Մարզկոմի քարտուղարի պաշտոնից Բորիս Կեւորկովի հեռանալուց հետո որոշ ժամանակ անց Արմեն Իսագուլովը պաշտոնանկ է եղել:
Վահրամ Աթանեսյան
Մաս 18
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թվականի նոյեմբերի 25‑ի որոշումից հետո Ստեփանակերտում ստեղծվում է ուժային կառույցների գործոնեության վակուում: Ըստ այդ որոշման՝ Բաքուն լուծարված է հայտարարում ՆԳ եւ ՊԱԿ‑ի մարզային վարչությունը, ինչպես նաեւ՝ դատախազությունը: Փոխարենը կազմավորվում են «Ղարաբաղի տեղաշրջանի ՆԳ վարչություն, միջշրջանային դատախազություն եւ ՊԱԿ‑ի հատուկ բաժանմունք», որոնց համար նստավայր է ընտրվում Աղդամ քաղաքը:
Գործնականում, սակայն, այդ կառույցներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի տարածքում գործունեություն ծավալելու հնարավորություն չուներ. սկսվում է խորհրդային բանակի, ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների եւ ՊԱԿ‑ի օպերատիվ-հետախուզական խմբերի դուրսբերումը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Ստեփանակերտից հեռանալուց առաջ հանրապետական Կազմկոմիտեն, զինվորական պարետությունը, ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական եւ ՊԱԿ‑ի մոսկովյան խմբերը «ոչնչացնում են բոլոր արխիվները»:
1991 թվականի տարեվերջին տեղի է ունենում շատերի համար անսպասելի իրադարձություն. Ստեփանակերտ է վերադառնում եւ ՆԳ վարչության պետի պաշտոնն զբաղեցնում Արմեն Իսագուլովը: Վերջինս ծնունդով Բաքվից էր, ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը եւ միանգամից աշխատանքի անցել դատախազության կենտրոնական մարմիններում: 1982 թվականին 36-ամյա Արմեն Իսագուլովը ԽՍՀՄ գլխավոր դատախազի հրամանագրով նշանակվել է ԼՂԻՄ դատախազ, երկու տարի հետո՝ ՆԳ մարզային վարչության պետ:
ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ Շմավոն Պետրոսյանը դեպքերից շուրջ մեկուկես տասնամյակ հետո, երբ արդեն թոշակառու էր, տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում վկայել է, որ երբ 1988 թվականի փետրվարի 19-ին գործկոմի նիստը քննարկել է մարզխորհրդի նստաշրջան հրավիրելու եւ ԼՂԻՄ‑ը Հայաստանին միավորելու պահանջ ներկայացնելու հարցը, մասնակիցներից երկուսը՝ «Ագրոարդ» միավորման գլխավոր տնօրեն Հենրիխ Պողոսյանը եւ ՆԳ վարչության պետ Արմեն Իսագուլովը դեմ են քվեարկել:
Մարզկոմի քարտուղարի պաշտոնից Բորիս Կեւորկովի հեռանալուց հետո որոշ ժամանակ անց Արմեն Իսագուլովը պաշտոնանկ է եղել: Նկատի ունենալով նրա քաղաքական հայացքները, կողմնորոշումը եւ նախկին աշխատանքային փորձը, Իսագուլովը պետք է վերադառնար Բաքու: 1989 թվականին, սակայն, հայտնի է դառնում, որ նա տեղափոխվել է Երեւան եւ նշանակվել Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարարի օգնական:
Ի՞նչ նպատակով է նա այդ պաշտոնին նշանակվել, արդյոք նման որոշում Խորհրդային Հայաստանի իշխանություննե՞րն են կայացրել, թե՞՝ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը՝ որեւէ փաստական վկայություն, նույնիսկ շրջանառված վարկած առ այսօր հայտնի չէ: Առկա է փաստը, որ ԼՂԻՄ‑ը Հայաստանին միանալու պահանջի հարցով մարզխորհրդի նստաշրջան հրավիրելուն դեմ քվեարկած Արմեն Իսագուլովը 1991 թվականի տարեվերջին Երեւանից գործուղվել է Ստեփանակերտ եւ ձեռնամուխ եղել ներքին գործերի համակարգի վերականգնման գործին:
Ավելի վաղ արձանագրել ենք, որ 1991 թվականի սեպետմբերից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի եւ ՊԱԿ‑ի վարչության տասնյակ փորձառու սպաներ խորհրդային բանակի, ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների հեռանալուն զուգահեռ գործուղման կամ բուժման մեկնելու պատրվակով լքել են ծառայությունը եւ տեղափոխվել Ռուսաստան, որտեղ վերականգնվել են ծառայողական պաշտոններում: ԼՂԻՄ ՊԱԿ‑ի վարչության պետ Վլադիսլավ Ղասումյանը նույնիսկ տարիներ հետո Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմում բավական ազդեցիկ պաշտոն է զբաղեցրել:
Տեղական ուժային կառույցների վերականգնմանը զուգահեռ՝ 1991 թվականի տարեվերջին բացահայտվում է նաեւ Ղարաբաղյան Շարժման Ստեփանակերտի այսպես կոչված «ընդհատակը»՝ իր զինված ջոկատներով: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալներից մեկի հետ փոխանակման արդյունքում Բաքվի բանտից ազատ է արձակվում Սամվել Բաբայանը, որ ձերբակալվել էր «Կոլցո» ռազմագործողության ընթացքում՝ որպես «ապօրինի զինված խմբավորման կազմակերպիչ եւ հրամանատար»:
(Շարունակելի)
