Հայաստան

Փորձառու Բիզնեսմեն Եվ Անփորձ Քաղգործիչ

Սամվել Կարապետյանը կամ ինքնակամ կամ պարտադրված մտել է խաղի մեջ՝ Հայաստանում տապալելու համար իշխանությանը, անգամ այն դեպքում, եթե “քաղաքական գործիչներին չհաջողվի դա անել․․․” Ու սպառնացել է, որ դա կանեն “իրենց ձևով”․․․

Ստյոպա Սաֆարյան

Շատ սիրում եմ Գյոթեի հանրահայտ միտքն ու անընդհատ տարբեր գրառումներում մեջբերում․ “Միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի”։

Տաշիր գրուփի սեփականատեր Սամվել Կարապետյանին, իհարկե, հիմար մարդ չես համարի։ Հիմար մարդը Ֆորբսի միլիարդատերերի ցուցակում չի լինում։ Բայց որ նա անփորձ է քաղաքականության մեջ իրեն վերապահված դերը թաքցնելու համար, այդտեղ կասկած չունեմ։ 

Եվ, ահա, վերլուծենք, թե ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ մինչև իր առանձնատանը ծավալված իրավապահ դրաման․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացի է և գտնվում է իրենց պաշտպանության ներքո։ Այդ մասին քիչ առաջ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անհանգսիտ շարժումներ անելով նրա “ձերբակալության” հեռանկարի խորապատկերին։ Եթե Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, հետևաբար, նա Հայաստանում ոչ մի քաղաքական-քաղաքացիական իրավունք չունի։ Ասել է թե՝ քաղաքականությամբ զբաղվելու, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը խառնվելու իրավունք չունի։ Անգամ որևէ իրավունք չունի միջամտելու պետություն-նրանից տարանջատված եկեղեցի ծավալվող հակամարտությունում։ Սա, իրավական ասպեկտը։ Եթե ՀՀ իշխանությունները քենախնդիր լինեն, միայն սա բավարար է նրան ինքնաթիռ դնելու, անցանկալի անձ հայտարարելու ու Ռուսաստան ուղարկելու համար։ Այդպես վարվում է ցանկացած պետություն՝ երբ օտարեկրյա քաղաքացին խառնվում է պետության ներքաղաքական կյանքին։

Գլուխը քարը, թե ինչ է նա ասել իշխող կուսակցության հասցեին։ Բայց դառնանք ասված մեկ առանցքային մտքի՝ “Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին․․․” Իրավական, ժողովրդավարական պետությունում, ինչպիսին իրեն հռչակել է Հայաստանը սահմանադրորեն, իշխանության հարցը լուծվում է բացառապես քաղաքական մեթոդներով, առանց ուժի (ուժ կիրառելու մոնոպոլ իրավունքը Սահմանադրությամբ պետությանն է), և որ ամենկարևորն է՝ ընտրությունների միջոցով։ Հայաստանի Սահմանադրությունը ոչ միայն չի նախատեսել, այլ ավելին՝ հռչակել է, որ “այլ ձևերով իշխանության փոփոխությունը” իշխանության ուզուրպացիա է՝ ծանրագույն հանցագործություն։ 

Եվ այժմ, իրավապահները պետք է Սամվել Կարապետյանից հետաքրքվեն ոչ միայն, թե  1) այդ ո՞ր իրավունքով է ՌԴ քաղաքացին մտել այլ պետություն-եկեղեցի հարաբերությունների դաշտ՞ (իսկ այդպիսի իրավունք, գրեցինք, չունի), 2) որո՞նք են “իր ձևերը”․ ի վերջո, ոչ ՀՀ Սահմանադրությունը, ոչ օրենսդրությունը ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանին չեն օժտել իրեն չվերաբերող քաղաքական, քաղաքցիական հարցերով միջամտելու միայն իրեն “ներհատուկ ձև․․․” Չեմ ուզում շատերի նման հեռուն գնալ, բայց իհարկե, 1999թ․ հոկտեմբերի 27-ին ահաբեկչությամբ պետության գլխատում տեսած երկրում չես կարող բազմանշանակ մտքի տակ բացառել նաև մի նոր ահաբեկչությունը երկրի ընտրված իշխանության դեմ․․․

Այսօր մինչև Սամվել Կարապետյանի տան խուզարկությունը հրապարակվեց նաև մի գրավոր հանձնարարական, որը մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իջեցրել է կառավարության անդամներին ու ՊՎԾ-ին ՀԷՑ-ի գործունեության ստուգում իրականացնելու վերաբերյալ։ Իհարկե, Հայաստանի քաղաքացին այլևս չի զարմանում, որ տարբեր անձանց համար քրեական հոդվածներից, հանցանքների ու զանցանքների մեղադրանքներից պաշտպանության հանրահայտ և ամենակարճ ճանապարհը դա միանգամից “քաղաքական գործունեություն” ծավալելն է, մանավանդ ազգային թեմաներով՝ Եկեղեցի, ազգային արժեքներ, ընտանիք, հայրենիք, Արցախ․․․ Իհարկե, Սամվել Կարապետյանն էլ կարող էր կանխավ իմանալ ՀԷՑ-ում հնարավոր ստուգումների դեպքում իր հնարավոր խնդիրների մասին, դրա համար էլ շտապել էր Մայր Աթոռ Գարեգին Բ-ին աջակցություն հայտնելու ու հենց Վեհարանի բակում հարցը քաղաքականացնելու․․․ 

Բայց սա մի փոքր դետալն է, որը կարող է լավագույն դեպքում նրա անձնական դրդապատճառներից մեկը բացահայտել։ Այստեղ կա նաև Մարիա Զախարովան ու նույն օրը Գուգարաց թեմի հոգևորականի հայտարարությունը․․․․ Իսկ վերջին հայտարարությամբ մատնել են, որ եկեղեցականները նույնիսկ դեմ են Թուրքիա վարչապետի  ակնկալվող այցին ու հայտարարությունն ավարտվել են ռուսական հայտնի նառատիվներով՝ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց, եկեղեցիներն ու մշակույթի հուշարձանները հանձնեց, 5000 /այս թիվը Պուտինն է շրջանառության մեջ դրել/ հայ տղաներին հողին հանձնեց, տեսնես հիմա ի՞նչ կհանձնի․․․ 

Եվ ահա, կարծես թե, ականատես ենք լինում Հայաստանի արցախիզացման հերթական փորձին, ինչպես որ արվեց 2022թ․ հոկտեմբերին Պրահայի հանդիպման օրը, երբ հայտարվեց, որ Արցախում գտնվող Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի չէ․ այն ժամանակ Ռուսաստանը չէր ասում, որ Հայաստանը Պրահա չպետք է գնա, բայց դրանից 2 ամիս առաջ՝ օգոստոսին Մարիա Զախարովան արդեն իսկ մեղադրել էր Արևմուտքին տարածաշրջանը ապակայունացնելու մեջ, Ռուսաստանի միջնորդական նախաձեռնության դափնիները խլելու մտադրության մեջ ու ատամները կրճատացնում էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությանյանը չի հակադրվում Երևանի որդեգրած կուրսին․․․ Տարեվերջին Ռուբեն Վարդանյանն արդեն լիարժեք դերի մեջ մտավ՝ Արցախի շրջափակման համատեքստում ստանալով լայն լիազորություններով պետքարտուղարի պաշտոնն ու լուսանցք մղելով Արայիկ Հարությունյանին․․․ Մնացածը գիտեք, թե ինչ եղավ․․․

Սամվել Կարապետյանը կամ ինքնակամ կամ պարտադրված մտել է խաղի մեջ՝ Հայաստանում տապալելու համար իշխանությանը, անգամ այն դեպքում, եթե “քաղաքական գործիչներին չհաջողվի դա անել․․․” Ու սպառնացել է, որ դա կանեն “իրենց ձևով”․․․

Հայաստանում հասարակական զգոնությունը պետք է լինի առավելագույնի վրա․ ակնհայտ է, որ նա եկեղեցու թեմայով փորձում է իշխանության “օպոնենտ” ճանաչվել՝ դրանից բխող քայլեր ձեռնարկելու կամ հովանավորելու հնարավորություններով․․․ Այնպես որ՝ այն, ինչին ականատես ենք լինում, ավելին է, քան Գարեգին Բ-ին կամ Եկեղեցուն պաշտպանելու պատմությունը․․․․

Եվ Սամվել Կարապետյանը իր մի քանի նախադասություն-“կրակոցում” մատնել է ամեն ինչ։ Իսկ մատնել է հետևյալ նախադասությամբ՝ “Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։” Նա երբեք չի եղել հայ ժողովրդի կողքին ու ինքն էլ դա լավ գիտի։ Որովհետև առաջին բանը, որ շարքային հայի մտքով անցնում է, հետևյալն է՝ “իսկ ի՞նչ արեցիր, ինչպե՞ս քո միլիարդների կարողությունները, քաղաքական կապերը ծառայեցվեցին հենց նույն Ռուսաստանում Արցախի ու հայ ժողովրդի կողքը լինելու ու այդ երկրի աջակցությունը ապահովելու համար․․․․” Ոչ մի բան։ Ոչ մի փաստ չկա։ Ավելին՝ բոլորով լծված էին ռուսական / Լավրովի պլանը զոհերով, տարածքային կորուստներով, իշխանափոխության ու իշխանազավթման գործընթացներով Հայաստանին պարտադրելու գործին․․․

Հետևաբար, հասկանանք, թե ինչո՞ւ է Հայաստան ներմուծվել Ռուբեն Վարդանյան 2-ը։ 

Ի դեպ, իշխանությունը պարտավոր է գործել բացառապես օրենքի շրջանակներում, ինչպես նաև բարձրացնել երկրի գերագույն ղեկավարության անվտանգության ապահովության մակարդակը։ 

Խնդիր է դրված կանխել Հայաստանի քաղաքականության դիվերսիֆիկացումը, ետ շրջել արտաքին քաղաքականության վեկտորը, ու այժմ գործ ունենք ռուսահայ գործարար համայնք- եկեղեցականներ վտանգավոր տանդեմի հետ։ 

Այստեղ պետութունը, ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը չպետք է պարտվեն։

Աղբյուրը ՝ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=2861714560700691&id=100005865248939&mibextid=wwXIfr&rdid=lGwHJ9aGEiUMlAgI#

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *