Որեւէ հրապարակային տեղեկություն, մասնավորապես, չկա, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի եւ անվտանգության մարմինները, բանակի հակահետախուզությունը փորձե՞լ են պարզել, թե նախկին ադրբեջանաբնակ Ղարադաղլու գյուղում, որ Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհի վրա է, ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով էին կանեփ ցանել, որտեղի՞ց էին ձեռք բերել սերմերը, մշակված հաշիշը պետք է տեղու՞մ իրացվեր, թե՞ այլ երկիր արտահանվեր:
Վահրամ Աթանեսյան
Մաս 34
Քելբաջարի ազատագրման ռազմական գործողությունը, որ սկսվել է 1993 թվականի մարտ ամսվա վերջին օրը, բարեհաջող ավարտվել է ապրիլի 3-4-ին: Դա Պաշտպանության բանակի առաջին ու, թերեւս, ամենալուրջ նվաճումն է ոչ միայն զուտ պատերազմի ընթացքում արմատական բեկում կատարելու, այլեւ ներգրավված ուժերի լիակատար փոխհամաձայնեցվածությամբ, զինվորական համերաշխությամբ: Քելբաջարի ազատագրմանը ներգրավվել են Պաշտպանության բանակի լավագույն ստորաբաժանումները:
Ճակատի մի ուղղության պատասխանատուն Մոնթե Մելքոնյանն էր: Մեկ ամիս առաջ Մարտունու պաշտպանական շրջանի մի քանի ենթահրամանատարներ նրա դեմ խռովություն էին բարձրացրել: Նրա եղբայր Մարգար Մելքոնյանը վկայում է, որ պատճառը զորամասի վառելիքի պահեստում բացահյտված յուրացումներն էին: Մոնթեն հեռացրել էր վառելիքի պահեստապետին, հետո պարզել, որ նա դիզվառելիքը եւ բենզինը ոչ թե յուրացրել է, այլ կատարել է հրաման:
Չշտված տեղեկություններ կան, որ Քելբաջարի ռազմագործողությանը նախորդած շրջանում Մոնթեի դեմ մահափորձի առնվազն երկու փորձ է արվել: Մարգար Մելքոնյանը պատմում է, որ 1993 թվականի մայիսի 28-ին Մոնթեն Մարտունու շրջանի Ղարադաղլու նախկին ադրբեջանաբնակ գյուղում «հայտնաբերել է կանեփի արտ»: Ենթադրելով, որ այն ցանել են տեղացի ենթահրամանատարները, որպեսզի հաշիշ արտահանեն, նա որոշում է «վառել արտը»:
Մոնթեի կինը՝ Սեդան, Մարգար Մելքոնյանին պատմել է, որ մեկ օր հետո իրեն Ֆրանսիայից զանգել է մեկը եւ խնդրել, որ Մոնթեին տեղեկացնի, որպեսզի «այդ վտանգավոր գործից հրաժարվի»: Մեկ օր հետո Սեդային հաջողվել է Պաշտպանության բանակի կապի ծառայության միջոցով Մոնթեի հետ խոսակցություն ունենալ:
Հետագայում Մոնթեի ընկերներից մեկը Սեդային պատմել է, որ կանեփի արտը հրդեհելուց հետո, վերադարձի ճանապարհին Մոնթեի հրամանատարական մեքենան «գլորվել է ձորը», նա եւ վարորդ Կոմիտասը հրաշքով են փրկվել. Ինչ-որ մեկը մեքենայի անվադողի սռնին «թուլացրել էր»:
Տեղեկություններ կան, որ Քելբաջարի ռազմագործողությանը նախորդած շրջանում սփյուռքի մի քանի թերթերում Մոնթե Մելքոնյանի մասին վարկաբեկիչ հոդվածներ են հրապարակվել, նրան, ըստ մի վարկածի, մեղադրել են «Լիսբոնի քաջերին մատնելու» մեջ: Մարգար Մելքոնյանի «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքում, որի համահեղինակը Մոնթեի կին Սեդան է, ուշագրավ դրվագներ կան ԱՍԱԼԱ-ի հետ Մոնթեի հակասությունների, Այնճարում նրան պատանդ պահելու մասին:
Խիստ ուշագրավ է, որ Մարտունու մի քանի ենթահրամանատարի կողմից Մոնթեի դեմ խռովությունը ռազմական ոստիկանության հատուկ ջոկատի միջոցով ճնշելուց հետո անգամ պաշտպանական շրջանի հրամանատարի անվտանգության ապահովման խնդիրը, կարծես, հիմնովին չի լուծվել:
Բազմաթիվ վկայություններն այն մասին, որ Մոնթեն սեփական անվտանգության հանդեպ անտարբեր էր, կարող էր թախտի վրա պառկել՝ առանց շտաբում հերթապահ նշանակելու եւ այլն, ոչ մի կերպ չեն արդարացնում ԼՂՀ պատկան մարմինների կողմից նրա անձնական ապահովության մեջ թույլ տված թերացումները:
Որեւէ հրապարակային տեղեկություն, մասնավորապես, չկա, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի եւ անվտանգության մարմինները, բանակի հակահետախուզությունը փորձե՞լ են պարզել, թե նախկին ադրբեջանաբնակ Ղարադաղլու գյուղում, որ Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհի վրա է, ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով էին կանեփ ցանել, որտեղի՞ց էին ձեռք բերել սերմերը, մշակված հաշիշը պետք է տեղու՞մ իրացվեր, թե՞ այլ երկիր արտահանվեր:
Ասել, թե ԼՂՀ պատկան մարմինները տեղյակ չէին Մարտունու եւ այլ պաշտպանական շրջաններում կատարվող ակնհայտ հանցավորություններին, միամտություն կլինի։ Թե ներքին գործերի, թե անվտանգության մարմինների աշխատակիցները լիովին ներգրավված էին ռազմական գործողություններին, մշտապես գտնվում էին զորքերի հետ: Եւ եթե Մոնթեի կողմից վառելիքի գողության, կանեփի արտ ցանելու բացահայտումները հետագա օրինական քննության չեն արժանացել, մեղավորները պատերազմական իրավիճակից բխող կարգով պատասխանատվության չեն ենթարկվել, ուրեմն պիտի արձանագրել, որ նա հակասություններ է ունեցել այլ երկրի հատուկ ծառայությունների հետ:
(Շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
