Այն իրավիճակը, որին ականատես եղանք, այսինքն՝ այս 12-օրյա պատերազմը, առաջին անգամ էր իրենց հակամարտության ընթացքում։ Եթե, օրինակ՝ նախորդ տարի մենք ականատես եղանք նոր փուլի թևակոխման, ու մեզ համար արդեն պարզ ու հասկանալի էր հետագա գործողությունների տրամաբանությունը, բայց այն, ինչ տեղի ունեցավ այդ 12 օրվա ընթացքում, առաջին անգամ էր, ու դժվար է հստակ ասել, թե հրադադարը որքան կպահպանվի:
Ժաննա Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, Իսրայել-Իրան հրադադարից հետո ի՞նչ իրավիճակ է Իրանում:
– Հրադադարից հետո Իրանում փորձում են վերացնել պատճառված վնասները, խոսքը ռազմական, քաղաքացիական և թե միջուկային ենթակառուցվածքներին հասցված վնասների մասին է: Միաժամանակ Իրանում շատ ակտիվ աշխատանք են տանում այն խոցելի կետերի վերացման կամ առնվազն նվազեցման ուղղությամբ, որոնք շատ ցայտուն դրսևորում ունեցան այս 12-օրյա պատերազմի ընթացքում, դրանք ընդգրկում էին տարբեր ոլորտներ:
Իրանի համար խոցելի կետերից է լրտեսների՝ իսրայելական գործակալների առկայությունը, քանի որ այդ գործողությունների զգալի մասը Իսրայելը իրականացնում էր հենց այդ գործակալների միջոցով, հենց Իրանում արտադրված պայթուցիկ սարքերի, ԱԹՍ-ների միջոցով, որոնք գործարկում էին այդ գործակալները:
Փաստացի, հենց պատերազմի ընթացքում էլ Իրանում սկսվեցին նման գործակալների բացահայտումն ու ձերբակալումը, ու խոսքը հարյուրավոր մարդկանց մասին էր: Պատերազմից հետո էլ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ու դրանք շարունակվում են նաև օրինական դաշտում, մասնավորապես՝ Իրանի խորհրդարանն ընդունել է օրենք, որով խստացնում են Իսրայելի հետ համագործակցության համար սահմանվող պատիժը՝ ընդհուպ մահապատիժ:
Տարվող իրավական մյուս աշխատանքներից է նաև երկրի իշխանությունների, վարչակարգի դեմ կոչերի դեմ պայքարը: Մասնավորապես՝ պատերազմի ժամանակ ականատես եղանք դեպքերի, երբ ձերբակալվել էին մարդիկ, որոնք պարզապես պատերազմի ընթացքում հանդես էին եկել հակաիշխանական կոչերով: Դա մեկնաբանվում էր որպես երկրի միասնականությանն ու անվտանգությանը հասցվող վնաս, հիմա խստացնում են նման մարդկանց հանդեպ կիրառվող պատիժները: Այսինքն՝ փորձ է արվում վերահսկողության տակ պահել իրավիճակը ու թույլ չտալ հատկապես այս պայմաններում երկրի ներսում անկարգություններ:
Բնականաբար մյուս ուղղությունները վերաբերում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությանը, մասնավորապես, Իրանը հայտարարել է, որ սահմանափակում են այդ համագործակցությունը: Ունենք պատկեր, երբ Իրանի դեմ ձեռնարկվում է գործողություն, դա ավարտվում է նրանով, որ Իրանն ավելի է սահմանափակում միջազգային կառույցների հետ համագործակցությունը: Իրանն այժմ տարբեր ուղղություններով ու նաև իրավական դաշտում ամրապնդում է սեփական դիրքերն ու փորձում է չեզոքացնել առկա հնարավոր խոցելի կետերը:
– Կա՞ն հիմքեր, որ հրադադարը երկարատև կլինի:
– Իրականում դժվար է ասել, որովհետև այն իրավիճակը, որին ականատես եղանք, այսինքն՝ այս 12-օրյա պատերազմը, առաջին անգամ էր իրենց հակամարտության ընթացքում։ Եթե, օրինակ՝ նախորդ տարի մենք ականատես եղանք նոր փուլի թևակոխման, ու մեզ համար արդեն պարզ ու հասկանալի էր հետագա գործողությունների տրամաբանությունը, բայց այն, ինչ տեղի ունեցավ այդ 12 օրվա ընթացքում, առաջին անգամ էր, ու դժվար է հստակ ասել, թե հրադադարը որքան կպահպանվի:
– Տիկի՛ն Վարդանյան, Իրանը մտադրություն ունի՞ բանակցությունները վերսկսել ԱՄՆ-ի հետ։
– Դատելով իրանական կողմի հռետորաբանությունից՝ ընդհանուր առմամբ, այո՛, մտադրություն ունեն բանակցելու, բայց այն դեպքում, երբ ԱՄՆ-ն կերաշխավորի, որ բանակցություններն իսկապես կընթանան լիարժեք, ու չի ստացվի այնպես, ինչպես նախորդ բանակցությունների ընթացքում:
Բնականաբար, Իրանի պահանջները նաև այն են, որ ինքն ունի ուրանը հարստացնելու իրավունք, ու դա Իրանի սկզբունքային ու օրինական իրավունքներից մեկն է ու հետևաբար վիճարկման ենթակա չէ, ու պատրաստ է բանակցելու, եթե ԱՄՆ-ն հարգում է Իրանի այս իրավունքը: Այսինքն՝ բանակցությունների պատրաստակամությունը կա, բայց դրա համար Իրանը պահանջում է երաշխիքներ:
– Իսրայելն ու ԱՄՆ-ն ի՞նչ իրական նպատակ ունեին՝ պատերազմ սկսելով Իրանի դեմ։ Նպատակն իրականացվե՞լ է։
– Նպատակները բազմաշերտ էին. Իրանի ռազմական պոտենցիալի սահմանափակումից, միջուկային ծրագրերի սահմանափակումից մինչև Իրանում վարչակարգի փոփոխություն: Թե՛ ռազմական, թե՛ միջուկային օբյեկտներին հասցված վնասների հետևանքով, այո՛, կարողացել են որոշակիորեն զգալի վնաս հասցնել Իրանին ու ինչ-որ առումներով սահմանափակել նրան, բայց դա չի նշանակում, որ կարողացել են վերացնել Իրանի միջուկային ողջ կարողությունները, ռազմական, առավելևս հրթիռային ողջ պոտենցիալը։
Վարչակարգն էլ շարունակում է մնալ նույնը, ու քանի դեռ կա նույն վարչակարգը, Իրանը շարունակելու է ձգտել թե միջուկային գործողությունների շարունակմանը և թե հրթիռային ու այլ ռազմական կարողությունների ամրապնդմանը: Հետևաբար, կարծում եմ, որ Իսրայելի ու ԱՄՆ-ի համար ամենացանկալին վարչակարգի փոփոխությունը կլիներ, որովհետև ռազմական, միջուկային օբյեկտներին հարվածելով հարցը չի լուծվելու:
Կրկնում եմ՝ Իսրայելի համար լավագույն արդյունքը կլիներ վարչակարգի փոփոխությունը Իրանում, որն այդ 12 օրվա ընթացքում դժվար էր հնարավոր դարձնել, բայց հրադադարի պայմաններում Իսրայելը, այո՛, կարող է շեշտը դնել հենց դրա վրա, փորձել ակտիվացնել քարոզչությունը և խաղաղ պայմաններում հասնել դրան:
Քրիստինե Աղաբեկյան
Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/302352/
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
