Հայերը թեև ունեին որոշ սահմանափակ իրավունքներ (հատկապես համեմատած Օսմանյան կայսրության հետ), բայց նաև ընկալվում էին որպես անկայուն տարր՝ ենթակա մշտական վերահսկման։ Նրանց ազգային ինքնության պահպանման փորձերը հաճախ հանդիպում էին բռնաճնշումների՝ դպրոցների փակման, մամուլի արգելքների, հասարակական գործունեության սահմանափակման միջոցով։
Արայիկ Մկրտումյան
Գլուխ 4
«Եթե Ավստրիան չլիներ, մենք պարտավոր էինք այն ստեղծել»
Պալացկի
19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Եվրոպայում ձևավորվում էր ռացիոնալ, ինստիտուցիոնալ քաղաքական մշակույթ, Ռուսական կայսրությունը շարունակում էր մնալ հիմնականում ավտոկրատական և ուժային վերահսկողության մեխանիզմների վրա հիմնված կայսրություն։ Ռուսական ինքնակալության համակարգը արտաքինից ընդօրինակում էր եվրոպական որոշ ինստիտուտներ, սակայն ներքուստ պահպանում էր կառավարման բացառիկ կենտրոնացվածությունը, ցարական միապետության անձնավորված իշխանությունը և հասարակության խիստ հիերարխիկ կառուցվածքը։
Ռուսական կայսրությունում պետությունը ներկայացվում էր ոչ թե որպես քաղաքացիական համակարգի արդյունք, այլ որպես վերից ուղղորդված, սրբազանացված կարգավորում։ Ցարը՝ որպես Աստծո օրհնությամբ միապետ, իր ձեռքում էր կենտրոնացնում ամբողջ իշխանությունը, օրենքը և ճակատագրական որոշումները։ Այստեղ օրենքը ոչ թե սահմանափակում էր իշխանությանը, այլ սրբադասում նրա կամքը։ Ռուսաստանը շարունակում էր մնալ կայսրություն ոչ միայն կայսերական ընկալման բազմազգության, այլև գերկենտրոնացված կառավարման սկզբունքով։ Այն շատ տարբեր էր Ավստրիական, Սրբազան Հռոմեական կայսրությունից։ Ռուսաստանում չկար ներկայացուցիչների ինստիտուտ։ Այն ըստ էության Եվրոպայի ամենահին կայսերական մոդելներից մեկն էր որդեգրել և կարողանում էր իրացնել դա՝ չնայած իր աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերներին։ Ցարիզմը՝ որպես իշխող համակարգ, պահպանողական էր ոչ միայն քաղաքական կառուցվածքով, այլև ամբողջ մշակութային հոգեբանությամբ։ Ռուսական կայսրությունը հենվում էր «հպատակության» սկզբունքին, որտեղ ցարը ներկայացվում էր որպես «աստծո ողորմած ընտրյալ», իսկ ժողովուրդը՝ որպես հավատարիմ հպատակներ։ Այս մտածողությունը, որ խորապես արմատավորված էր եկեղեցական քարոզչությամբ և ինքնակառավարման բացակայությամբ, արտահայտվում էր կայսրի նկատմամբ գոյություն ունեցող «царь батюшка»(թագավոր-հայրիկ) արտահայտությունը իր մեջ կրում էր ժողովուրդ-իշխանություն հարաբերությունների ամբողջ փիլիսոփայությունը։ Պատահական չէ, որ հետագա շրջանում, անսահմանափակ իշխանություն ունեցող Ստալինը, որ իրավական առումով պետական և կուսակցական պաշտոնյա էր, հորջոջվում էր «ժողովուրդների հայր» ձևով։
Հակառակ Եվրոպայի, որտեղ արդեն ձևավորվել էր քաղաքացիական հասարակությունը և ստեղծվել էին քաղաքական իրավունքներ պահանջող բուրժուազիական ու բանվորական շարժումներ, Ռուսաստանում քաղաքացիության գաղափարը գրեթե չկար։ Ճորտատիրությունը պաշտոնապես վերացվել էր միայն 1861թ․, ինչը զուտ պաշտոնական բնույթ ուներ և շատ դեպքերում փաստացի շարունակվում էր տարբեր ձևերով։ Գյուղացիների զգալի մասը դեռ մնում էր կախված հողատերերից և ենթարկվում էր ծանր հարկային ու վարչական ճնշումների։ Կրթական համակարգում էական փոփոխություններ չէին արվում։ Չհաշված կայսրության կենտրոնական մի քանի քաղաքներում կրթական կենտրոնների զարգացմանն ու մտավորական-քաղաքական խավի ձևավորմանը, պետության հսկայական մասը շարունակում էր ապրել խորը հետադիմական հայացքներով, սոցիալական ծանր դրության մեջ։
Նույնիսկ 1861 թ․ ճորտատիրության վերացումը, որը հաճախ ներկայացվում է որպես մեծ բարեփոխում, իրականում խորքային չէր փոխում գյուղացիական կյանքի հարաբերությունները։ Գյուղացիներն օրենքով ազատ էին, բայց մնում էին հողային կախվածության և պետական պարտավորությունների մեջ։ Ճորտատիրության վերացումը տնտեսական նորություններ չէր բերում։ Ճորտատիրությունից ազատված գյուղացիները շարունակում էին աշխատել նույն տարածքներում, նույն հողատիրոջ համար, արդեն ոչ թե ճորտ, այլ վարձու աշխատող համարվելով։ Պաշտոնական փոփոխությունն իրական հետևանքներ չէր թողնում։ Ավելին, ճորտատիրական-ֆեոդալական հայացքներին սովոր գյուղացին, ճորտի կարգավիճակից ազատվելուց հետո փաստացի հայտնվում էր «անտերության» մեջ։ Պաշտոնապես նա ազատ էր, բայց իր ազատությունն իրացնելու որևէ հնարավորություն չուներ ու ստիպված էր իր ազատությունը էժան գնով վաճառել իր նախկին տիրոջը, ըստ էության շարունակելով ապրել նույն պայմաններում։ Այնուամենայնիվ, ճորտատիրության վերացումը կարևոր քայլ էր ռուսական աշխարհում՝ ընդգծելով, որ նույնիսկ այստեղ նորություններն ու փոփոխությունները, թեև շատ դանդաղ, բայց իրականանում են։ Համեմատության համար՝ Եվրոպայում՝ նույն 1861թ․արդեն վաղուց վերացել էր հասարակության դասակարգային այդ հարցերը և պայքար ընթանում էր աշխատավոր դասի ու տիրապետող բուրժուա/կապիտալիստների միջև՝ որպես տարբեր դասակարգերի պայքար։
Թեև 19-րդ դարի վերջին Ռուսաստանում արդեն զարգանում էր արդյունաբերությունը (հատկապես Պետերբուրգում, Մոսկվայում, Բաքվում, Ուրալում), տնտեսությունը շարունակում էր մնալ գերազանցապես ագրարային։ Հողային ազնվականությունը և պետական բյուրոկրատիան ձևավորում էին իշխող վերնախավի ողնաշարը։ Բանվորական խավը նոր էր ձևավորվում և չուներ կայուն սոցիալական կամ քաղաքական ներկայացուցչություն։ Տնտեսության թույլ արդյունաբերացումը և տեխնոլոգիական հետամնացությունը խոչընդոտում էին հասարակության տնտեսական, ըստ այդմ քաղաքացիական զարգացմանը։ Երբ եվրոպական երկրներում նոր դասակարգերը (բուրժուազիան, բանվորները) փորձում էին սահմանադրական ճանապարհով ազդել քաղաքականության վրա, Ռուսաստանում այդ խմբերը հիմնականում դուրս էին մնում քաղաքական որոշումների շրջանակից։ Քաղաքացին ընկալվում էր ոչ թե որպես իրավունքի կրող, այլ որպես պետական մեքենայի մասնիկ։
Ազգային քաղաքականությունը և ռեպրեսիվ կառավարման մոդելը
Ռուսական կայսրությունը բազմազգ կազմ ուներ՝ լեհեր, ուկրաինացիներ, ֆիններ, բալթյան ժողովուրդներ, կովկասյան ժողովուրդներ, այդ թվում հայեր։ Սոցիալ-քաղաքական քաղաքականության հիմքում դրված էր «ռուսացումը» («обрусение»)՝ մեկ ազգային մշակույթի գերակայության պարտադրումը։ Սա ոչ միայն մշակութային քաղաքականություն էր, այլ նաև վերահսկման հզոր գործիք։ Դպրոցները, մամուլը, եկեղեցական կառույցները ենթակա էին խիստ ցենզուրայի և վերահսկողության։
Հայերի դեպքում այս քաղաքականությունը ավելանում էր տնտեսական և վարչական ճնշումների հետ։ Հայերը թեև ունեին որոշ սահմանափակ իրավունքներ (հատկապես համեմատած Օսմանյան կայսրության հետ), բայց նաև ընկալվում էին որպես անկայուն տարր՝ ենթակա մշտական վերահսկման։ Նրանց ազգային ինքնության պահպանման փորձերը հաճախ հանդիպում էին բռնաճնշումների՝ դպրոցների փակման, մամուլի արգելքների, հասարակական գործունեության սահմանափակման միջոցով։ Մեծ ու արդյունաբերական քաղաքներում՝ Թիֆլիս, Բաքու, փորձ էր արվում հսկել մտավորական կյանքն ու կապիտալը՝ չափից ավելի լուրջ և ազդեցիկ փոփոխություններ թույլ չտալու համար, իսկ ծայրահեղ դեպքում՝ ազգային թշնամանքն օգտագործվում էր ներքին քաղաքական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ 1905-07թթ․ հայ-թաթարական կռիվները ռուսական քաղաքականության հետևանք էին։ Հայ քաղաքական կուսակցությունները չէին կարող անմասն մնալ կայսերական ազգային քաղաքականությունից։ Սոցիալական արդարության և ազգային անկախության գաղափարներից բացի, նրանք ստիպված էին նաև զբաղվել ազգամիջյան բախումներով։
Բարեփոխումների փորձերը և համակարգի փակությունը
1850–60-ականների բարեփոխումները, որոնք Պետրոս Մեծի ռեֆորմներից հետո ամենախոշոր փորձերն էին, նպատակ ունեին արդիականացնել պետական կառավարման համակարգը և տնտեսական հիմքերը։ Սակայն հիմնական նպատակն էր ուժեղացնել կայսրության ռազմական և վարչական կարողությունները, այլ ոչ թե քաղաքացիական հասարակության զարգացումը։ Դրանից հետո ստեղծվեցին զեմստվոներ (տեղական ինքնակառավարման մարմիններ), բայց դրանց լիազորությունները խիստ սահմանափակ էին, իսկ ազգային հարցերում զեմստվոները գործնականում ոչ մի ազդեցություն չունեին։ Սահմանադրական զարգացման փորձերը անընդհատ ձախողվում էին։ Դումայի ստեղծումը (1905թ․հեղափոխությունիցհետո) սոսկ ձևական փոփոխություն էր, քանի որցարը պահպանում էր որոշումների վերջնական իրավունքը։ Սա էլ ցույց էր տալիս համակարգի խորքային փակ բնույթը։ Պետական Դումաների շարունակական ցրումները ցույց էին տալիս ցարական ռեժիմի թշնամանքը ցանկացած բարեփոխման նկատմամբ։
Գաղափարը, մտավորականությունը և հակասությունները
Ռուսաստանում 19-րդ դարի մտավորականությունը ապրում էր երկու մեծ հակադիր բևեռների միջև՝ սլավոնաֆիլներ և արևմտասերներ։ Սլավոֆիլները հավատում էին Ռուսաստանի յուրահատուկ առաքելությանը, ինքնաբավությամբ և հոգևոր գերազանցությամբ։ Արևմտասերները ձգտում էին արևմտյան սահմանադրական ու լիբերալ համակարգի ներդրմանը։ Այս հակադրությունը ձևավորում էր նաև գաղափարական հակասությունների խորացումը, որոնք հանգեցրին բազմաթիվ հեղափոխական խմբերի, այդ թվում սոցիալիստական շարժումների ձևավորմանը։Ռուսաստանում ևս հուզումները կրեցին սոցիալական ու քաղաքական բնույթ, բայց ի տարբերություն Եվրոպայի, դրանք ավելի անկազմակերպ, թույլ և ապակենտրոնացված էին։ Չկար առաջնորդող այն ռազմական-մտավորական էլիտան, որը առկա էր օրինակ ֆրանսիական շարժումների դեպքում, ինչպես չկար նաև քաղաքական ու մտավորական այն նախադեպը, որի հիման վրա Ռուսաստանում տեղի ուներ փոփոխությունների այնպիսի բնույթ, ինչպես երազում էին ռուս սոցիալիստները, որոնց նախորդել էին տարբեր շարժումներ՝ ինչպես նարոդնիկները, անարխիստները և այլն։
19-րդ դարի առաջին կեսից սկսած՝ Եվրոպան մի քանի մեծ հեղափոխական ալիք ապրեց․1830 թ․Փարիզում, 1848 թ․ գրեթե ամբողջ մայրցամաքում(այսպես կոչված «ժողովուրդների գարունը»), 1871 թ․Փարիզի կոմունան և այլն։ Այս շարժումներըտարածում էին ազատության, սահմանադրության, ժողովրդի ինքնիշխանության գաղափարները։Եվրոպական երկրներում այս հեղափոխությունները, անկախ կարճաժամկետ արդյունքներից, ձևավորեցին նոր քաղաքական մշակույթ՝ որտեղ քաղաքացին սկսեց ընկալվել որպես օրենքի առջև հավասար, իր իրավունքների և ազատությունների կրող։ Ռուսաստանում ևս այս շարժումները մեծ հետաքրքրություն առաջացրին մտավորականության, ուսանողական և որոշ բուրժուական շրջանակներում։ Շատ ռուս մտավորականներ էին գնում Եվրոպա ուսման կամ ճանապարհորդության նպատակով և վերադառնում էին լիբերալ կամ սոցիալիստական գաղափարներով հագեցած։ Սրանց օրինակն էր Նիկոլայ Չեռնիշևսկու «Что делать?» վեպը, որը դարձավ ռուս հեղափոխական երիտասարդության գաղափարական ձեռնարկ։
Բայց Ռուսաստանում համակարգը փակ էր։ Ցարիզմի խիստ հսկողության պայմաններում եվրոպական հեղափոխական մեթոդների կիրառումը գրեթե անհնար էր։ 1860-ականներին սկիզբ առած «Նարոդնիկների» շարժումը, որի կարգախոսն էր «գնալ դեպի ժողովուրդը», փորձեց գյուղացիներին արթնացնել, նրանց մեջ տարածել հեղափոխական գաղափարներ։ Սակայն ռուս գյուղացիների ավանդական և կրոնական մտածելակերպը, միասնական համայնքային կառույցները և ցարի «հոր» ընկալումը կասեցրին շարժումը՝ այն վերածելով տեղային ընդվզումների, որոնք դաժանությամբ ճնշվեցին։ Նույնիսկ Ալեքսանդր 2-րդ ցարի սպանությունը, որ Ռուսաստանում աննախադեպ էր(աննախադեպ այն առումով, որ ոչ թե ցարն էր սպանվում, այլ նրան սպանում էին «հասարակ մարդիկ», ոչ թե արքայականա ընտանիքի այլ անդամներ կամ բարձրաստիճան ազնվականներ) էական որևէ փոփոխություն չմտցրեց։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում, հատկապես 1905 թ․առաջինռուսական հեղափոխության ժամանակ, կրկին փորձարվեց զանգվածային շարժման միջոցովպարտադրել սահմանադրություն, ազգային ազատություններ և սոցիալական բարեփոխումներ։ Սակայն նույնիսկ Դումայի ստեղծումը արդյունք չէր իրական սահմանադրական փոփոխության, այլ լոկ ճնշումները մեղմելու փորձ՝ առանց իրական իշխանություն զիջելու։
Հայկական կուսակցությունների համար սա հատկապես ցավալի էր։ Նրանք վստահ էին, որ Ռուսաստանում հնարավոր կլինի ընդօրինակել եվրոպական կուսակցական մոդելը՝ գաղափարական պայքարի, զանգվածային մոբիլիզացիայի և հանրային օրինական շարժումների ձևով։ Սակայն ցարիզմի ռեպրեսիվ համակարգն անողոք էր։ Քաղաքական կուսակցությունների գործունեությունը օրենքից դուրս էր, մամուլը սաստիկ ցենզուրայի տակ էր, և ամեն մի քաղաքական նախաձեռնություն հանդիպում էր աքսորների, բանտարկությունների և սպանությունների։ Այս պայմաններում հայկական կուսակցությունները հայտնվեցին իռացիոնալ երկընտրանքի մեջ․ նրանք մի կողմից փորձում էին գաղափարապես հետևել եվրոպական քաղաքական մեխանիզմներին, մյուս կողմից ստիպված էին գործել գաղտնի կազմակերպությունների, ինքնապաշտպանության ուղիներով։
Եվ կրկին այստեղ արդիական է Երվանդ Օտյանի սարկաստիկ գնահատականը, որը ի դեմս Փանջունու, նկատում էր, որ նախ պետք է դասակարգ ստեղծել, հետո նոր մոբիլիզացնել և պայքարել։ Ռուսաստանում՝ ինչպես Օսմանյան կայսրությունում, դասակարգային գիտակցությունը չէր ձևավորվել այն չափով, ինչպիսին Եվրոպայում էր։ Գյուղացին իր աչքում տեսնում էր ոչ թե կաշառակեր բյուրոկրատին, այլ «ցարին», որի հետ դժգոհությունը վերածվում էր ճակատագրական լռության կամ աղոթքի, ոչ թե հեղափոխական ինքնագիտակցության։
Չիրականացած երազանք
Եվրոպական հեղափոխական փիլիսոփայության ներմուծումը Ռուսաստանում շատ դեպքերում վերածվեց արմատականիզմի և ի վերջո հուսահատության։ Փոխանակ դառնալու քաղաքական շարժումների շարժիչ ուժ, գաղափարները դարձան գաղտնի խմբերի սնուցող աղբյուր՝ առանց լայն ժողովրդական հիմքի։ Սա հատկապես մեծ հարված էր հայ գործիչների համար, որոնք վստահ էին, որ եվրոպական կուսակցականության մոդելները կարող են ամբողջությամբ կիրառվել և իրենց ազգի ազատագրության համար դառնալ հզոր միջոց։Արդյունքում, ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Ռուսաստանում, հայ կուսակցությունները հայտնվեցին կիսատ իրողության մեջ՝ գաղափարներ կային, բայց ինստիտուցիոնալ հենք չկար, ներքին շերտավորում չկար, իսկ պետական մեքենան բացարձակապես անտարբեր էր կամ թշնամական։ Ռուսական կայսրության քաղաքական և հասարակական միջավայրը դարձավ գաղափարական և կազմակերպչական ձախողումների դաշտ։ Հենց այսպես ծնվեց այն դառն զգացողությունը, որը Օտյանը վերածեց խայթող հումորի՝ փաստելով, որ հայ գործիչները փորձեցին «նախ դասակարգ ստեղծել, հետո նոր պայքար հրահրել»՝ մի միջավայրում, որտեղ անգամ առաջին քայլը անհնար էր։ Այդ իրավիճակը երբեմն դրդում էր ծայրահեղ քայլերի, քանի որ օրենսդրական եղանակով անհնար էր որևէ արդյունքի հասնել, իսկ ավելի հաճախ՝ սոցիալական հուզումների, որոնք ավարտվում էին անարդյունք;
Բանվորական շարժումները նույնպես փորձում էին համախմբվել՝ ի վերջո հանգեցնելով 1905 թվականի հեղափոխությանը։ Սակայն այս փորձը կոտրվեց բռնությամբ և չհասավ համակարգային փոփոխությունների։ Նույնն էլ հետագայում՝ 1917թ․հեղափոխության նախօրեին։ 1917թ․հեղափոխությունը հաջողության հասավ, բայց Փետրվարյան հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունը տապալվեց և արդեն հոկտեմբերին ստեղծված բոլշևիկյան իշխանությունը Ռուսաստանում ձևավորվեց էլ ավելի խիստ ու ավտորիտար ռեժիմ, քան նույնիսկ ցարական իշխանությունն էր։
Եվրոպական և ռուսական ապստամբությունների սկզբունքային տարբերությունները
Ֆրանսիական մեծ հեղափոխությունը (1789), Փարիզի կոմունան (1871), 1848-ի հեղափոխությունները Եվրոպայում մի մեծ գաղափարական հիմք ունեին՝ քաղաքացիության գաղափարը, քաղաքական և սոցիալական ազատությունները, իրավունքի գերակայությունը և ազգային ինքնիշխանությունը։ Ֆրանսիայում օրինակ, մինչև հեղափոխությունը արդեն ձևավորվել էր բավական զարգացած քաղաքային բուրժուազիա, կրթված մտավորականություն և քաղաքացիական հասարակության տարրեր։ Հեղափոխությունը այստեղ ընկալվում էր որպես իրավունքի վերականգնում, ազատության հաստատում, հասարակական պայմանագրի նորացված ձև։ Նույն տրամաբանությամբ ձևավորվեց Փարիզի կոմունան, որն իհարկե ուներ սոցիալիստական երանգ, բայց այդուամենայնիվ քաղաքացիական մասնակցության լայն հիմք ուներ, համայնքային ինքնակառավարման սկզբունք։ Եվրոպայում հիմնական շարժիչ ուժերը լինում էին քաղաքային խավերը, կրթված միջին դասակարգը, աշխատավորները և բուրժուազիան։ Այլ կերպ ասած՝ հեղափոխությունը բխում էր ներսից հասունացած սոցիալ-տնտեսական հակասություններից, և այդ հակասությունների լուծման պահանջից։
Ռուսական ապստամբությունների բնույթը
Ռուսաստանում, սակայն, իրավիճակը բնորոշվում էր ավելի խորքային խզումով․
• Կրեպոստնոե պրավո (ճորտատիրական իրավունքը) ձևավորել էր գյուղացիության լիակատար կախվածությունը պետությունից և հողատերերից։ Գյուղացիները չունեին ոչ իրավական սուբյեկտություն, ոչ քաղաքական ինքնագիտակցություն։ Նրանց ապստամբությունները հաճախ սպոնտան էին, բռնկվող, դաժան, բայց ոչ կազմակերպված։
• Պուգաչովի ապստամբությունը (1773–1775), օրինակ, ավելի շուտ ժողովրդական անկառավարելի բողոքի ալիք էր, քան գաղափարական հեղափոխություն։ Գյուղացիների հիմնական նպատակը չէին սահմանադրությունը կամ մարդու իրավունքները, այլ հողի և ազատ ապրելու ցանկությունը՝ առանց հարկերի ու ճորտատիրոջ ճնշման։ Սա կարելի է բնութագրել որպես կենցաղային արդարության պահանջ, ոչ թե քաղաքական վերափոխման ծրագիր։
• Դեկաբրիստների ապստամբությունը(1825) արդեն ինտելեկտուալ մակարդակում առաջին փորձն էր՝ ներքևից քաղաքական պահանջ դնել։ Բայց դեկաբրիստներն էլ մեծապես կտրված էին զանգվածներից․ նրանք կրթված ազնվականնե րէին, որոնք ցանկանում էին սահմանադրություն ևազատություններ, սակայն չունեին ժողովրդական աջակցություն։ Դեկաբրիստներընույնը չէին, ինչ ֆրանսիական բուրժուազիան՝կապված լայն խավերի հետ։
• 1905-ի հեղափոխությունը, որը հաճախ համեմատում են եվրոպական հեղափոխությունների հետ, ցույց տվեց ռուսական իրականության ամենամեծ խնդիրը․հասարակական խավերը չունեին համաչափ պատրաստվածություն։ Մի կողմից գործարանային բանվորները փորձեցին հետևել եվրոպական գործադուլային և խորհրդային մեխանիզմներին (սկզբում ձևավորեցին պալատ կոմիտետներ, խորհուրդներ), բայց գյուղացիությունը հիմնականում մնաց չներգրավված կամ պարզունակ ապստամբության մակարդակում։ Մյուս կողմից բուրժուազիան խուսափում էր կտրուկ քայլերից, վախենալով հեղափոխության հետևանքներից։
Հոգեբանական ու մշակութային տարբերությունը
Ֆրանսիայում հեղափոխության հիմնական շղթան էր «քաղաքացին»՝ մարդը, ով իրավունքի կրող է։ Ռուսաստանում մարդը՝ որպես «հպատակ», մինչ օրս պահպանվում էր հասարակական գիտակցության մեջ։ Ռուսական եկեղեցական և կայսերական իդեոլոգիան ներկայացնում էին ցարին որպես «հայր», իսկ ժողովուրդը՝ որպես հպատակ զավակ։ Սա հոգեբանական խոչընդոտ էր՝ իրական քաղաքացիական շարժման համար։ Հետևաբար, ռուսական ազատականները և սոցիալիստները, երբ փորձում էին եվրոպական գաղափարները ներմուծել, հանդիպում էին նույն խնդրին, ինչ հայկական կուսակցությունները․գաղափարներընլուսավոր էին, բայց միջավայրը պատրաստ չէր։ Զանգվածը չուներ ո՛չ տնտեսական անկախություն, ո՛չ իրավական պաշտպանություն, ո՛չ քաղաքացիական ինստիտուտների փորձ։Կայսրությունը կայունացնելու համար ցարիզմը հարկադրված էր խեղդել ցանկացած տեղային ինքնավար միտք։ Ինչպես Օսմանյան կայսրությունում քաղաքական բարեփոխման ու ազգային ինքնության փորձերը դիտվում էին որպես դավաճանություն, այնպես էլ Ռուսաստանում նույնիսկ ձևական ինքնավարության կամ սահմանադրական գաղափարները ընկալվում էին որպես սպառնալիք կայսրության ամբողջությանը։Այս հակադրությունը՝ կայսրության պահպանման ռազմավարությունն ընդդեմ ազատության գաղափարը, ստեղծում էր մի բարդ պարադոքս․ինքիշխանության կոչերը շատ արագ վերածվում էինպետական դավաճանության մեղադրանքի։ Սասարսափելի, բայց զսպող մեխանիզմ էր։
Ռուսական «ոսկե միջինի» պարադոքսը
Ռուս լիբերալների և պահպանողականների ամենախորքային հակասությունը սա էր՝ ինչպե՞ս համատեղել ազատության գաղափարը և պետության պահպանման անհրաժեշտությունը։ Սա սկզբունքային տարբերություն էր եվրոպական հեղափոխական շարժումների հետ համեմատ․
Ֆրանսիացիները, հատկապես Մեծ հեղափոխության ժամանակ, գիտակցաբար պատրաստ էին հիմնովին քանդել պետության կառուցվածքը, վերացնել միապետությունը, իսկ հետո կառուցել նոր հասարակություն՝ նոր օրենքներով ու սկզբունքներով։ Ֆրանսիան նույնիսկ մի քանի անգամ անցավ ծայրահեղական փուլերով՝ առաջին հանրապետությունից մինչև հարյուրամյա կայսրություններ ու նոր հանրապետություններ, այդ թվում՝ կոմունայի փորձը։ Նրանք գաղափարապես հավատում էին, որ պետությունը պետք է ծառայի ժողովրդին, և եթե այն հակասում է ազատությանը, պետք է մերժվի։ Ռուսաստանում, սակայն, պետությունը ընկալվում էր որպես գոյության և ինքնության հիմք, որպես պաշտպանիչ հսկա մարմին՝ «դրսի» և «ներքին» վտանգների դեմ։ Ռուսական քաղաքական մտածողությունը, նույնիսկ իր լիբերալ և սոցիալիստական տարբերակներում, խորը ներծծված էր կայսերական հոսանքներով։ Շատերը հասկանում էին, որ լիակատար ազատությունը կարող է քայքայել բազմազգ կայսրության կառույցը։ Օրինակ՝ կադետները(Սահմանադրական-դեմոկրատական կուսակցություն) ուզում էին կառուցել սահմանադրական միապետություն՝ անգլիական կամ բելգիական օրինակով։ Նրանք փորձում էին առաջարկել «սկզբունքների միջին տարբերակ», որը կտա օրինական ազատություններ, բայց միևնույն ժամանակ կպահպանի կայսրությունը։ Սակայն հենց սա էլ դարձավ ամենամեծ դիլեման․
• Ազատությունը պահանջում էր անձնական իրավունքներ, ազգային ինքնորոշում, քաղաքական մասնակցության լայն հնարավորություններ։
• Կայսրությունը պահանջում էր խստորեն կենտրոնացված հիերարխիա, վերահսկվող տարածք և ժողովրդի խիստ ենթակայություն։
Այս հակասությունը երբեք ամբողջությամբ չէր լուծվում։ 1917 թ. փետրվարյան հեղափոխության ժամանակ, երբ ցարը գահընկեց արվեց և ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, իրականում մի փորձ կատարվեց սահմանադրական միապետությանը մոտ համակարգ ստեղծելու կամ գոնե խորհրդարանական հանրապետություն կառուցելու։ Սակայն պետությունը չափազանց թույլ էր, իշխանությունը ցրված, իսկ քաղաքական և սոցիալական խավերը՝ անպատրաստ։ Արդյունքում նոր համակարգը շատ արագ փոխարինվեց բոլշևիկյան ռադիկալիզմով և վերածվեց էլ ավելի խիստ, կենտրոնացված, տոտալիտար կառավարման։ Այս պատմական ձախողումը ցույց տվեց, որ ռուսական հասարակությունը, ի տարբերություն Ֆրանսիայի, չուներ բավարար հենք ու հոգեբանական պատրաստակամություն հիմնովին վերակառուցելու պետությունը։
Հայկական կուսակցությունների դիլեման
Հայ կուսակցությունները, որոնք ռուսական միջավայրում էին ձևավորվում, իրենք ևս ընկնում էիննույն գաղափարական փակուղու մեջ․
• Մի կողմից նրանք կրում էին ազատության, ինքնավարության և ազգային իրավունքների գաղափարը՝ ներշնչված եվրոպական հեղափոխություններից։
• Մյուս կողմից, գործելով ռուսական կայսրության սահմաններում, նրանք ակամայից պետք է հաշվի նստեին կայսերական խաղի կանոնների հետ, հատկապես եթե փորձ էր արվում ստանալ թեկուզ քիչ ազատություններ (օրինակ՝ մշակութային ինքնավարություն կամ քաղաքական մասնակցություն Դումայում)։
Այսպես առաջացավ դիսոնանս․ հայ քաղաքական գործիչները հաճախ չէին կարողանում հստակ սահմանել, թե որն է առաջնային՝
• Ազատությունը որպես արժեք կայսրության շրջանակում (օրինակ՝ մշակութային իրավունքներ, տեղական ինքնավարություն),
• Թե՞ անկախությունը՝ սեփական պետության կառուցման ճանապարհով։
Ոմանք՝ ավելի ռեալիստական գործիչները (օրինակ՝ հայկական ազգային ազատական խմբերը), ընտրում էին առաջին ճանապարհը՝ հույս դնելով ռուսական «պահպանողական լիբերալիզմի» վրայ։ Մյուսները՝ ավելի հեղափոխական ուղղությունների հետևորդները (Դաշնակցությունը, որոշ սոցիալիստական խմբեր), ավելի մոտ էին լիակատար անկախության տեսլականին։ Բայց ինչպես ռուս լիբերալները, հայ գործիչներն էլ «անպատրաստ» միջավայրում էր գործում․սոսյալ-տնտեսական, իրավական ևքաղաքացիական ենթակառուցվածքները բացակայում էին։ Ֆրանսիայում հեղափոխության սկզբունքը շատ պարզ էր․«մեկ պետություն — մեկ ազգ — մեկ քաղաքացի», եթե պետությունը խանգարում է, քանդում ենք։
Ռուսաստանում՝ «պետությունը գերակա արժեք է», այն պետք է պահպանել ցանկացած գնով, նույնիսկ եթե ազատությունները զոհաբերվեն։ Հայ կուսակցությունները կանգնած էին այս երկուսի միջև, և մշտական ներքին դիլեման էր՝
• Մի կողմում սեփական իրավունքների ձգտում։
• Մյուս կողմում կայսրության մեջ տեղավորվելուհարկադրանքը։
Արդյունքում, գաղափարը մնաց օդում, անթույլատրելի շեղված գործող իրականությունից։ Հայ գործիչներն ի վերջո հայտնվեցին Օտյանին կարագրած վիճակում՝ երբ Փանջունին պիտի նախ դասակարգ ստեղծեր, հետո նոր պայքարեր։
Գաղափարի և իրականության բացը
Ռուս լիբերալներն ու սոցիալիստները նույն պակասը ունեին, ինչ հայ գործիչները․ նրանք առաջարկումէին վերաբերման նոր ձևեր, բայց առանց սոցիալական ենթակառուցվածքների։ Դրանք սերտորեն կապված էին եվրոպական կրթության և գրականության հետ, բայց սեփական հասարակությունում չունեին իրական հենարան։ Այսպես էին հայտնվում չհաջողված հեղափոխական կազմակերպությունները, մասնատված կուսակցությունները, և ի վերջո՝ աքսորների ու մահապատժի երկար ցանկը։ Հայ սոցիալիստներն էլ մեծ մասամբ ընդօրինակում էին այս մոդելը՝ սկսած ծրարների մեջ թռուցիկներ տարածելուց մինչև աքսորներով վերածված ռոմանտիկ մարտիրոսության։ Բուն սոցիալական շարժիչ ուժը հաճախ բացակայում էր։ Հայկական կուսակցությունները ռուսական միջավայրում գործելիս ստիպված էին միաժամանակ բախվել ցարական իշխանության ռեպրեսիվ բնույթին և ազգայնացման քաղաքականությանը։ Օսմանյան կայսրության համեմատ՝ Ռուսաստանում չկային անմիջական ֆիզիկական բնաջնջման սպառնալիքներ, բայց այստեղ էլ քաղաքական գործունեությունը վտանգված էր բանտարկություններով, աքսորներով, մամուլի փակմամբ ու մշտական ոստիկանային վերահսկմամբ։
Հայկական կուսակցությունները Ռուսաստանում նույնպես ընդունեցին եվրոպական գաղափարախոսությունները՝ սոցիալիզմը, լիբերալիզմը, ազգայնականությունը։ Դաշնակցությունը, օրինակ, հաճախ համագործակցում էր ռուսական սոցիալիստական խմբերի հետ։ Սակայն այստեղ էլ հանդիպում էին նույն հիմնարար խնդրին․ ժողովրդական զանգվածները չունեին քաղաքական պատրաստվածություն և ինստիտուցիոնալ սպասարկման փորձ։ Ավելին, իշխանության մոտեցումը՝ ցանկացած քաղաքական ակտիվություն կասեցնել ուժով, խեղդում էր հասարակական քննարկումների և օրինական պայքարի հնարավորությունը։ Հայերը դասակարգային և ազգային ինքնագիտակցության հարցում դեռ գտնվում էին ձևավորման փուլում։ Բացի այդ, ռուսական քաղաքական համակարգում չունեին որևէ հասանելիություն իշխանությանը։ Նրանք չէին կարող գործել ոչ որպես օրինական ընդդիմություն, ոչ որպես ներսից վերափոխող մեխանիզմ։Հայկական կուսակցությունները նաև ռուսական կուսակցությունների հետ խնդիրներ ունեին այն առումով։ Ռուսական կայսրությունը ոչ միայն քաղաքականապես փակ էր, այլ նաև գաղափարական առումով հակված էր ազգային միատարրության և կենտրոնացվածության հաստատման։ Քաղաքացին դիտարկվում էր որպես հպատակ, ոչ թե որպես իրավունքի կրող։ Իսկ հայկական կուսակցությունները հայտնվել էին միջավայրում, որտեղ եվրոպական կուսակցական մոդելը հնարավոր չէր ամբողջությամբ իրականացնել։ Կային նաև այլ խնդիրներ, որոնք իրենց ողջ էությամբ փլվեցին տեղական կուսակցությունների գլխին։ Արդյունքում, ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Ռուսաստանում, հայ կուսակցությունների փորձերը՝ ստեղծել եվրոպական տիպի կուսակցական համակարգ, վերածվեցին գաղափարական ու գործնական ձախողումների։ Գաղափարը կար, բայց միջավայրը բացարձակ անհամապատասխան էր։Հայկական կուսակցությունների ձախողումը պայմանավորված էր ոչ թե գաղափարների պակասով, այլ սոցիալ-քաղաքական ենթակառուցվածքների բացակայությամբ և ռուսական կայսրության ռեպրեսիվ բնույթով։
Արայիկ Մկրտումյան
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
