Միջազգային հանրության աչքը շոյելու ու մարդասեր ձևանալու: Ադրբեջանի նկատմամբ նաև մեծ ճնշումներ կան, ու Ադրբեջանը նաև դրանցից խուսափելու փորձեր է կատարում, ինչը պետք է ոչ մի կերպ թույլ չտանք, որ ստացվի: Պետք է միջազգային հանրությանը ցույց տանք ադրբեջանական կողմի իրական նպատակները Հայաստանի նկատմամբ, ատելության անսահման մթնոլորտը, որը տիրում է Ադրբեջանում հայերի նկատմամբ։
Արամ Փոլադյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը
– Պարո՛ն Փոլադյան, ադրբեջանական կողմից հայտարարում են, որ խաղաղության հասնելու հնարավորություններն առավել քան կան, ու պայմանագրի կնքումը մոտ է: Ձեր գնահատմամբ՝ ամենամոտ ժամանակահատվածը ե՞րբ է լինելու:
– Նույնիսկ հնադարյան ցեղերը շուրջ 3 հազարամյակ առաջ պատերազմ վարելու որոշակի կանոններ ունեին, պահպանում էին մարդասիրության նշույլները թշնամիների նկատմամբ, ինչը չի անում Ադրբեջանը 21-րդ դարում: Ադրբեջանն ամբողջ իրավակարգը փլուզելով, միջազգային ոչ մի նորմ չպահպանելով՝ գործողություններ, հայտարարություններ է հնչեցնում Հայաստանի հասցեին:
Բաքվում մենք ունենք տոտալ մեկուսացման մեջ ապօրինաբար պահվող ռազմագերիներ, որոնց հետ վարվում են շատ վատ, օկուպացված Արցախում պատմական ժառանգությունն են ոչնչացնում, նորանոր անհիմն ու անհեթեթ պահանջներ են հնչեցնում Հայաստանի վերաբերյալ:
Այս պայմաններում խոսել խաղաղության մասին՝ ես անիմաստ եմ համարում, բազմիցս եմ շեշտել, որ այն պայմանները, որոնք Ադրբեջանը պահանջում է զետեղել խաղաղության պայմանագրում, ուղղակի կապ չունեն խաղաղության հետ, դրանք դե ֆակտո Հայաստանը լուծարելու կետեր են:
Այդ նախապայմանների մասին խոսել ենք բազմիցս, եթե հայկական կողմը համաձայնի Ադրբեջանի պահանջով փոխել իր Սահմանադրությունը, այն է՝ հանել Անկախության հռչակագիրը, տրամադրել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, համաձայնել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապահովել մտացածին ու Ադրբեջանի կողմից հորինված այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը, ապա սրանք լինելու են Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև պետություն լուծարելու քայլերը, որոնք ի վերջո հանգեցնելու են նրան, որ Հայաստանը դադարելու է գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն:
Հետևաբար, եթե անգամ այդ պայմանագիրը ստորագրվի, Հայաստանի համար սպառնալիքները ոչ միայն չեն վերանալու, այլև բազմապատկվելու են:
– Այդ դեպքում, ի՞նչ նպատակով է Ադրբեջանը նման հայտարարություն անում:
– Միջազգային հանրության աչքը շոյելու ու մարդասեր ձևանալու: Ադրբեջանի նկատմամբ նաև մեծ ճնշումներ կան, ու Ադրբեջանը նաև դրանցից խուսափելու փորձեր է կատարում, ինչը պետք է ոչ մի կերպ թույլ չտանք, որ ստացվի: Պետք է միջազգային հանրությանը ցույց տանք ադրբեջանական կողմի իրական նպատակները Հայաստանի նկատմամբ, ատելության անսահման մթնոլորտը, որը տիրում է Ադրբեջանում հայերի նկատմամբ, զավթողական նկրտումները Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ, այս ամենը պետք է փաստերով ներկայացնել միջազգային հանրությանը, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի ներկայանալ իբրև խաղաղարար պետություն:
– Պարո՛ն Փոլադյան, արվո՞ւմ է այդ ամենը:
– Հույս ունեմ՝ այո՛: Մասնավոր ոլորտից բնականաբար արվում է, ու մեծ հույս ունեմ, որ պետական ոլորտից էլ է արվում անհրաժեշտը:
Քրիստինե Աղաբեկյան
Աղբյուրը՝MediaLab.am https://medialab.am/303348/
