Արցախ

« Արցախի ԿԳԲ-ացումը »

Արկադի Ղուկասյանի ձեւավորած կառավարության կազմում արտաքին գործերի նախարարի պաշտոնը վստահվեց Երեւանից հրավիրված Նաիրա Մելքումյանին: Մասնագիտությամբ բանասեր՝ Նաիրա Մելքումյանը մինչ այդ աշխատել էր Հայաստանի Գերագույն խորհրդում, նախագահի աշխատակազմում, զբաղեցրել Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչի տեղակալի, ապա եւ՝  ներկայացուցչի պաշտոնը:

Վահրամ Աթանեսյան

Մաս 42-րդ

Ռոբերտ Քոչարյանի հրաժարականից հետո  օրենքով սահմանված քառասունօրյա ժամկետում  ԼՂՀ նախագահի արտահերթ ընտրություններ չանցկացվեցին: Շուրջ հինգ ամիս բաց էր մնում իշխանական թեկնածուի հարցը, իսկ նախագահի պարտականությունները կատարում էր վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը: 1997 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ նախագահի իշխանական թեկնածուն արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանն է: Ընտրությունները, սակայն, ստացվեցին ինտրիգային. նախագահի թեկնածու առաջադրվեց նաեւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Կուլիսներում տեսակետ կար, որ նա վայելում է վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի հովանավորությունը:

Քվեարկության պաշտոնական արդյունքներով  Արթուր Թովմասյանն ստացավ շուրջ 14 տոկոս ձայն: Առկա պայմաններում, երբ բանակը, ՆԳ նախարարությունը, ԱԱԾ-ն, պետական ողջ ապարատն աշխատում էր Արկադի Ղուկասյանի օգտին, երիտասարդ քաղաքական գործչի համար դա բավական պատկառելի ձեռքբերում էր: Արթուր Թովմասյանը, մինչդեռ, համարում էր, որ քվեների «հաշվարկը կեղծվել է» եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց:  Քվեարկության «անսպասելի արդյունքներով» պայմանավորված՝ իշխանությունները պաշտոնից ազատեցին մի շարք անձանց, որ, իբր, աջակցել էին Արթուր Թովմասյանին:

Արկադի Ղուկասյանի ձեւավորած կառավարության կազմում արտաքին գործերի նախարարի պաշտոնը վստահվեց Երեւանից հրավիրված Նաիրա Մելքումյանին: Մասնագիտությամբ բանասեր՝ Նաիրա Մելքումյանը մինչ այդ աշխատել էր Հայաստանի Գերագույն խորհրդում, նախագահի աշխատակազմում, զբաղեցրել Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչի տեղակալի, ապա եւ՝  ներկայացուցչի պաշտոնը: Արկադի Ղուկասյանի պաշտոնամուտը համընկավ ԼՂ կարգավորման «փուլային տարբերակի» ներկայացմանը եւ դրա շուրջ Երեւանում սկսված քննարկումներին: Պաշտոնական Ստեփանակերտն այդ փուլում հրապարակային որեւէ դիրքորոշում չարտահայտեց, բաց հանրապետական թերթում հրապարակվեց Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հասցեագրված բաց նամակ, որ ստորագրվեց նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Ստեփանակերտի կոմիտեության ներկայացուցիչ, Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Վահրամ Բալայանի կողմից:

Նամակի հեղինակները Հայաստանի նախագահին կոչ արեցին չմոռանալ պատերազմում զոհված հազարավոր հայորդիների արյունը: Նույն օրերին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի ԱԱԾ կողմից «ձերբակալվել է «Նոյան տապան» գործակալության լրագրող Ժաննա Կրիկորովան»: Հայաստանում իշխանափոխությունից հետո Կրիկորովան տեղափոխվեց Ստեփանակերտ եւ աշխատանքի նշանակվեց ԼՂՀ նախագահի աշխատակազմում, իսկ կարճ ժամանակ անց նշանակվեց Արկադի Ղուկասյանի մամուլի քարտուղար: Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման առաջին տարեդարձը նշանավորվեց ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետի, ընտրություններով: Մինչ այդ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Կարեն Բաբայանը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Արմեն Իսագուլովը: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները ֆորմալ առումով մրցակցային էին, քաղաքապետի թեկնածու առաջադրվեց Գեորգի Պետրոսյանը՝ որպես ՀՅԴ ներկայացուցիչ: Քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչվեց Կարեն Բաբայանը: 

ՀՅԴ-ն եւ Գեորգի Պետրոսյանն այդ արդյունքները չվիճարկեցին, թեեւ քաղաքական շրջանակների համար ակնհայտ էր, որ Պաշտպանության բանակի հրամանատարի եղբայր Կարեն Բաբայանին աջակցել են ոչ միայն իշխանությունը, այլեւ՝ բանակը, ՆԳ ողջ համակարգը եւ հատուկ ծառայությունները: Կարեն Բաբայանի կողմից քաղաքապետի պաշտոնն ստանձնելու կապակցության Ստեփանակերտի կենտրոնական հրապարակին հարող «Պյատաչոկ» պուրակում կազմակերպվեց բազմամարդ տոնախմբություն, կատարվեց Ստեփան Շահումյանի արձանի հանդիսավոր վերաբացում: Այդ արձանը տապալվել էր 1992 թվականի օգոստոսին, տեղադրվել էր հուշաքար՝ գրությամբ, որ պատերազմից հետո տեղում կկանգնեցի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող կոթող: 

Շահումյանի արձանի վերականգնումը, վերաբացումը,  հուշաքարի տեղափախումը այլ տարածք զուտ ներքին խնդիր չէր, նշանակում էր քաղաքական ուղեգծի փոփոխություն եւ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր ԼՂ կարգավորման «ընդհանուր պետություն» առաջարկի հետ, որ նույն տարվա դեկտեմբերին ներկայացվեց եւ Հայաստանի նոր ու ԼՂՀ իշխանությունների կողմից պաշտոնապես ընդունվեց «որպես բանակցությունների հիմք»: Բաքուն այդ առաջարկությունը կտրուկ մերժեց:

(շարունակելի)

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *