Հայաստան

Ամերիկյան “Ռուսական” Համալսարանը

Բայց, “քաղհասարակության մի թևը”, նրանց թվում և՝ ամերիկյան համալսարանում դասախոսողները դատավորների հետապնդման մասին մի կատարյալ հեքիաթ հորինեցին, ցույցեր արեցին ԵՄ դեսպանության առջև՝ պահանջելով դադարեցնել դատաիրավական համակարգի բարեփոխման համար եվրոպական ու ամերիկյան աջակցությունը, նամակներ գրեցին եվրոպական կառույցներին, որպեսզի փրկեն այն դատավորներին, որոնք օբյեկտիվորեն խնդիրներ էին ունենալու, սակայն նրանց մնալը դատական համակարգում առանցքային էր հենց այս կարգի որոշումներ կայացնելու համար։

Ստյոպա Սաֆարյան

Քանի որ անցած շաբաթավերջը հագեցած էր տավուշյան վարդավառաայգեգործատնաշինարարական գերհագեցած օրկարագով ու չեմ կարողացել արձագանքել ընթացիկ իրադարձություններին, դա կանեմ հիմա․ 

Հայաստանում ամերիկյան համալսարանի ու նրա ՀՀԿ-ական դասախոս Սամվել Ֆարմանյանի անհասկանալի “մանկավարժական պոռթկումի մասին”։ Գնալով ամրապնդվող համոզմունք ունեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին՝ առաջին հերթին տիկնոջը անձնապես թիրախավորողները անձնապես դժբախտ են ու նախանձում են տարիների դաժան փորձություններն անցած ու իրար նկատմամբ մեծ հոգատարությունն ու սերը պահած այդ ընտանիքին։ Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կրած հալածանքների ու հետապնդումների, բանտարկության ողջ “քաղցրությունը” առաջին հերթին “վայելել” են տիկին Աննան, իրենց մանկահասակ երեխաները և վերջապես ինքը՝ ընտանիքից հարկադրաբար հեռացած Փաշինյանը։ Այդ ամենից հետո նրանք անցել են ոչ պակաս բարդ ճանապարհ՝ պատերազմն ու հետպատերազմյա ծանրագույն շրջան, որից որպես միություն և ընտանիք դուրս են եկել պատվով, պարտության ծանր բեռի տակից էլ փորձել են հանել երկիրը։ Ու, ահա, անձնապես դժբախտները չեն ներում Փաշինյաններին՝ կպել են “զագսի թղթերից”, հորինում են ամենաանբարո ստերը, իսկ Սամվելն էլ՝ անգամ տարիներ առաջ ունեցած մի նկարից․․․ Ի՞նչ կարելի է ասել Փաշինյանների ընտանեկան երջանկությունը չմարսողներին․ ուղղակի դժբախտներ, որոնք չեն պատկերացնում, որ վարչապետի ընտանիքն այդքան ամուր է։ Չեմ ուզում անդրադառնալ դա նախկինում արածներին, որոնց անձնական կյանքի որոշ հրապարակայնացված դրվագներ /բաժանված, քանիցս ամուսնացած, բայդ այդպես էլ դժբախտ կանայք, սիրուհիներով ու սիրեկաններով ապրող մարդիկ և այլն/ապացուցում են առաջ քաշված թեզը՝ դժբախտ մարդիկ, որոնց կարելի է միայն կարեկցել։

Ամերիկյան համալսարանի մասին․ ցավալիորեն նոր չեն զրույցները, որ ամերիկյան համալսարանում /և ոչ միայն այնտեղ/ բույն են դրել մարդիկ, որոնք իրենց աշխարհաճանաչողությամբ, քաղաքական հայացքներով ոչ միայն կապ չունեն ամերիկյան հասարակության ու ամերիկյան համալսարանի արժեքների հետ, այլ իրենց հրապարակային գործունեության մեջ կատարելապես ներկայանում են ռուսական ազդեցության գործակալի պրոֆիլով։ Անուններ չեմ տալու զուտ դատական քաշքշուկների մեջ չընկնելու համար, բայց նրանց անունները շատ հայտնի են իրավապաշտպան-փաստաբանական ու քաղաքական դաշտերից։ Դեռևս պատերազմից հետո այդ համալսարանում սովորող հարազատներից մեկը ինձ զարմացրեց հայտնելով, որ դասախոսութունները “հագեցած են” ոչ միայն նախկինների թաքնված գովքով ու քարոզով, այլ Ռուսաստանի շահերի հանդեպ խոր “ակնածանքով ու հարգանքով”։ Ի վերջո, Հայաստանում ամերիկյան համալսարանը այն հաստատություններից էր, որը 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո միացավ այլ կրթական ու այլ հաստատությունների ֆլեշմոբին՝ պահանջելով իշխանության հրաժարական։ Դա մի շղթայական պրոցես էր, որի մեջ ընդդիմադիրները փորձում էին ներգրավել նաև սահմանադրական կառույցները՝ Հանրային խորհուրդ, որը թույլ չտրվեց, Գլխավոր շտաբ․․․ Ու հարցը միայն այդ կառույցները սահմանադրությամբ սահմանված լիազորորություններից դուրս դնելը չէր, այլ հանուն Ռուսաստանի Հայաստանում իշխանափոխություն իրականացնելը։ Դժվար թե ամերիկյան համալսարանում չլիներ որևէ մի քաղաքագետ, որը չհասկանար, որ համալսարանի անունից արված այդ հայտարարությունը սպասարկում է հենց ռուսական օրակարգը, ինչպես և Մայր Աթոռի խայտառակ հայտարարությունը։ Ու զարմանալի և ցավալի է, որ այսօր ամերիկյան համալսարանի հայտարարությունը խոսում է ինչ-որ բազմակարծության մասին, երբ անգամ այդ հեղինակավոր ԲՈՒՀ-ն ավարտած ուսանողներն են արձանագրել քաղաքական քարոզչությունը դասախոսությունների ժամանակ, ու երբ դրա մասին պատմում էին, մենք չէինք հավատում․․․ Իսկ որ ռուսական ազդեցության և այլ գործակալները տասնամյակներով հարմարավետորեն ներդրվել ու կերկարվում են արևմտյան՝ ամերիկյան ու եվրոպական փողերով ու պատկառելի դրամաշնորհներով, սա Հայաստանում շատերի համար այլևս գաղտնիք չէ․ ժամանակին ԵՄ դրամաշնորհների հետ կապված սկանդալը միայն ատկատների մասին չէր․․․ Լեհաստանի ԱԳՆ էր հայտնաբերել, որ դրանից կերակրվում է Հայաստանում ռուսական ագենտուրան ու հետաքննական զեկույց էին պատրաստել դրա մասին։  Դրա համար էլ ԵՄ ասոցացման համաձայնագրի տապալման ժամանակ փողոցում ընդվզողները մի քանի տասնյակ մարդիկ էին, որոնք երբեք ԵՄ ֆինանսավորում կամ դրամաշնորհ չէին ստացել, իսկ միլիոնների դրամաշնորհներ ստացածները համարում էին, որ ճիշտը Հայաստանի եվրասիական ինտեգրումն է։ Ոչ պակաս հիմնավոր կասկածներ են քննարկվել կուլուարներում ԱՄՆ դեսպանության կամ USAID-ի դրամաշնորհների կապակցությամբ․ ի վերջո հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Էլոն Մասկը և պետքարտուղար Մարկ Ռուբիոն էին հայտարարում, որ այդ դրամաշնորհներով շատ երկրներում “գնվել է հակաամերիկականությունը”, այսինքն՝ ԱՄՆ դեմ գործելու պրոռուսական դերակատարների ձայնը լռեցվել է նրանց բերանը փող շպրտելով։ Այնպես որ՝ կեղտը կամաց-կամաց ջրի երես է դուրս գալիս ու այն պարտակել այլևս հնարավոր չէ։ Ի վերջո, պատահականությո՞ւն է, որ նույն Ազատություն ռադիոկայանով էլ ոմանք կարողանում են զարգացնել ռուսական նառատիվներ, դիսկուրսներ, որոնք ձեռնտու են Ռուսաստանին։  Ամենևին պատահականություն չէ։ Ոչ մի բան պատահականություն չէ։ Ու ամերիկյան համալսարանից մինչև Ազատություն ռադիոկայան չափազանց խորքային մաքրման աշխատանքներ պետք է կատարեն իրենց արժանահավատությունը, համբավը վերականգնելու համար․․․

Վերջապես վերջին իրադարձությունը՝ դատավոր Ռշտունու կողմից ասողիկ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու որոշման մասին։ Իսկ ի՞նչ էինք սպասում որպես հետևանք, երբ անցյալում դատական իշխանությունը ձախողեց դատաիրավական համակարգի վեթինգը․ ըստ հրապարակված ձայնագրությունների ու սղագրությունների՝ եկեղեցու հոգևորականը բացահայտ քննարկել է Հայաստանի ղեկավարությանը սպանելու դիմաց սպանություն կատարողների փրկագնի ու պատասխանատվության չենթարկվելու երաշխիքների հարցեր։ Իհարկե, մեղադրյալի մեղքը դեռևս պետք է ապացուցվի դատարանում, սակայն ոչ մեկ մեզ չի զրկել իրավապահ մարմինների հրապարակած ապացույցների վերլուծությունից ու դրանց հիման վրա գնահատողական դատողություններ կատարելուց, ներառյալ՝ նշված հոգևորականին մեղադրյալ համարելուց, որը քրեական գործով նրա կարգավիճակն է։ Այդպիսի հոգևորականը ոչ միայն չի արժանացել Եկեղեցու նզովքին ու բանադրությանը, այլ նաև ավելի մեղմ խափանման միջոցով ազատ է արձակվում մի դատավորի կողմից, որի լիազորությունները տարիներ առաջ “չհաջողվեց”  դադարեցնել կարգապահական վարույթներով։ Այն ժամանակ էլ հայտնի էին հանգամանքներ, որոնք բավարար էին դա անելու համար։ Բայց, “քաղհասարակության մի թևը”, նրանց թվում և՝ ամերիկյան համալսարանում դասախոսողները դատավորների հետապնդման մասին մի կատարյալ հեքիաթ հորինեցին, ցույցեր արեցին ԵՄ դեսպանության առջև՝ պահանջելով դադարեցնել դատաիրավական համակարգի բարեփոխման համար եվրոպական ու ամերիկյան աջակցությունը, նամակներ գրեցին եվրոպական կառույցներին, որպեսզի փրկեն այն դատավորներին, որոնք օբյեկտիվորեն խնդիրներ էին ունենալու, սակայն նրանց մնալը դատական համակարգում առանցքային էր հենց այս կարգի որոշումներ կայացնելու համար։

Ցավոք, իշխանութունն ամբողջական ծավալով չի պատկերացնում այս ցանցը, որն իր շոշափուկներն ունի արևմտյան ու միջազգային կառույցներում, դատական համակարգում, քաղհասարակության մեջ ու անփառունակ տապալեց վեթինգն ու լուստրացիան․․․ Իսկ հիմա բոլորն ընկած պայքարում են հետևանքների դեմ։ Երբ վտանգի աղբյուրը չեզոքացված չէ, հա էլ պայքարելու ու կռիվ ե(ն)ք տալու հետևանքների դեմ․․․

Աղբյուրը՝ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=2904054189800061&id=100005865248939&mibextid=wwXIfr&rdid=ySrqMDNy9MuAi3QL#

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *