Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ըստ Զարդուշտ Ալիզադեի՝ 1992 թվականի փետրվարի 25-ի ուշ երեկոյան եղբայրը՝ Արազ Ալիզադեն, Մոսկվայից զանգել է եւ հրճվանքով ասել, որ «վերջ, Խոջալուն փրկված է, Ելցինը հրամայել է 366-րդ գունդը դուրս բերել Ստեփանակերտից»: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 22

Ադրբեջանի վաստակավոր լրագրող Տատյան Չալաձեի «Դատապարտված Խոջալու» գրքում, որի խորհրդատուն Ազգային անվտանգության նախկին նախարար Նամիկ Աբասովն է, փաստթղթի լուսապատճեն է հրապարակվել, ըստ որի  1992 թվականի հունվարին հատուկ ծառայությունները մշակել եւ նախագահ Մութալիբովի հաստատմանն են ներկայացրել Խոջալուից խաղաղ բնակչության տարհանման ծրագիր: Ըստ Խոջալուի «գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովի վկայության՝ նախապես բնակչության տարհանումն իրականացվել է ԱՊՀ Միացյալ զորքերի Գյանջային դեսանտային դիվիզիայի ուղղաթիռների միջոցով: 

1992 թվականի հունվարին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, ավելի ճիշտ՝ նրա մշտական հիմունքներով գործող եւ «Միլլի շուրա/Ագային խորհուրդ» անվանված մարմինը երկու անգամ մերժել է ԱՊՀ կազմավորման եւ Միացյալ զինված ուժերի մասին նախագահ Մութալիբովի ստորագրած փաստաթղթերի վավերացումը, խնդիր է դրվել, որ «ռուսական բոլոր զորքերը պետք է հեռանան, իսկ նրանց ունեցած ամբողջ սպառազինությունը՝ բռնագրավվի»: Այդ իրավիճակում Գյանջայի դեսանտային դիվիզիայի հրամանատարությունը դադարեցրել է դեպի Խոջալու եւ ԼՂ տարածքի այլ ադրբեջանաբնակ համայնքներ ուղղաթիռների թռիչքները, որ ոչ միայն խաղաղ բնակչության տարհանում էին իրականացնում, այլեւ պարեն, վառելիք, դեղորայք եւ այլ անհրաժեշտ պարագաներ էին մատակարարում ադրբեջանական «ինքնապաշտպանության ուժերին»:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում Խոջալուում մնացած շուրջ հազար խաղաղ բնակիչներին տարհանելու մասին Ադրբեջանի ԱԱ նախարարության կազմած ծրագիրը: Այն նախատեսում էր X պահի Շուշիից սկսել Ստեփանակերտի հուժկու հրթիռահրետակոծում, որին պետք է հետեւեր Ասկերանի դեմ երկու՝ Աղդամի եւ Ջիննիի ուղղություններից «ինքնապաշտպանական ուժերի հարձակում, ճակատային գծի ճեղքում եւ մարդկանց տարհանում Խոջալու-Ասկերան-Աղդամ, Խոջալու-Նախիջեւանիկ-Շելլի եւ Խոջալու-Սարդարաշեն-Ջինլի երթուղիներով»:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն եւ Մութալիբովի մամուլի քարտուղար Ռասիմ Աղաեւը «երկրորդ հանրապետության վախճանը» գրքում վկայում են, որ 1992 թվականի փետրվարի  24-ին Արազ Ալիզադեն (Զարդուշտ Ալիզադեի եղբայրը), ստանալով ԱՊՀ Միացյալ զորքերի գլխավոր հրամանատար մարշալ Եվգենի Շապոշնիկովի համաձայնությունը, մեկնել է Մոսկվա եւ քննարկել Ստեփանակերտում տեղաբաշխված 366-րդ գունդը լուծարելու հարցը: 

Մի քանի օր առաջ Ադրբեջանի հատուկ ծառայություններին հաջողվել էր նշված զորամասից առեւանգել ազգությամբ ղազախ եւ ուզբեկ երկու շարքային զինվորի եւ տեղափոխել Բաքու, որտեղ նրանք հեռուստատեսությամբ հանդես են եկել եւ պնդել, որ գնդի «ազգությամբ հայ սպաները զինվորներին հարկադրում են կռվել ադրբեջանցիների դեմ»: Ո՞վ էր ապահովել ադրբեջանցի հետախույզների Ստեփանակերտ մուտքը, ի՞նչ գնով են Բաքվին փոխանցվել «դասալիքները»՝ որեւէ աղբյուր վկայություն չունի: 

Ակնհայտ է, որ այդ գործողությունն իրականացվել է 366-րդ գնդի հրամանատարության եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությամբ: Նման չափազանց համարձակ գործողությունը կանխելու հնարավորություն Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցները եւ վերակազմավորվող հատուկ ծառայություններն ունեի՞ն: «Դասալիք» զինվորներն, ըստ ադրբեջանական վարկածի, «ինքնակամ լքել են զորամասի տարածքը, շրջանցել Շուշիի ուղղությամբ հայկական դիրքերը եւ հանձնվել Ադրբեջանի իրավապահներին»:

Ըստ Զարդուշտ Ալիզադեի՝  1992 թվականի փետրվարի  25-ի ուշ երեկոյան եղբայրը՝ Արազ Ալիզադեն, Մոսկվայից զանգել է եւ հրճվանքով ասել, որ «վերջ, Խոջալուն փրկված է, Ելցինը հրամայել է 366-րդ գունդը դուրս բերել Ստեփանակերտից»: Որքանո՞վ է իրական այդ պատմությունը, որքանո՞վ՝ հնարածին, դժվար է կողմնորոշվել: Ադրբեջանցի քաղաքագետը միայն գրում է, որ «նույն գիշեր հայկական ուժերը գրոհել են Խոջալուն»: Խոջալուի ռազմագործողությունն, իրոք, սկսվել է 1992 թվականի փետրվարի լույս  26-ի գիշերը: Այդ որոշման ռազմական եւ քաղաքական հիմնավորման մասին բազմիցս է գրվել: Անգամ ադրբեջանցիներն են խոստովանել, որ գործողությանը նախորդած երեք-չորս օրերին հայկական կողմը բարձրախոսներից մի քանի անգամ տեղեկացրել է օդանավակայանն ապաշրջափակելու մտադրության մասին եւ հորդորել, որ խաղաղ բնակչությունը հեռանա՝ երաշխավորելով նրա անվտանգությունը:

Ըստ վստահություն ներշնչող աղբյուրների, Խոջալուից խաղաղ բնակչության տարհանմանը կտրուկ դեմ է արտահայտվել «քաղաքի գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովը: Կարծիք կա, որ նա «անցել է Մութալիբովին ընդդիմադիր ուժերի կողմը եւ ցանկություն է ունեցել ապագայում լինել ԼՂ ադրբեջանական վարչակազմի ղեկավար»: Այս տեսակետը քաղաքական առումով հիմնավոր է: Եւ, այդուհանդերձ, անհասկանալի եւ չափազանց արտառոց է, որ Խոջալուի ռազմական հենակետերը գրոհող հայկական ինքնապաշտպանական ուժերի առաջին շարքերում 1992 թվականի փետրվարի լույս 26-ի գիշերը հայտնվել է խորհրդային-ռուսաստանյան ֆոտոլրագրող Վիկտորյա Իվլեւան, որ «մարտական մկրտություն» է ստացել Անգոլայում, եղել Աֆղանստանում եւ աշխարհի այլ «թեժ կետերում»:

 Խոջալույում հաջորդ օրն արված նրա լուսանկարները որոշ ժամանակ անց հայտնվել են …ադրբեջանական կողմի տրամադրության տակ: Ո՞վ է ապահովել Իվլեւայի ներկայությունը «դատապարտված» Խոջալուում՝ այս հարցը երբեք չի քննարկվել եւ առայսօր մնում է անպատասխան:

(Շարունակելի)

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *