Հայաստան

Ամեն Ինչ Դեռ Շատ Անորոշ Է

Հիմա բոլորը էյֆորիայի մեջ խոսում են. մի մասն ասում է՝ Զանգեզուրի միջանցքը տրված է, ինչը սուտ է, մյուս կողմն էլ՝ վերջ, ամեն բան պատրաստ է, հեսա խաղաղության պայմանագիրը կկնքվի, ինչը ևս սուտ է:

Դավիթ Ստեփանյան

Վստահ չեմ, որ սա դրական ավարտ կունենա, որ պատերազմ չի լինի, կոմունիկացիաները կբացվեն, խաղաղություն կլինի .Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը 

– Պարո՛ն Ստեփանյան, Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը, ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ն:

– Ճիշտն ասած, ես աղբյուրը ու հայտարարությունը լսելով՝ այնտեղ չեմ տեսել այդպիսի առաջարկ՝ 100 տարով վարձակալություն, այդ ամենը ինչ-որ Middle Eastպարբերականի վարկածն է, իրենք են այդպես հասկացել, ես նման առաջարկ չեմ տեսնում, այդպես չեմ հասկացել: Այո՛, միանշանակ է, որ կա ամերիկյան առաջարկ, բայց չկա 100 տարով ժամկետը, չկա հստակություն, որ պետք է լինի վարձակալություն: 

Մենք միայն հստակ հասկանում ենք, որ կա ամերիկյան առաջարկ, որը իր ծառայութուններն է փորձում առաջարկել Հայաստանին, սա Հայաստան-ԱՄՆ ծիրում է, ու Հայաստանն առնվազն համաձայնել է այս առաջարկը դիտարկելուն: Ես այս պահին այդքանն եմ տեսնում, դրանից այն կողմ ես հստակ զարգացում չեմ տեսնում:

– Իսկ այդ առաջարկությունը, որը կա ԱՄՆ-ի կողմից, ինչպե՞ս եք գնահատում:

– Որքանով ես եմ հասկանում, ամերիկացիներն առաջարկում են Հայաստանին սեփական մասնակցությունը այս հարցի լուծման մեջ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն անպայման ինչ-որ արտաքին միջամտություն է պահանջում ու չի համաձայնում Հայաստանի տարածքով ունենալ զուտ տարանցում, որտեղ լինելու են հայերը: Ամերիկացիներն առաջարկել են հայերին, այդ մասնակցությունը լինի իրենցը, թե հիմա դա ի՛նչ ձևով է լինելու՝ ես չեմ կարող պատկերացնել: 

Հաշվի առնելով մեր ԱԳ փոխնախարարի հայտարարությունը՝ երևի իսկապես լինելու է ինչ-որ կազմակերպություն, որը զբաղվելու է այդ հարցերով, կամ չի լինելու, համենայնդեպս, դա է քննարկվում: Այստեղ կա առանցքային շատ կարևոր բան՝ այս հարցում Ադրբեջանը, ոչ թե Հայաստանն է վերջնականապես հրաժարվել Ռուսաստանի ծառայություններից, այսինքն՝ նրանք այլևս չեն քննարկում միջանցք, որտեղ կլինի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ներկայություն: 

Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, դրա շարունակությունն է: Հայաստանը չի արել դա, այսինքն՝ մենք կարող ենք ենթադրել, որ նման մի առաջարկ էլ իրենք են ստացել, միգուցե թուրքերի միջոցով, վերջիններս էլ այս գործընթացների ակտիվ շղթայի մասերից մեկն են: Այս պահին կա այսքանը, ինչը կարող ենք հստակ նշել: Մնացածը ենթադրություններ են ու բարի կամքի դրսևորումներ:

– Ձեր գնահատմամբ՝ Ադրբեջանը կհամաձայնի՞ ԱՄՆ-ի առաջարկին, պարո՛ն Ստեփանյան:

– Ադրբեջանն առնվազն քննարկում է այդ տարբերակը, ու Աբու Դաբիում բանակցությունների ժամանակ եղել է քննարկում նաև այս պահով: Մենք հստակ չգիտենք՝ ինչ են քննարկել, բայց որ այսօր բանակցությունները գնում են ԱՄՆ-ի կողմից նշմարված հունով, կարծում եմ, փաստ է, որովհետև չկա այդտեղ ՌԴ-ն, չկա որևէ միջնորդ, կան միայն ԱՄՆ-ն ու Թուրքիան, որոնք փորձում են ինչ-որ կերպ այս հարցը լուծել: Այս պահին մենք ունենք սա, պատրաստի ուրիշ ոչ մի բան չունենք:

– Կոնկրետ այս թեմայի վերաբերյալ հետագա զարգացումները հե՞շտ է կանխատեսել, թե՞ ոչ:

– Իհարկե դժվար է, որովհետև մենք չգիտենք՝ համաձայնություն կլինի, թե՞ ոչ: Այնպես չէ, որ Թրամփը թուղթը ձեռքը եկել է մեր դուռն է թակում ու ասում՝ եկեք ստորագրեք, ես ձեզ հստակ բան եմ առաջարկում, նա ընդամենը առաջարկում է իր միջնորդությունը: Հստակ բան չկա, մեզ չեն ասում՝ սա է պլանը, ստորագրեք, ինչպես դա արել են ռուսները նոյեմբերի 9-ին: Հիմա այս քննարկումներն ընթանում են, բայց դրանք ի՛նչ ավարտ կունենան, ես չգիտեմ, հիմա բոլորը էյֆորիայի մեջ խոսում են. մի մասն ասում է՝ Զանգեզուրի միջանցքը տրված է, ինչը սուտ է, մյուս կողմն էլ՝ վերջ, ամեն բան պատրաստ է, հեսա խաղաղության պայմանագիրը կկնքվի, ինչը ևս սուտ է: 

Քննարկումներն ընթանում են, սա է փաստը, թե երբ ու ինչպես կավարտվեն, դա մեծ հարց է, ես, օրինակ՝ վստահ չեմ, որ սա դրական ավարտ է ունենալու, որ կոմունիկացիաները կբացվեն, կսկսեն աշխատել, ու որ պատերազմ չի լինի, կլինեն խաղաղություն ու խաղաղության պայմանագիր, ես վստահ չեմ: 

Կողմերից կան ջանքեր, գործընթացը ընթանում է, կան ԱՄՆ-ի առաջարկը, շահագրգռվածություն՝ այդ ամենում մասնակցություն ունենալու, սրանք են այս պահի փաստերը, թե ի՛նչ ավարտ է ունենալու այս ամենը, պարզ չէ:

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝MediaLab.am https://medialab.am/302991/

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *