Հայաստան

ՆԱՏՕ-ի Ռազմավարությունն ու Հայաստանը

ՆԱՏՕ-ի արևելյան վահանաշերտի ամրապնդման համատեքստում Հարավային Կովկասը ստանում է կիսառազմավարական, կիսաքաղաքակրթական նշանակություն։ Հայաստանը, լինելով միակ երկիրը տարածաշրջանում, որը ներկայումս չի պատկանում ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ համարժեք ռազմաքաղաքական բլոկի, հայտնվում է խաչմերուկում՝ միաժամանակ երեք ճնշումների տակ։

Արայիկ Մկրտումյան

2025թ. ամռանը ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նոր ծրագիրը նոր փուլ է արձանագրում Արևմուտք–Ռուսաստան աշխարհաքաղաքական դիմակայության մեջ։ Այս նախաձեռնությանխորքային վերլուծությունը բացահայտում է տարածաշրջանային անվտանգային համակարգերի վերաձևավորման տրամաբանությունը՝ ներառյալ Հարավային Կովկասը և մասնավորապես Հայաստանը։

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունըն այժմ ընթնում է սառը պատերազմի ռիթմերով, դրանք, դեռևս քիչ հավանական է ուղղակիորեն ռազմական բախում արձանագրեն՝ հաշվի առնելով այդ ամենի ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նշանակությունը։ 2025թ. հունիսին նախատեսվող ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովից առաջ ի հայտ եկած տեղեկությունները վկայում են մի գործընթացի մասին, որն առնվազն երեք խոշոր ուղղությամբ փոխում է Արևմուտքի ռազմական մտածողությունը։

Դրանցից առաջինն ու կարևորն այն է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է իր նախկին հռետորաբանությունից, ըստ որի հակահրթիռային համակարգերը ուղղված էին բացառապես «մերձարևելյան սպառնալիքների» դեմ։ Նոր ծրագրի ենթատեքստում հիմնական թիրախն ակնհայտորեն Ռուսաստանն է։Պաշտոնական ոճը նույնիսկ արդեն դա է ենթադրում։ Դրան հաջորդում է Պաշտպանական համակարգերի խոր ինտեգրացիան, որը միտված է հանուն ամբողջական արևելյան վահանաշերտի ստեղծման։ Այստեղ առաջին անգամ քննարկվում է հակահրթիռային համակարգի միաձուլումը ՆԱՏՕ-ի հակաօդային կառույցների հետ, ինչը ենթադրում է մի քանի երկրների համատեղ տեխնոլոգիական, կառավարչական և լոգիստիկ հնարավորությունների համադրություն և դրա համար արդեն անհրաժեշտ հրամայական է դառնում ԱՄՆ-ի և եվրոպական հիմնական զինված ուժերի ռազմարդյունաբերական բազայի արագ վերակենդանացումն և արդիականացումը։ Հատկապես բալիստիկ պաշտպանության համակարգերի՝ ի սկզբանե Իրանին ուղղված ենթատեքստը փոխվում է դեպի Ռուսաստանի տեխնոլոգիական վերազինմանը հակազդելուն։

Մոսկվայի արձագանքն ու պահանջները հինն են,պահանջներ, սպառնալիքները՝ նոր։ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը կանխատեսելի էր։ Պետդումայի և ԱԳՆ-ի պաշտոնյաները կրկին ընդգծեցին, որ ՆԱՏՕ-ի ուժեղացումը արևելյան սահմաններին խախտում է Մոսկվայի «անվտանգային իրավունքները»։ Կրեմլը շարունակաբար բարձրաձայնում է երեք հիմնականպահանջ.

ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերում Լեհաստանից, Բալթյան երկրներից և Ռումինիայից։

ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների չեզոքացում Ուկրաինայի հետ սահմանային գոտում։

Ուկրաինայի անդամակցության հնարավոր բացառում ցանկացած ապագա դաշինքից։

Այս պահանջները ունեն թե՛ ռազմավարական, թե՛ ներպետական նշանակություն։ Ռուսաստանի ներսում բանակի վերազինման գործընթացները ուղղակիորեն ներկայացվում են որպես պաշտպանական պատասխանի անհրաժեշտություն, ինչը ռեժիմի օրինականության կարևոր հենասյուներից է։

ՆԱՏՕ-ի արևելյան վահանաշերտի ամրապնդման համատեքստում Հարավային Կովկասը ստանում է կիսառազմավարական, կիսաքաղաքակրթական նշանակություն։ Հայաստանը, լինելով միակ երկիրը տարածաշրջանում, որը ներկայումս չի պատկանում ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ համարժեք ռազմաքաղաքական բլոկի, հայտնվում է խաչմերուկում՝ միաժամանակ երեք ճնշումների տակ։

Ռուսաստանյան վակուումի խորացումն առաջին հերթին ավելի է սրվում։ Վերջին երկու տարիներին Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում թուլացել է՝ և՛ որպես դաշնակցային հենարան, և՛ որպես ՀԱՊԿ անդամ մարմին։ ՌԴ-ն փաստացի հրաժարվել է Արցախյան կարգավորման ցանկացած ռազմաքաղաքական պատասխանատվությունից, ինչը խաթարել է հայ հասարակության վստահությունը ռուսական ռազմական օգնության հարցում։

Բայց արևմտյան ձգտումներն առանց անվտանգության երաշխիքի, դեռևս Հայաստանին թույլ չեն տալիս ազատորեն գործելու։ Չափազանց մեծ են տապալման հետևանքները և շատ մշուշոտ ակնկալիքները։ ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնումը, Ֆրանսիայի պաշտպանական հռետորաբանությունը և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչների այցելությունները ցույց են տալիս արևմտյան շահագրգռվածություն՝ ոչ թե ռազմական համագործակցության խորացման, այլ քաղաքական ազդեցության ընդլայնման ուղղությամբ։ Սակայն դա դեռևս չի վերածվել ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության հստակ մեխանիզմների։

Այս ամենն իհարկե նպաստում է բոլոր ժամանակների միջնորդ Թուրքիայի դերի աճին։ Թուրքիան՝ լինելով ՆԱՏՕ-ի առանցքային անդամ և միաժամանակ Ադրբեջանի ռազմավարական դաշնակից, ստանում է մեծ հնարավորություն ակտիվ ներգրավման՝ հատկապես կապող միջանցքների և էներգետիկ ինֆրակառուցվածքների վերահսկողության ոլորտներում։ Հայաստանի համար սա նշանակում է պոտենցիալ շրջափակման երկրորդ փուլ՝ ոչ թե ուղիղ ռազմական, այլ ռազմավարական ենթակառուցվածքների մակարդակով։

Ո՞րն է Հայաստանի հնարավոր ռազմավարությունը

Հայաստանի ներկա իրավիճակը թույլ է տալիս մի քանի ռազմավարական տարբերակ՝ յուրաքանչյուրը իր ռիսկերով։ Կարելի է մի կողմից մտածել սերտ ինտեգրում արևմտյան պաշտպանական համակարգերին, ինչը ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ տեխնոլոգիական և կադրային համագործակցություն՝ իհարկե դեռևս ոչ թե լիարժեք անդամակցություն, այլ «գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի նոր ինտեգրված ձևաչափով։ Ռիսկերն անխուսափելի են Ռուսաստանի կոշտ արձագանք, տնտեսական և էներգետիկ ճնշում, բայց պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանն այս պահին չի կարող ուղղակիորեն ճնշել Հայաստանին չափից ավելի շատ, քանի որ գոնե այս պահի դրությամբ ռուսները ևս ունեն Հայաստանի կարիքը և ոչ ավելի քիչ, քան կարելի է պատկերացնել։ Դեպի ՆԱՏՕ ու ԵՄ ընթացքում Հայաստանի համար հավասարապես վտանգավոր է լինելու և՛ շտապելը, և՛ ուշանալը։
Երևանը փորձում է դիվերսիֆիկացված հավասարակշռություն ապահովել՝ փորձելով վերակառուցել իր անվտանգային դոկտրինան՝ միաժամանակ համագործակցելով Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի և որոշ ՆԱՏՕ պետությունների հետ՝ առանց բլոկային պարտավորությունների։ Սա առավել ճկուն, բայց նաև անկայուն տարբերակ է։

Վերջին հաշվով կա նաև ռազմական չեզոքություն՝ առանց ուժային երաշխիքների, թեև խիստ կասկածելի է Հարավային Կովկասում  Հայաստանի «շվեյցարացման» հավանականությունը։ Հայաստանը կարող է ընտրել չեզոքություն՝ փորձելով չներգրավվել ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության մեջ։ Սակայն ներկայիս աշխարհաքաղաքական բևեռացման պայմաններում չեզոքության պահպանումը մարտահրավեր է՝ հատկապես հարևանների ակտիվացման պայմաններում, իսկ այդ ակտիվացումը ավելի ու ավելի ծանր շունչ ունի։

ՆԱՏՕ-ի հակահրթիռային նախաձեռնության ընդլայնումը սոսկ տեխնոլոգիական կամ մարտավարական քայլ չէ։ Դա ամբողջ տարածաշրջանային ռազմաքաղաքական համակարգի վերաձևում է, որտեղ Հայաստանն այլևս չի կարող խուսափել իր դիրքորոշման հստակեցումից։ Հարավային Կովկասը վերածվում է բևեռացման նոր առանցքի, և այդ գործընթացում Հայաստանի գործողությունները կորոշեն ոչ միայն նրա անվտանգային ապագան, այլև ինքնիշխանության ծավալը XXI դարի երկրորդ քառորդում։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *