Հայաստան

Նոր Պատերազմն Ու Հայաստանը

Եթե Իրանն իրոք փորձում է Իսրայելին հակահարված տալ, իսկ Ադրբեջանը բացում է լրացուցիչ ճակատ Հայաստանի դեմ, ապա Հայաստանը կարող է հայտնվել ստրատեգիական պատանդի դերում՝ առանց արտաքին ուժեղ երաշխիքների։

Արայիկ Մկրտումյան

Նոր ռազմավարական շրջադարձ Մերձավոր Արևելքում

2025 թ․ հունիսի 13-ի լույս գիշերը Իսրայելը գործարկել է վաղուց պլանավորված, մասշտաբային ռազմական արշավ Իրանի վրա։ Ըստ Bloomberg, The Economist, NYT, Axios և ՄԱԳԱՏԷ-ի տվյալների՝ թիրախում են եղել ինչպես Իրանի միջուկային ծրագրի հիմնական օբյեկտները՝ Նատանզը, Ֆորդոն, այնպես էլ՝ բարձրաստիճան զինվորականները և միջուկային գիտնականները։ Սա նախադեպ չունեցող հարձակում է՝ իր մասշտաբով, նպատակների բազմազանությամբ և միաժամանակությամբ։

Նատանզն ու Ֆորդոն պաշտպանված են մինչև կես կիլոմետր խորությամբ երկաթբետոնե ու բնական պաշտպանությամբ։ Այն փաստը, որ ՄԱԳԱՏԷ-ն չի արձանագրել ռադիացիոն արտահոսքեր, խոսում է այն մասին, որ հարվածները հիմնականում վնասել են օժանդակ ենթակառուցվածքներ՝ էլեկտրամատակարարման հանգույցներ, տեխնիկական լաբորատորիաներ և մուտքի համակարգեր։

Այն, ինչ Իսրայելն անվանում է կանխարգելիչ պատերազմ, ըստ Axios-ի՝ Իսրայելի այս գործողությունը պատրաստվել է ութ ամիս՝ համընկնելով Իրանի կողմից միջուկային ենթակառուցվածքների խորացման և փորձարկումների ակտիվացման հետ։ Նպատակն էր խափանել Իրանի՝ միջուկային շեմի անցումը ։

Իսրայելը, ըստ հայտարարությունների, նախընտրել է միակողմանի գործողություն՝ առանց ԱՄՆ անմիջական մասնակցության, սակայն ըստ լուրերի՝ դե ֆակտո կանաչ լույսը ստացել է՝ գաղտնի համաձայնությամբ։ Դա հասկանալի է դառնում նաև ԱՄՆ նախագահ Թրամփի այն հայտարարություններից, որ իրենք Իրանին բազմաթիվ հնարավորություններ են տվել այս ամենից խուսափելու համար։ Ավելի համարձակ կարծիքներով` ԱՄՆ-ն է այս ամենի հեղինակը, միայն թե իսրայելական դեմքով։ Սա շատ անհավանական չէ, հաշվի առնելով այն, որ, ի տարբերություն Բայդենի վարչակազմի, որի օրոք ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները բավական լավ էին, նույնիսկ միջուկային համաձայնագրի կնքման հնարավորություն կար, Թրամփը շատ ավելի ռադիկալ է և ոչ միշտ հավասարակշռված։ Թրամփի շրջապատում մեծ է հրեական լոբբի դերը։

Իրանին ոչ միայն միջուկային, այլև քաղաքական և հոգեբանական հարված է հասցվել՝ սպանվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ ու գիտնականներ, ինչը կարող է խաթարել Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական կայունությունը։ Սա էլ ավելի նկատելի է, հատկապես այն բանից հետո, երբ դեռ 2020-ին հենց Մոսադի կողմից Շահրիզադեի և ավելի ուշ` գեներալ Սուլեյմանի սպանություններից հետո։

Իրանը, բնականաբար, չի կարող պատասխանել միայն խոսքերով։ Վերջին զարգացումներով՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խեմենեին խոստացել է «դաժան պատասխան», սակայն սա միաժամանակ Իրանին դնում է ծանր ընտրության առաջ։ Եթե պատասխանն ուշ լինի կամ լինի թիրախավորված միայն Իսրայելի դեմ, ապա կթուլացնի ռեժիմի ընկալումն ու դրա հեղինակությունը։ Իսկ եթե հարվածներն ուղղվեն ԱՄՆ ու դաշնակիցների ռազմակայանների կամ նավթային ուղիների (օրինակ՝ Օրմուզի նեղուցի) վրա, ապա ԱՄՆ-ն ու դաշնակիցները ստիպված կլինեն ներգրավվել, և հարվածները կարող են դառնալ գոյաբանական սպառնալիք, ընդ որում ոչ միայն իրանական ռեժիմի համար, այլև ողջ տարածաշրջանի համար։

Իրանի կարողությունները մեծապես կախված են նրանից՝ որքանով է պահպանվել բալիստիկ զինանոցի արդյունավետությունը հարվածներից հետո։ Դաշնակիցների՝ հատկապես «Հեզբոլլահ»-ի և շիա ռազմական այլ ջոկատների վիճակն էլ խիստ անկայուն է՝ մի մասը ջախջախվել էր դեռ նախորդ տարում։

Տարածաշրջանային հետևանքներ՝ Հարավային Կովկաս և Ադրբեջան

Հակամարտությունը Մերձավոր Արևելքում կարող է անմիջական անդրադարձ ունենալ Հարավային Կովկասի վրա՝ մի քանի պատճառներով.

Ադրբեջան-Իսրայել կապերը խորացված են։ Ադրբեջանը տրամադրում է օդային տարածք և հնարավոր ռազմաբազային աջակցություն Իսրայելին՝ Իրանի դեմ։ Դա Իրանում վաղուց ընկալվում է որպես թիկունքից ։

Իրանի հակահարձակումը կարող է ներառել Ադրբեջանին, կամ որպես ուղիղ թիրախ, կամ՝ որպես միջանցք։ Այս սցենարի իրագործումը կարող է հանգեցնել, որ Ադրբեջանը որոշի շեղել ուշադրությունը Հայաստանի վրա՝ բացելով նոր ճակատ՝ Սյունիքի ուղղությամբ։

Հայաստանի վրա հարձակման ռիսկն աճում է, եթե տարածաշրջանը քաոսի մեջ է, և միջազգային ուժերն զբաղված են Պարսից ծոցում։ Ադրբեջանը կարող է ենթադրել, որ այժմ միջազգային արձագանքը կլինի ուշացած ու թույլ։

Բացի այդ, Ադրբեջանը կարող է օգտվել այն հանգամանքից, որ Ռուսաստանը նույնպես լարված է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ճնշման ներքո և չի կարող համաչափ արձագանքել։

Եթե Իրանն իրոք փորձում է Իսրայելին հակահարված տալ, իսկ Ադրբեջանը բացում է լրացուցիչ ճակատ Հայաստանի դեմ, ապա Հայաստանը կարող է հայտնվել ստրատեգիական պատանդի դերում՝ առանց արտաքին ուժեղ երաշխիքների։

Այս դեպքում կարող ենք երեք հավանական սցենար ակնկալել

1.Սահմանափակ ռազմական գործողություններ Սյունքի շրջանում, որը կուղեկցվի ներքին ճնշմամբ՝ Հայաստանին ստիպելու միջանցքային զիջումների։

2. Հիբրիդային գործողություններ՝ դիվերսիաներ, օդային միջադեպեր, ներառյալ Իրանի սահմանին։

3. Լայնամասշտաբ հարձակում, եթե Ադրբեջանը համոզված լինի, որ Հայաստանն անկարող է դիմադրել առանց ռուսական կամ իրանական աջակցության, կամ` արևմտյան քաղաքական ներգրավածության։ Որքան էլ որ պարադոքսալ է, այս պահին, Մոսկվան շահագրգռված կլինի Հայաստանի պաշտպանությամբ, որպեսզի խուսափի Իրանի` չափից ավելի թուլացմամբ։ Իր խոսքը դեռ չի ասել Թուրքիան, որը Բաքվի ընկերն է և Իսրայելի հակառակորդը, իսկ Ադրբեջանը և Իսրայելը չափազանց մոտ են իրար։

Հայաստանն այս պահին պետք է պահի չեզոքություն՝ միաժամանակ ամրապնդելով իր պաշտպանական դիրքերը Սյունքում և Վայոց Ձորում։

Դիվանագիտական մակարդակով անհրաժեշտ է գործարկել միջին ուժերի՝ Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իրանի ուղղությամբ՝ հնարավոր զսպման մեխանիզմներ ստեղծելու նպատակով։

Արտաքին քաղաքական հաղորդակցությունները պետք է ընդգծեն, որ Հայաստանը չի հանդիսանում ոչ Իրանի, ոչ Իսրայելի հետագա շահերի դաշտ, այլ՝ անկախ երկիր, որը պետք է պաշտպանել։

Իսրայելա-իրանական պատերազմը մի գիծ է անցել, որը դժվար թե հետ շրջվի։ Սա հանգեցնում է աշխարհաքաղաքական շղթայական ռեակցիայի, որի մեջ կարող է ներքաշվել ամբողջ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը։ Հայաստանը պետք է վճռական ու սառը ռազմավարությամբ կանխի իր ներքաշումը՝ առանց խոցելի դառնալու։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *