Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Բացահայտվեց, որ Գերագույն խորհրդի պատգամավորների մեծամասնությունը կամ ՀՅԴ անդամ է, կամ հարում է նրան: Ինչպե՞ս էր ՀՅԴ-ին հաջողվել մրցապայքարի ողջ ընթացքում գաղտնի պահել իր կողմից առաջադրված թեկնածուներին:

Վահրամ Աթանեսյան

Մաս 19 

1991թվականի դեկտեմբերի  10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե: Քվեաթերթիկում ներկայացված էր մեկ հարց. «Համաձա՞յն եք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն»: Հանրաքվեի կազմակերպման հանձնաժողովն, ընդ որում, տպագրել էր նաեւ ադրբեջաներեն քվեաթերթիկներ, բայց Շուշիի եւ ադրբեջանաբնակ մյուս համայնքների ներկայացուցիչները հանրաքվեին մասնակցելու առաջարկությունը մերժեցին:  Հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակչության ավելի քան 87 տոկոսը, որից 99,98 –ը հարցին «այո» պատասխանեց: Դեկտեմբերի 28-ին կայացան արդեն անկախ հռչակված Հանրապետության իշխանության բարձրագույն մարմնի՝ Գերագույն խորհրդի, ընտրությունները: Դրանք անցան մեծամասնական ընտրակարգով եւ մրցակցային էին: 

Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով կազմավորված Գերագույն խորհուրդն աշխատանքներն սկսեց 1992թվականի հունվարի 6-ին: Մինչ այդ, սակայն, բացահայտվեց, որ Գերագույն խորհրդի պատգամավորների մեծամասնությունը կամ ՀՅԴ անդամ է, կամ հարում է նրան: Ինչպե՞ս էր ՀՅԴ-ին հաջողվել մրցապայքարի ողջ ընթացքում գաղտնի պահել իր կողմից առաջադրված թեկնածուներին: Այս հարցի պատասխանն առ այսօր տրված չէ: Ուսումնասիրողների ուշադրությունից դուրս է մնացել մի չափազանց կարեւոր իրողություն: Դա այն է, որ իբրեւ ՀՅԴ անդամ կամ համակիր բացահայտված պատգամավորների շարքում կային մեկ տասնյակից ավելի գործիչներ, որ խորհրդային շրջանում բարձր պաշտոններ էին զբաղեցրել, հանդիսացել կոմունիստական կուսակցության անդամ, ունեին ռուսական կրթություն, ծառայողական գործունեության բերումով մշտապես կապված են եղել Մոսկվայի հետ: ՀՅԴ-ին նրանց անդամակցությունն այս առումով չէր կարող գաղափարական հիմնավորում ունենալ:  Ո՞վ էր ապահովել նրանց կապը Դաշնակցության հետ: Ըստ վստահելի աղբյուրների, այդ գործի գլխավոր կազմակերպիչն Իգոր Մուրադյանն էր, որ նույնպես ընտրվել էր ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ «դաշնակցական խմբակցության» բացահայտումը, ինչպես բազմաթիվ ականատեսներ են վկայել, շոկային էր գործող իշխանությունների համար: 

Գերագույն խորհրդի նստաշրջանի բացմանն ընդառաջ, ըստ դեպքերին մասնակիցների վկայության, «դաշնակցության խմբակցությունը» նիստ է գումարել եւ որոշել, որ ԳԽ նախագահի պաշտոնում առաջադրում է Արթուր Մկրտչյանի թեկնածությունը: Մյուս՝ գործող իշխանության, թեւի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն էր: Հունվարի 6-ին կայացած փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում Արթուր Մկրտչյանը: Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է ԳԽ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում քվեարկվելու առաջարկից: ԳԽ նախագահի տեղակալ է ընտրվում Գեորգի Պետրոսյանը, իսկ առաջին տեղակալի պաշտոնը մնում է թափուր: Ստեփանակերտում ձեւավորված ուժային մարմինները, ՊԱԿ-ի վարչությունն ինչպե՞ս եւ ի՞նչ չափով են ազդել Գերագույն խորհրդի ընտրություններին՝ բարդ է ասել: Բայց որ նրանք մասնակցություն ունեցել են՝ վկայում են շատ ականատեսներ: 

Գաղտնիք է, թե ինչու՞ Լեռնային Ղարաբաղում ձեւավորված առաջին իշխանությունը գաղափարա-քաղաքական եւ անձնական հարաբերությունների առումով պետք է լիներ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսը կամ նրա կողմից չընդունվածը: Դրանում ի՞նչ դեր են խաղացել Ստեփանակերտի «ընդհատակը», ինքնապաշտպանական ջոկատները,  ՆԳ եւ ՊԱԿ-ի վարչությունները: Ստույգ վկայված է, որ «դաշնակցության խմբակցությունը» նպատակադրված էր Ստեփանակերտում վերցնել ամբողջական իշխանությունը: Այդ նպատակով նա ԳԽ նախագահ ընտրված Արթուր Մկրտչյանին առաջարկում է կառավարության՝ Նախարարների խորհրդի, նախագահի պաշտոնում ներկայացնել Իգոր Մուրադյանի թեկնածությունը: Հիմնավորվում էր, որ Մուրադյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի առաջին նախագահը, Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարական ընդդիմախոսն է եւ Երեւանում ԼՂ խնդրի կարգավորման ամենահուսալի պաշտպանը կլինի: Ըստ տեղեկությունների՝ Արթուր Մկրտչյանը նման որոշում կայացնելու «վճռականություն չի դրսեւորել»: Վկայություններ կան, որ իրավիճակին լրջորեն միջամտել է նաեւ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեւական բանակցություններից հետո Արթուր Մկրտչյանը «կայացրել է փոխզիջումային վճիռ» եւ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Օլեգ Եսայանը: Ըստ վստահելի աղբյուրների՝  Օլեգ  Եսայանի թեկնածությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ պաշտպանել է փոխնախագահ Գագիկ Հարությունյանը: Հարությունյանը եւ Եսայանը Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում համակուրսեցիներ էին: 

Այսպիսով, 1992 թվականի հունվարին Ստեփանակերտում հաստատվում է ներքաղաքական շատ փխրուն ստատուս-քվո, երբ օրինական իշխանությունը «դաշնակցական» էր, փաստացին՝ «լեւոնական»: Այս թեւն ավելի է ամրապնդվում, երբ առանց ԳԽ նախագահության համաձայնության Օլեգ Եսայանը ձեւավորում է գործադիր իշխանության ուժային նոր մարմին՝ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտե, որի նախագահ է նշանակվում Սերժ Սարգսյանը: 

(Շարունակելի)

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *