: Մամեդովի ծառայողական «Ուազը» նույն գիշեր Աղդամ-Սրխավենդ ճանապարհին, ադրբեջանական Ալիաղալու գյուղի մոտ, ենթարկվում է նշանառու գնդակոծության, որի հետեւանքով նա ծանր վիրավորում է ստանում եւ տեղափոխվում Բաքու: Այդուհետեւ Մամեդովը հեռանում է ՆԳ համակարգից եւ մշտական բնակության տեղափոխվում Ռուսաստան:
Լեռնային Ղարաբաղում 1990 թվականի տարեվերջին ստեղծվում է իրավիճակ, երբ քաղաքական տարբեր խմբավորումներ եւ նրանց աջակցող ինքնապաշտպանական խմբեր սկսում են ազդեցության համար մրցակցությունը: Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական Կազմկոմիտեի նախագահ Վիկտոր Պոլյանիչկոն, օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, ձգտում է ներքին երկպառակություններ սերմանել: Քաջավանի ոչնչացումից հետո բնակավայրը վերականգնելու, այնտեղ խորհրդային զինվորական կարգախումբ տեղաբաշխելու ուղղությամբ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վահան Գաբրիելյանի ձեռնարկած բոլոր փորձերը մատնվում են անհաջողության: Մեկ ամիս հետո նա ինքը Չլդրան-Կիչան ճանապարհահատվածին ենթարկվում է բռնության. Խորհրդային զինվորները նրա ծառայողական ավտոմեքենան առգրավում են, իրեն փորձում տեղափոխել Աղդամ: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո Վահան Գաբրիելյանն ազատ է արձակվում, բայց նրա հեղինակությանը ծանրագույն հարված է հասցվում: Ու՞մ էր ձեռնտու դա:
(Շարունակելի)