Հայաստան

Հորդոր Բոլորին

Կրոնական հավատալիքների ու սովորությունների առկայությունը կամ բացակայությունը պետք չէ ոչ ռեկլամել, և ոչ էլ քաղաքական մրցակցության համար օգտագործել, դրանք չի կարելի ուրիշներին քարոզել կամ պարտադրել, դրանք պատճառ չեն  սեփական անձը գերակայելու և այլ մարդկանց ստորադասելու համար։

Սոսի Թաթիկյան

Մի մեծ խնդրանք թե Հայաստանի իշխանություններին և թե ընդդիմությանը։

Հայաստանի քաղաքացիներին կրոնախեղդ մի արեք։ Հայաստանը կրոնապետություն չի, այլ ժողովրդավարական հավակնություններ ունեցող աշխարհիկ հանրապետություն։ Երբ ես գնում եմ ընտրությունների, ես հոգևոր առաջնորդ չեմ ընտրում, այլ հանրային կառավարիչներ։ Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանն էլ բարեբախտաբար անցել է։

Ես գիտակից տարիքում՝ տասնվեց տարեկանում Մխիթարյան միաբանության կաթոլիկ վարդապետ և հանրահայտ գիտնական Հայր Տեր Լևոն Զեքեանի կողմից կնքված՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Կնքվել եմ Էջմիածնում, նույն օրը կնքահայրս ինձ ու մայրիկիս տարել է Վազգեն Առաջին կաթողիկոսի մոտ ընդունելության, կաթողիկոս, ով իսկապես կաթողիկոսի վեհություն ուներ։ Անգամ նրա ձեռքն եմ համբուրել այդ օրը։ Տարիներ հետո ընդունելության եմ եղել, թեև ոչ թե երեք, այլ մի քանի հարյուր հոգով, Հռոմի Ջոն Պոլ Երկրորդ պապի մոտ, ով նույնպես տպավորիչ պապ էր։

Վաղ երիտասարդությանս տարիներին հետաքրքրված էի կրոնների փիլիսոփայությամբ։ Աստվածաշունչ կարդալուց հետո որպես Արևելագիտական ֆակուլտետի պարտադիր առարկա Ղուրանն էլ եմ կարդացել՝ հետաքրքիր էր տեսնել դրանց նմանությունները։ Ավարտական աշխատանքս եղել է Ռումիի ստեղծագործություններում սուֆիզմի տեսության մասին, ազգագրության ինստիտուտում ասպիրանտուրայի ժամանակ գրել եմ սուֆիական միաբանությունների ծեսերի մասին։ Քսան տարեկանում գրել եմ հոդված արևմտյան մշակույթի վրա ձենի՝ զենդ բուդդիզմի ազդեցության մասին։ Սակայն  քսաներկու տարեկանում ՀՀ ԱԳՆ ընդունվելուց հետո կրոնագիտություն չեմ ուսումնասիրել, քանի որ քաղաքագիտությունն ու միջազգայնագիտությունը դրա համար ժամանակ չեն թողել։

68 երկրներում կատարած ճամփորդություններիս ժամանակ պարտադիր այցելել եմ քրիստոեական ուղղափառ, կաթոլիկ և բողոքական եկեղեցիներ ու վանքեր, բուդդիստական ու հինդուիստական տաճարներ, նաև մզկիթներ։ Մինչ դրանցից մեծ մասին վերաբերել եմ որպես տեսարժան մշակութային վայր, հայկական ու հունական /ես մեկ ութերորդ հույն եմ/ եկեղեցիներում այլ՝ հոգևոր ու հարազատ զգացողություն եմ ունենում։ Սակայն շատ եմ սիրում նաև Արևմտյան Եվրոպայի կաթոլիկ գոթական ու ռոմանական ոճի եկեղեցիները և Բալիի տաճարները, որոնք բացառիկ վայր էին՝ այնտեղ համատեղ աղոթում էին բոլոր կրոնների ներկայացուցիչները։

Միաժամանակ, հասուն տարիներիս հասկացել եմ, որ ես խորապես ագնոստիկ եմ՝ այսինքն ոչ ինստիտուցիոնալ հավատացյալ։ Նշեմ, որ Արևմտյան Եվրոպայում բնակչության մեծ մասը ագնոստիկ է։

Հարվարդում սովորելիս մի մորմոն դասընկեր ունեի։ Շատ գեղեցիկ տղա էր, բայց ընկերներ գրեթե չուներ, քանի որ իր հավատալիքների արդյունքում շատ էր տարբերվում միջին ամերիկացուց։ Մենք հաճախ զրուցում էինք կամ միասին գնում էինք սրճելու կամ ուտելու, մի անգամ նույնիսկ գիշերը մնալու տեղ չուներ և ես նրան հյուրընկալեցի իմ ՚դիվանի՚ վրա։ Սակայն առաջին խոսակցությունից հետո նրա առջև պայման էի դրել՝ որ չփորձի կրոնական քարոզչությամբ զբաղվել իմ հետ։ Նա հասկացել էր և հարգում էր դա։

Երբ աշխատում էի Աֆրիկայում, զարմանքով հայտնաբերեցի, որ ի տարբերություն եվրոպացիների, թե քրիստոնյա և թե մուսուլման աֆրիկացիները խորապես հավատացյալ են։ և հետևում են կրոնական սովորություններին՝ պասերին, աղոթում են գրասենյակում։ Դա ինձ չէր անհանգստացնում։ Սակայն Եթովպիայում աշխատելուս ութ ամիսների ընթացքում, երկիր, որն ավանդաբար համարվում է աշխարհի ամենահավատացյալ երկիրը, սկսեցի նեղվել։ Նեղվում էի, քանի որ եթովպացիները ոչ միայն մոլեռանդ հետևում էին կրոնական բոլոր ավանդույթներին, այլև նրանց դուր չէր գալիս, որ չեմ հետևում՝ ծոմ / պաս չեմ պահում, ամեն անգամ եկեղեցու մոտով անցնելիս անգամ տաքսիում չեմ խաչակնքվում, չեմ աղոթում, փորձում էին ինձ էլ պարտադրել այդ ամենը։

Ես հարգում եմ այլոց կրոնական նախապատվությունները՝ նրանց հավատացյալ լինելը կամ չլինելը։ Միաժամանակ, դրանք ինձ առանձնապես չեն հետաքրքրում։ Եթե դուք հավատում եք աստծուն և հետևում կրոնական սովորություններին՝ լավ եք անում, սակայն ձեր կողմից դա իմ հետ պարբերաբար կիսելու անհրաժեշտությունը չեմ հասկանում։ Եթե աթեիստ եք՝ ես աթեիստ չեմ, այլ ագնոստիկ, սակայն կրկին անգամ, հարգում եմ ձեր համոզմունքը։ Սակայն ես ինձ հարգված չեմ զգում, երբ այլոք սկսում են իմ ներկայությամբ զբաղվել կրոնական քարոզչությամբ, և ինձ պարտադրել իրենց կրոնական հայացքները։ Ես դա համարում եմ իմ անձնական ազատությունների հանդեպ հանգանքի բացակայություն, հոգեբանական բռնության նման մի բան։ 

Առհասարակ, չնայած թեման բացատրելու համար ներկայացրեցի կրոնական հայացքների էվոլյուցիայի իմ ամբողջ ուղեծիրը, սակայն կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, եթե իհարկե մարդն ինչ որ վտանգավոր աղանդի չի հարում, մարդու կրոնական համոզմունքները միայն և միայն իր անձնական գործն են։ Արևմուտքում անձի հավատի վերաբերյալ հարցերը նույնքան կոպիտ են համարվում, ինչքան աշխատավարձի չափի վերաբերյալ հարցը։ Կրոնական հավատալիքների ու սովորությունների առկայությունը կամ բացակայությունը պետք չէ ոչ ռեկլամել, և ոչ էլ քաղաքական մրցակցության համար օգտագործել, դրանք չի կարելի ուրիշներին քարոզել կամ պարտադրել, դրանք պատճառ չեն  սեփական անձը գերակայելու և այլ մարդկանց ստորադասելու համար։ Դրանց նաև պատճառ չեն հայության շրջանում բաժանարար գծեր սահմանելու համար։ Հատկապես քսանմեկերորդ դարի երկրորդ քառորդում։

Այսքանը։

Աղբյուրը՝ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան էջից   https://www.facebook.com/share/p/1BitzkJmHM/?mibextid=wwXIfr

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *