Մենք այդպես էլ չսովորեցինք խոսել խորքային, իրական ու առկա խնդիրների մասին, գուցե դրա համար է, որ այդքան քիչ հաղթանակներ ունենք: Ինչքան շուտ և՛ հանրությունը, և՛ քաղաքական ուժերը պատրաստ լինեն անկեղծ խոսելու ու վերլուծություններ անելու, այնքան ավելի լավ կլինի ամեն ինչ:
Ռուբեն Բաբայան
Ե՛վ Եկեղեցին, և՛ պետությունը իրենց պարտականությունները լավ չեն անում ու հիմա փորձում են մեղավորություն գտնել ուրիշի դաշտում. Ռուբեն Բաբայան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը
– Պարո՛ն Բաբայան, Նիկոլ Փաշինյանը շարունակում է ֆեյսբուքյան գրառումներն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը ու պետք է հեռանա, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ նոր Կաթողիկոս ենք ունենալու, հասարակությունն էլ սպասում է այս հարցի վերաբերյալ Հանրային խորհրդի ու մտավորականների դիրքորոշմանը: Որպես խորհրդի անդամ ու մտավորականության ներկայացուցիչ ի՞նչ դիրքորոշում ունեք կատարվողի վերաբերյալ:
– Մի մոռացեք, որ Հանրային խորհուրդը կազմված է 45 մարդուց, ու պետք է հնարավորինս շատ մարդ ներգրավված լինի, ես կարծում եմ, որ մի երկու օրից կլսեք խորհրդի կարծիքը:
Ինչ վերաբերում է ինձ. ես կարծում եմ, որ խնդրի լուծումը Սահմանադրության պահպանման մեջ է, որովհետև սևով սպիտակի վրա գրված է, որ Եկեղեցին անջատ է պետությունից, ու դա ենթադրում է, որ ո՛չ Եկեղեցին իրավունք ունի խառնվելու պետության գործերին, ո՛չ էլ պետությունը՝ Եկեղեցու: Ինչքան շուտ վերադառնան այս սահմանադրական նորմին բոլորը, այնքան ամեն բան շուտ կկարգավորվի, բոլորը պետք է գրադուսը լավ իջեցնեն:
Երկխոսության համար անհրաժեշտ է իրավունքների դաշտ, որի շուրջ կարող է գնալ երկխոսությունը, իսկ այդ իրավական դաշտը Սահմանադրությունն է: Կրկնեմ, որ պետք է գրադուսն իջեցնել, որովհետև այս պարագայում հաղթողներ չկան, հաղթողը օրենքն է ու օրենքի շրջանակներում գործելը, սա է քաղաքակիրթ աշխարհի պահանջը:
– Երկխոսության նախադրյալներ տեսնո՞ւմ եք, իշխանությունը կարծես թե վճռական է, որ պետք է նոր Կաթողիկոս ունենալ:
– Քաղաքական ուժերը սովոր են անել այնպիսի հայտարարություններ, որոնք ոչ միշտ են կատարվում: Ես կարծում եմ, որ ինքնապահպանման բնազդը պետք է բոլոր դեպքերում վեր դասվի: Իրականում մեր հասարակությունը բազմաշերտ է, ու դա լավ է, մարդիկ ունեն տարբեր մոտեցումներ ու պետք չէ մերժել նրանց, պետք է կարողանալ իրար հետ լեզու գտնել ու չհարձակվել իրար վրա:
– Համաձա՞յն եք այն կարծիքներին, որ եթե Նիկոլ Փաշինյանը այսպես շարունակի, ապա ամեն բան հանգելու է քաղաքացիական բախումների:
– Չեմ կարծում, իշխանությունը չի կարող ձգտել քաղաքական բախումների, որովհետև քաղաքացիական պատերազմը ու բախումների ավարտը երբեք կանխատեսելի չեն ու իրականում որևէ լավ բանով չեն ավարտվում: Չեմ կարծում, թե մեզանում դա կլինի, որովհետև հուսով եմ, ու պատմությունն էլ դա ցույց է տվել, որ Հայաստանը միշտ խուսափել է դրանից:
Ես չէի ասի, որ դրանում մշտապես եղել է իշխանության կամ ընդդիմության դրական դերակատարումը, դրա մեջ ավելի շուտ ժողովուրդն է դրական դերակատարում ունեցել, որովհետև ի տարբերություն տարբեր կուսակցությունների, որոնք իրար ընկալում են որպես թշնամի, ժողովուրդն ավելի իմաստուն է, կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, ինչպես ընտանիքում, բայց մենք իրար արյուն թափել չենք ուզում, մենք թշնամի չենք:
– Պարո՛ն Բաբայան, իսկ ինչո՞ւ է ըստ ձեզ վարչապետը որոշել փոխել Կաթողիկոսին:
– Հստակ չեմ կարող ասել, բայց եթե անկեղծ լինենք, ապա այդ Սահմանադրության խախտումը, որի մասին խոսեցի, առաջինն արել է Եկեղեցին, ավելի շուտ՝ որոշ եկեղեցականներ, որոնք խառնեցին հոգևոր ոլորտն աշխարհիկ ոլորտի հետ: Միգուցե այս քայլը դրա պատասխանն էր, բայց այս ամենի մեջ ակնհայտ է ագրեսիան, չկա իրար լսելու ցանկություն, միգուցե ընտրություններն են պատճառը, յուրաքանչյուր իշխանություն չի ուզում տեսնել Եկեղեցին որպես իրեն թշնամի, առնվազն չեզոքի կողմնակից է:
Ամեն մեկն իր անելիքն ունի, որը պետք է իդեալական անել. Եկեղեցու հիմնական խնդիրն է ցույց տալ մարդուն ճանապարհ առ Աստված, ընդ որում՝ յուրաքանչյուրն այդ ճանապարհն անցնում է ինքնուրույն: Իսկ աշխարհիկ խնդիրները բազմաթիվ են մեզանում, նկատի ունեմ, որ եթե յուրաքանչյուրս զբաղված լինենք մեր գործերով, ապա կարիք չի լինի խառնվել ուրիշի գործերին: Նկատի ունեմ, որ և՛ Եկեղեցին, և՛ պետությունը իրենց պարտականությունները լավ չեն անում ու հիմա փորձում են մեղավորություն գտնել ուրիշի դաշտում:
– Ասում եք, որ Եկեղեցին է առաջինը խախտել, բայց կարծիքներ են հնչել բազմիցս, որ երբ երկիրը գտնվում է օրհասական վիճակում, իսկ նման վիճակում Հայաստանը գտնվում էր 44-օրյա պատերազմի ավարտից, Արցախի ամբողջական հայաթափումից հետո, և՛ հոգևորականները, և՛ մտավորականները պարտավոր են դիրքորոշում արտահայտել, որովհետև ի վերջո ամեն ինչից առաջ այդ մարդիկ ՀՀ քաղաքացի են:
– Քաղաքականությունն ու քաղաքացիական դրսևորումները շատ տարբեր բաներ են: Մեր երկրում այնքան մարդ է խառնվում քաղաքականությանը, որ գոնե պետք է լինեն ինչ-որ մարդիկ, որոնք կարողանան իրարից տարանջատել քաղաքականն ու քաղաքացիականը: Բայց երբ հաճախակի ուղղակի պատին են դեմ տալիս ու պահանջում են, որ դու անպայման կիսես իրենց կարծիքը, հակառակ դեպքում ասում են, որ կմերժեն քո կարգավիճակը, ինձ հետ անձամբ քանի անգամ է պատահել, որ ասել են՝ պարզապես արի, կանգնիր մեր կողքին, մենք կհամարենք քեզ մտավորական, իսկ եթե չէ՝ կհամարենք դավաճան: Բոլոր դեպքերում մեր պարտությունների, խնդիրների արմատները ներսում են, Թումանյանն ասում էր, չէ՞, մենք ներսից ենք փտած, ներսից պետք է մաքրվենք, իսկ Թումանյանը դիմում էր հենց ժողովրդին:
Սա շատ կարևոր է, մենք պետք է կարողանանք խոսել մեր հասարակության հետ, այլ ոչ թե կիսել իշխանության կամ ընդդիմության կարծիքները: Կարծիք պետք է արտահայտել, բայց պարտադիր չէ դրա համար դառնալ ինչ-որ կուսակցության անդամ, պետք է ուղղակի անկեղծ խոսել՝ հատկապես նրանք, ովքեր ունեն հանրային ճանաչում:
– Պարո՛ն Բաբայան, հիմա ձեր նշած որոշ հոգևորականներ կարծի՞ք են արտահայտել, թե՞ խախտել են Եկեղեցի-պետություն սահմանը:
– Երբ հնչում են կոպիտ արտահայտություններ, առավելևս հնչում են արդեն քաղաքական, պետական դիրք զբաղեցնելու հավակնություններ, սա կարծիք չէ, սա արդեն խնդիր է, նպատակ: Մենք այդպես էլ չսովորեցինք խոսել խորքային, իրական ու առկա խնդիրների մասին, գուցե դրա համար է, որ այդքան քիչ հաղթանակներ ունենք: Ինչքան շուտ և՛ հանրությունը, և՛ քաղաքական ուժերը պատրաստ լինեն անկեղծ խոսելու ու վերլուծություններ անելու, այնքան ավելի լավ կլինի ամեն ինչ:
– Հանրային խորհրդի այդ դիրքորոշման մեջ կլինե՞ն այդ ձեր ասած անկեղծ դիրքորոշումն ու վերլուծությունը:
– Չեմ կարող խոսել ամբողջ խորհրդի անունից, բայց ես համոզված եմ, որ կլինի քննարկում, որովհետև խորհրդում հավաքվել են մարդիկ, որոնք անտարբեր չեն երկրի ճակատագրի հանդեպ, ու կոնկրետ այս հարցը շատ կարևոր է: Պարզապես կան որոշ կազմակերպչական հարցեր, էլի եմ ասում՝ 45 մարդուց է բաղկացած խորհուրդը, բայց համոզված եմ, որ կլինեն և՛ դիրքորոշում, և՛ քննարկում, չեմ կասկածում:
Հանրային խորհուրդը կարձագանքի սրան, որքանո՛վ դա կբավարարի բոլորին՝ դժվար է ասել, պետք է ինչ-որ կոնսենսուս լինի, որովհետև հնարավոր չէ, որ 45 մարդ միանման կարծիք ունենա: Կլինեն մարդիկ, որոնք ամբողջությամբ կարդարացնեն Եկեղեցուն կամ հակառակը, բայց եթե խնդիրը դրվի այնպես, որ մենք պետք է ունենանք համերաշխություն, ապա ընդհանուր լեզու կգտնենք ու կկարողանանք համապատասխան հայտարարությունով հանդես գալ:
Քրիստինե Աղաբեկյան
Աղբյուրը՝MediaLab.am https://medialab.am/301180/