Հայաստան

Բաքվի Զավթողական Քաղաքականությունը

Ադրբեջանում արդեն դրանով սերունդ են կրթում, եթե նախկինում նման բան չկար, ապա հիմա Ադրբեջանում հինգերորդ դասարանից սովորեցնում են, որ Հայաստանն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք պետք է վերադառնան: Սա ինստիտուցիոնալ կրթական համակարգի մաս է կազմում՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով: Սա զավթողական ծրագիր է, որը իրենց կրթական համակարգի մաս է կազմում:

Տաթևիկ Հայրապետյան

Հայաստանը պետք է հստակ ասի, որ դա զավթողական ծրագիր է. Հայրապետյանը՝ Ստամբուլում ընդունված հռչակագրի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ՀՀ արտգործնախարարությունը իր հիասթափությունն է արտահայտել «Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ»։ Արձագանքն ինչպե՞ս եք գնահատում:

– Լավ է, որ վերջապես որոշել են հայտարարությամբ հանդես գալ, բայց այստեղ չկա հստակ քաղաքական գնահատական, այսինքն՝ գնահատել սա որպես հստակ զավթողական ծրագիր: Իրենց անգործության հետևանքն է այս բանաձևերում արձանագրվածը, ու իրենց անգործության հետևանքով է Ադրբեջանն այս հարցում ձեռքբերման հասել:

– Այս բանաձևն ի՞նչ է ենթադրում, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ադրբեջանը տեսականից սկսել է անցնել գործնական քայլերի այս ծրագրի մասով:

– Ադրբեջանը քայլ առ քայլ է գնում իր զավթողական ծրագիրը նորմալիզացնելու ուղղությամբ, մասնավորապես, երբ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին դա մտավ շրջանառության մեջ, Ալիևը մի որոշ ժամանակ սպասեց, դրանից մեկ տարի հետո բացվեցին հեռուստաընկերություն ու կայք, այսինքն՝ նա սկզբից անում է գործողություն, հետո սպասում է դրա վերաբերյալ արձագանքներին, նոր անցնում է հաջորդ քայլերին: 

Երբ այն ժամանակ ահազանգում էինք ու խոսում քաղաքական հստակ գնահատական տալու անհրաժեշտության մասին, որպեսզի կանխվի այս մտացածին թեզի հետագա զարգացումը, ՀՀ իշխանությունը այս ամենը չտեսնելու էր տալիս ու անընդհատ անարձագանք էր թողնում այդ ողջ քննարկումը: Իսկ Ադրբեջանը տարբեր դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ պարբերաբար խոսում էր այս մասին, ու ես բազմիցս ասել եմ, որ մեր ԱԳՆ-ն հստակ գնահատական պետք է հնչեցնի, անընդհատ աշխատի տարբեր դիվանագետների հետ ու ասի, որ դա անընդունելի է, որպեսզի այդ դիվանագետները իմանան, թե Հայաստանն ի՛նչ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ: 

Հայաստանը պետք է հստակ ասի, որ դա զավթողական ծրագիր է, ու այն բոլոր երկրները, որ համաձայնում են դրան,փաստացի աջակցում են Ադրբեջանի զավթողական ծրագրին: Բայց քանի որ սա չի արվում, Ադրբեջանը գնալով նորանոր նվաճումներ է ունենում այդ հարցում: Ե՛վ ներքին, և՛ արտաքին հարթակներում Ադրբեջանը զբաղված է այս թեմայի լեգիտիմացմամբ, ընդ որում, ասում եմ, որ որևէ պատմաբան, փորձագետ կամ այլ մասնագետ չեն կարող մի փաստ ներկայացնել, որ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»: Դա ընդհանրապես գոյություն չունեցող սին թեզ է, որը ոչնչացնելը շատ ջանք չի պահանջում, այն ուղղակի պահանջում է հստակ նպատակ, քաղաքական կամք, որը բացարձակ չկա իշխանությունների մոտ: 

– Այս բանաձևն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

– Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում այլ պետությունների ևս ներգրավում է այս խոսույթի մեջ՝ այն նորմալ ու միջազգայնորեն ընկալելի դարձնելու համար: Եթե ՀՀ արտգործնախարարությունը մինչ այդ աշխատած լիներ այդ կողմերի հետ, ապա շատ պետությունների դիվանագետներ, որոնք այդտեղ են եղել, բանաձևը քննարկելու ժամանակ ծանոթ կլինեին նաև Հայաստանի հստակ դիրքորոշմանը այդ հարցի վերաբերյալ, կմերժեին այդ դրույթը՝ Հայաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար: Բայց քանի որ հայկական կողմը չի կանխել այդ ամենը, նրանք էլ հանգիստ ընդունել են դա, նրանք չեն էլ հասկացել, թե Հայաստանը դրա վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի:

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ Ադրբեջանի հասարակությունն ի՞նչ դիրքորոշում ունի «Արևմտյան Ադրբեջան» մտացածին ծրագրի վերաբերյալ:

– Չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ Ադրբեջանում արդեն դրանով սերունդ են կրթում, եթե նախկինում նման բան չկար, ապա հիմա Ադրբեջանում հինգերորդ դասարանից սովորեցնում են, որ Հայաստանն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք պետք է վերադառնան: Սա ինստիտուցիոնալ կրթական համակարգի մաս է կազմում՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով: Սա զավթողական ծրագիր է, որը իրենց կրթական համակարգի մաս է կազմում:

– Թե ինչ պետք է աներ Հայաստանն այս ամենը կանխելու համար, ասացիք, իսկ ինչո՞ւ չի անում:

– Որովհետև դա Հայաստանի խաղաղության կոնցեպտի մեջ չի մտնում. չպետք է դիտել ու հասկանալ Ադրբեջանից եկող ռիսկերը, չպետք է ընդհանրապես նայել Ադրբեջանի կողմը՝ համաձայն ՀՀ խաղաղության կոնցեպտի:

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/301865/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *