Հայաստան

Հեղաշրջման Պլանը

Պլանին ընդդիմադիրների արձագանքներից ակնհայտ ճչում է, որ նույնիսկ նրանք շատ լավ չեն հասկանում կամ իրազեկված չեն, թե ինչո՞ւ է իրենց “հոգևոր կենտրոնը” զորակոչ հայտարարում ամռանը, ինչը երբևէ չի արել նախկինում։

Ստյոպա Սաֆարյան

“Թեժ ամռան” գաղտնիքը

Ի՞նչ է մատնում հրապարակված «Ընդդիմության հեղաշրջման պլանը», ավելի ստույգ՝ դրա ժամանակացույցը, որի վրա դեռևս ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։

Անցած 5 տարիների քաղաքական պրակտիկայում դեռևս չեք գտնի մեկ տարի, երբ ամռան թեժ պահին՝ հուլիս-օգոստոս ամիսներին պլանավորվի քաղաքական “թեժ ամառ”։ “Հայրենափրկիչները” մշտապես հնարավորինս “թեժացրել են” գարունն ու աշունը, իսկ ամռանը գնացել վաստակած հանգստի։ 

Սա անհերքելի փաստ է։

Մինչդեռ այս մի ստրատեգիան՝ Պլանը, ենթադրում է ակտիվացում հուլիսի 23-ից․․․ Դրա Փուլ 0-ն, որն անվանվել է Գաղտնի փուլ, մեկնարկելու էր հուլիսի 23-ից և եզրափակվեր օգոստոսի 1-ին։ Այդ փուլում “ստեղծվում է անհանգստության և հիասթափության ֆոն”։ Հռչակված նպատակներից է “Նիկոլ Փաշինյանին ծաղրի առարկա դարձնելը, նրան վերածելը “ժողովրդական մեմի”։ Օգտագործվում են TikTok-ը, “շշուկային արշավները”։ Սկսվում է իշխանական հիմքի ներքին ապակայունացումը”։

Ինչո՞ւ է սա արվում հուլիսի 23-ից մինչև օգոսոտոսի 1-ը, այն էլ, ինչպես նկատում ենք, սոցիալական ցանցերով։ Իհարկե, պատասխանը հստակ է․ մարդկանց մեծ մասը հանգստի մեջ է և իրական գետնի վրա ակցիաներ անելը հղի է տապալման վտանգով։ Բայց բոլոր ընդդիմադիրները, նման ակցիաների համար նախատեսվող “առցանց ակտիվը”՝ 1500-2000 մարդուց բաղկացած բոտերի ֆաբրիկան, ծովափերից, արտերկրից կկարողանան “կամպանիան” տանել, քանի որ մարդկային ռեսուրսը /պլանում թվարկված օլիգարխների, նախկին նախագահների ու նրանց ստարող ուժերի, ռուսական ձեռնարկությունների աշխատակիցների և թվարկված այլ ավազաններից/ իրատեսական կլինի ունենալ միայն աշնանը։

Բայց հետևենք շարունակությանը, քանզի սա ամենևին կամ միայն թեժ աշնանը նախապատրաստություններ չեն, այլ ինչ-որ մի “իրադարձության” նկատմամբ դիրքավորման ու արագ արձագանքման հարկադրված մի բան։

Երկրորդ փուլն անվանվել է “Ներսից քայքայում”, որը պետք է ընդգրկի օգոստոսի 2-11-ը։ Ահա և այստեղ տեսնում ենք բանալի բառը՝ “Թիրախային ապատեղեկատվություն “գաղտնի բանակցությունների” մասին, խուճապի սերմանում իշխանական համակարգի ներսում։ Վստահության կորուստ Նիկոլի մերձավորների շրջանակներում։ Հաստատումներ ռուս գործընկերերի միջոցով”։

Պլանը կազմողը երկու բան հստակ գիտի․ ամռանը ինչ-որ բան նախատեսված է կամ հնարավոր է տեղի ունենա Հայաստան-Ադրբեջան կամ Հայաստան-Թուրքիա առանցքով, հնարավոր է անգամ մինչը հուլիսի 23-ը՝ Գաղտնի փուլի սկիզբը, և քանի որ հայերի ու “հայրենափրկիչ” ընդդիմադիրների մեծ մասը ծովափերում է լինելու, պետք է Գաղտնի ու Առաջին փուլերի միջոցով մի կատարյալ վիրտուալ անվստահության, անհանգստության ու հիասթափության ֆոն և մթնոլորտ ստեղծել, որը Նիկոլ Փաշինյանին կդարձնի անցանկալի անձ հասարակության, ժողովրդի ու անգամ իր թիմակիցների համար։ Իսկ դրա համար ամռան ընթացքում ավելի հավանական է՝ հայ-ադրբեջանական “գաղտնի բանակցություններում” Փաշինյանի “դավաճանությունը” հաստատում են “ռուս գործընկերները”, օրինակ Կոնստանտին Զատուլինը, միգուցեև՝ Մարիա Զախարովան ու մնացածը՝ ում գիտեք․․․   

Փուլ 2-ը վերնագրվել է “Լուռ ճնշում”, որն ընդգրկում է օգոստոսի 12-21-ն ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում տեղի են ուենում “հանրային հանդիպումներ առանց մեկնաբանությունների, լուսանկարների տարածում”։ Չգիտեմ՝ տեքստը պատրաստողը ըստ ամենայնի եղել է ռուսախոս, քանի որ տպավորութուն է, որ խոսքը առանց լուսաբանման, կամ առանց հաղորդագրությունների հանդիպումների մասին է՝ սոսկ լուսանկարների տարածմամբ, որը ձևակերպվել է “առանց մեկնաբանությունների”․․․Այդ ընթացքում նախատեսվում է “դաշնակիցների հավաքագրում ու դերաբաշխում։ Բագրատ Սրբազանը շրջում է թեմերով։ Սփյուռքը պատրաստվում է”․․․

Փուլ 3-ը ընդգրկում է օգոստոսի 22-31-ը, և անվանվել է “Տագնապի ազդանշան”, որի ընթացքում հնչում են “առաջին աղոթքները, ուղերձները և հուզական ռիլսերը։ Հայտնվում են խորհրդանիշներ և կարգախոսներ։ Հայտարարվում է ժողովրդական շարժման եռօրյա։ Նախաձեռնող խմբերի անդամները սկսում են ակտիվորեն ներկայանալ մեդիահարթակներում”։

Եվ, իհարկե, իրական գետնի վրա հաջորդող փուլերը սկսվում են սեպտեմբերի 1-ից՝ “Շարժում և վերադարձ”-ի Փուլ 4-ը սեպտեմբերի 1-13-ը, երբ սեպտեմբերի 14-ին Սփյուռքից, Հայաստանից հայահավաք-ժողով է տեղի ունենում, որն իշխանության դատավճիռն է հնչեցնում, իսկ ավելի ստույգ՝ սեպտեմբերի 14-19-ը Փուլ 5-ն է՝ “Մեկ ձայնը”, որի մեկնարկը համաժողովի հայտարարությունն էր լինելու, հաջորդ առանցքային ձայնը՝ Եկեղեցու կողմից Փաշինյանին ու նրա իշխանությանը օրհնությունից զրկելը՝ “հոգևոր ապալեգիտիմացումը”, իսկ եզրափակումը՝ զանգածային բողոքի ակցիաները Հայաստանում ու սփյուռքում․․․

Սեպտեմբերի 20-21-ը՝ Հայաստանի անկախության օրը հռչակվել է Որոշիչ փուլ՝ 6-ը, երբ առնվազն 80 հազարանոց համաժողովրդական հանրահավաքը Երևանում ու համասփյուռքյան ակցիաները պետք է հասնեին Փաշինյանի հրաժարականին, իսկ սեպտեմբերի 22-30-ը վերջին՝ 7-րդ փուլը պետք է ազդարարեր Նոր Ուժի կազմավորումը։     

Հավելյալ տեղեկատվություն է տալիս Պլանի այն մասը, որ 3 ռիլսերից բացի պետք է լայնորեն տարածվեին “բացատրող ծաղրանկարներ՝ Փաշինյան և թուրքական դրոշ, եկեղեցին՝ շղթայված, ժողովուրդը՝ դատարկ սեղանի շուրջ”, որը մատնում է որ սցենարիստի անհանգստությունը հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հնարավոր զարգացումներն են․․․ 

Պլանի թեկուզ թռուցիկ ոճային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա բնօրինակը այլ լեզվով է կազմված ու սա դրա ոչ այնքան հաջող թարգմանությունն է։ Դա ճչում է անգամ շարադրանքից, նախադասությունների կառուցվածից։ Մեծ հավանականությամբ բնօրինակը եղել է ռուսերեն․․․

Իսկ որ ինչ-որ ուժային կենտրոն տեղեկացված է պլանավորված ինչ-որ բանից, որ տեղի է ունենալու ամռանը, և փորձում է այդ ամենին ընդառաջ “թեժ ամառային նախապատրաստություններ” տեսնել , որպեսզի աշունը ազդարարվի իշխանության տապալման մասին, դրանում այլևս կասկած չկա։

Պլանին ընդդիմադիրների արձագանքներից ակնհայտ ճչում է, որ նույնիսկ նրանք շատ լավ չեն հասկանում կամ իրազեկված չեն, թե ինչո՞ւ է իրենց “հոգևոր կենտրոնը” զորակոչ հայտարարում ամռանը, ինչը երբևէ չի արել նախկինում։

Ի դեպ, պլանում առկա է հատուկ նշում՝ “Պլան B/C”, որը զգուշացնում է․ “օրինակ, ակտիվ ուժերի շտապ վերաուղղում դեպի ռուսական ու եվրոպական խորհրդանիշերի, փողոց դուրս գալու արագ ռեակցիա՝ առանց 20 սեպտեմբերի սպասելու, այլ իրադարձությունից 72 ժամ անց”։ Ուշադրություն դարձրեք մեջբերված նախադասության կառուցվածքին, որն ամենավատ թարգմանություններից է ու մատնում է, որ բնօրինակը հայերեն չի եղել, այն հայերեն մտածողությամբ հեղինակի գրչի բան չէ։ Ավելին, այն կանխավ տեղեկացնում է, որ հնարավոր է իրադարձություններն այնքան արագ զարգանան, որ խախտվեն վերոնշյալ 7 փուլերի ժամանակացույցերը և պետք լինի ամեն ինչ սկսել հենց “իրադարձությունից 72 ժամ անց”․․․

Այսինքն, սցենարիստը ընդդիմադիրներին չի ցանկանում խուճապի մատնել, որ հնարավոր է հանգստի չմեկնեն կամ ստիպված լինեն վերադառնալ, կամ դուրս գալ փողոց հենց ամռանը, քանի որ “իրադարձությունը” կարող է տեղի ունենալ ամռանը՝ ոչ թե հուլիսի 23-ից հետո, այլ ավելի շուտ․․․

Հետգրության փոխարեն․ օրեր առաջ Պրագայում GLOBSEC ֆորումի ժամանակ Հայաստանին նվիրված նիստի մոդերատորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե որքանո՞վ է նա հավատում Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Պատասախանը բառացի չեմ մեջբերի, բայց ասեց հետևյալը՝ եթե դա չստացվի հուլիսին, կփորձեմ օգոստոսին։ Եթե չստացվի օգոստոսին՝ կփորձեմ սեպտեմբերին, եթե չստացվի սեպտեմբերին, կփորձեմ հոկտեմբերին, ու այդպես շարունակ՝ մինչև ստացվի։

Ահա թե ինչու է ինչ-որ բանից մտահոգ “սցենարիստը” նախատեսել ոչ միայն պլան A, այլ նաև պլան B, պլան С, ու դրա կյանքի կոչման հարցում ապավինել գլխավորապես Ռուսաստանին, մի փոքր էլ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին՝ այնտեղ դաշնակցական կառույցների, որոշ հակաիշխանական շրջանակների բերումով․․․

Աղբյուրը ՝ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/share/19HxpamJhW/

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *