Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ադրբեջանի նախագահ Մութալիբովը հետագայում հիշել է, որ ստանալով Խոջալուի «խաղաղ բնակչության զանգվածային կոտորածի մասին տեղեկությունը», դեռեւս գործող կառավարական կապի հեռախոսով զանգահարել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանին, որ վճռականորեն հերքել է խաղաղ բնակչության «զանգվածային սպանությունների մասին տեղեկությունը» եւ հավաստիացրել, որ նրանց համար ապահովվել է անվտանգ միջանցք, իսկ ովքեր չեն հեռացել, ապահով պահվում են: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 23

Խոջալուի բուն ռազմագործողությունն ավարտվել է 1992 թվականի փետրվարի լույս  26-ի գիշերը: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է գրավել օդանավակայանը, որի պաշտպանության պատասխանատուն Ալեֆ Հաջիեւն էր: Վերջինս նախկինում հանդիսացել է ԼՂԻՄ ՆԳՆ աշխատակից, կաշառակերության մեղադրանքով դատապարտվել է ութ տարվա ազատազրկման:  1989 թվականին Ադրբեջանի իշխանություններին հաջողվել է նրան Ռուսաստանի քրեա-կատարողական հաստատությունից տեղափոխել Բաքու: Ֆորմալ պայմանավորվածությամբ նա պատժի մնացած մասը պետք է կրեր Շուվելյանի ուղղիչ-աշխատանքային գաղութում: Կարճ ժամանակ անց, սակայն, Հաջիեւը «դատարանի վճռով արդարացվել է», վերականգնվել  որպես ՆԳՆ աշխատակից, ստացել կապիտանի կոչում եւ գործուղվել Լեռնային Ղարաբաղ: 1990 թվականի հունվարին Ալեֆ Հաջիեւը նշանակվել է Ստեփանակերտի օդանավակայանի պարետ եւ աչքի ընկել հայ ուղեւորների նկատմամբ բռնություններով, մարդկանց առեւանգումներով:

Մասնավորապես, նա է կազմակերպել ԼՂԻՄ-ից ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Բորիս Դադամյանի առեւանգումը: Ադրբեջանի վաստակավոր լրագրող Տատյանա Չալաձեի «Դատապարտված Խոջալու» գրքում վկայություն կա, որ Խոջալուի ռազմագործողությունից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունից Աղդամ է գործուղվել դիվերսիոն-հետախուզական խումբ, որի առջեւ դրվել է Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքուղին եւ դիսպետչերական կապի աշտարակը պայթեցնելու խնդիր: Ըստ Չալաձեի՝ խումբը կարողացել է Աղդամից մուտք գործել Խոջալու, պայթյուցիկ նյութերը եւ մյուս անհրաժեշտ պարագաները փոխանցել Ալեֆ Հաջիեւին եւ վերադառնալ: Ինչպե՞ս է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբը մտել Խոջալու, եթե բնակավայրը, ինչպես Բաքվի պաշտոնական քարոզչությունն է պնդում, «գտնվում էր պաշարման մեջ»: Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմն, այնուամենայնիվ, ունեցել է Խոջալու-Աղդամ շրջանցիկ կապի ցամաքային ճանապարհ: ԼՂ ինքնապաշտպանական ուժերի սրընթաց հարձակումը թույլ չի տվել, որ Հաջիեւն իրականացնի օդանավակայանի թռիչքուղու եւ կապի դիսպետչերական աշտարակի պայթեցումը: Ադրբեջանական աղբյուրները, սակայն, վկայում են, որ Հաջիեւը «հասցրել է ոչնչացնել օդանավակայանի պաչետատան բոլոր փաստաթղթերը»: 

Ալեֆ Հաջիեւի մասին հետագա տեղեկությունները հակասական են: Աղբյուրների մի մասը վկայում է, որ նա օդանավակայանից նահանջելով՝  միացել է Խոջալուից հեռացող խաղաղ բնակիչներին: Այլ վկայություններով՝ նա «նահանջած զինվորականներից եւ ՆԳՆ աշխատակիցներից կազմավորել է բնակչության անվտանգության ապահովման ջոկատ եւ մինչեւ վերջ մնացել դիրքերում»: Մեկ այլ վարկածով՝ Հաջիեւը «ծանր վիրավորվել է օդանավակայանի համար մղված մարտում եւ նահանջի ճանապարհին մահացել է»: Բացառված չէ, որ նրան ոչնչացրել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները՝ զգուշանակով, որ կարող է «վիրավոր վիճակում գերի ընկնել»: Աղբյուրներն առհասարակ տեղեկություն չեն հայտնում, թե Խոջալուի ռազմագործողության ընթացքում ադրբեջանական կողմից քանի՞ զինվորական, ՆԳՆ եւ Ազգային անվտանգության քանի՞ աշխատակից է սպանվել կամ անհայտ կորել: Ստույգ է, որ ռազմագործողությունից մեկ օր առաջ Խոջալուի «դատախազ» Աթաքիշի Աթաքիշեւը գտնվել է Աղդամում, որտեղից օգնության խնդրանքով հեռագիր է հղել…Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը: 

Ադրբեջանի նախագահ Մութալիբովը հետագայում հիշել է, որ ստանալով Խոջալուի «խաղաղ բնակչության զանգվածային կոտորածի մասին տեղեկությունը», դեռեւս գործող կառավարական կապի հեռախոսով զանգահարել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանին, որ վճռականորեն հերքել է խաղաղ բնակչության «զանգվածային սպանությունների մասին տեղեկությունը» եւ հավաստիացրել, որ նրանց համար ապահովվել է անվտանգ միջանցք, իսկ ովքեր չեն հեռացել, ապահով պահվում են: Մութալիբովը մեջբերել է Արթուր Մկրտչյանին. «Թեեւ ինքներս էլ կարիքի մեջ ենք, բայց նրանց ապահովում ենք սննդով»: Ըստ Մութալիբովի՝  Արթուր Մկրտչյանի հավաստիացումներն արժանահավատ չեն թվացել, եւ նա խնդրել է, որ հեռախոսի  մոտ հրավիրեն Արմեն Իսագուլովին, որ զբաղեցնում էր ՆԳ վարչության պետի պաշտոնը: Ակնհայտ է, որ Մութալիբովն Իսագուլովին ճանաչել է խորհրդային շրջանից, նրան վստահել է: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը կատարել է Մութալիբովի խնդրանքը, ապահովել, որ նա կապվի նաեւ Արմեն Իսագուլովի հետ: Վերջինս, ըստ Մութալիբովի, հավաստիացրել է, որ Խոջալուի բնակչության մեծամասնությունը մարդասիրական միջանցքով անվտանգ հեռացել է, իսկ մնացածներն ապահովության մեջ են: 

Արդյո՞ք այդ օրերին ավելի ցածր մակարդակի հայ-ադրբեջանական շփումներ եղել են՝ փաստական վկայություններ չկան: Տարիներ անց Վիտալի Բալասանյանը Բաքվի «Մոնիտոր» թերթի թղթակից Էյնուլլա Ֆաթուլլաեւին պատմել է, որ Խոջալուի խաղաղ բնակչության ադրբեջանական կողմին հանձնելու հարցով կապի եւ բանակցությունների մեջ է եղել Աղդամի ինքնապաշտպանական գումարտակի» հրամանատար Ալլահվերդի Բաղիրովի հետ:

(շարունակելի)

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *