Քաղաքական առումով այդ որոշումն ուղղված էր ժողովրդավարության սահմանափակմանը: ԼՂՀ-ն նախապատրաստվում էր երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին, իշխանությունը փաստացի ուղղակի վերահսկողություն էր սահմանում կրթության համակարգի վրա, որպեսզի քվեարկությունը լինի վերահսկելի։
Վահրամ Աթանեսյան
Մաս 44-րդ
1999 թվականի հունսիս-դեկտեմբեր ամիսներին Ստեփանակերտում ծավալված հրապարակային եւ ստվերային իրադարձություններն առանձին ուսումնասիրության կարիք ունեն: Պաշտոնապես հռչակված «պետական եւ քաղաքական-հանրային կյանքի ժողովրդավարացման» ուղեգիծն իրականում, ինչպես դեռ այն ժամանակ ահազանգում էին Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի մերձավոր շրջապատի իրազեկ աղբյուրները, տանում էր սեփականության վերաբաժանման եւ նախագահ Արկադի Ղուկասյանի դիրքերի ամրապնդման:
Առաջին հարվածն ստացավ հանրապետական թերթի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Նա համարձակվել էր «Ավազակային Ղրիմ»՝ 1998 թվականին լույս տեսած գրքից Անուշավան Դանիելյանի ղրիմյան բիզնես գործունեության եւ հանցավոր աշխարհի հետ կապերի մասին հոդված հրապարակել: Գեղամ Բաղդասարյանն ազատվեց պաշտոնից: Կարճ ժամանակ անց նա Սամվել Բաբայանի հովանավորությամբ հիմնադրեց «10-րդ նահանգ» անկախ շաբաթաթերթը: Տեղեկատվա-քարոզչական մրցակցության պայմանները, սակայն, խիստ անհավասար էին. Սամվել Բաբայանի դեմ գործում էր տեղական հեռուստատեսությունը, որ գտնվում էր կառավարության անմիջական հսկողության տակ, ինչպես նաեւ «ԼՂ հանրապետություն» պաշտոնաթերթը:
Վարչապետ Անուշավան Դանիելյանն անձամբ էր ուղղորդում կառավարության մամուլի ծառայությանը կից ստեղծված «լրագրողական խմբի» գործունեությունը: Կառավարության առաջին թիրախ դարձավ «Յուպիտեր» մասնավոր ընկերությունը, որ ֆորմալ սեփականատեր հանդիսանում էր ՊԲ հրամանատարի թիկունքի գծով փոխհրամանատար Արմեն Աբգարյանը: Ստեփանակերտում, սակայն, տարածված էր, որ այն փաստացի պատկանում է ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին: Անցկացված ստուգումների արդյունքներով «Յուպիտերի» գործունեությունը կասեցվեց, իսկ նրա ակտիվները եւ գույքը պետականացվեցին, ապա «աճուրդով վաճառվեցին» նոր կառավարության համար վստահելի անձանց:
Անուշավան Դանիելյանի կառավարության կայացրած ամենալուրջ ռեպրեսիվ որոշումը վերաբերում էր կրթության համակարգի կառավարմանը: Մեկ տարի առաջ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո,
ԼՂՀ –ում ընդունվել էր «Կրթության մասին» ժողովրդավարական օրենք, որ դպրոցների կառավարումը վերապահում էր Խորհրդին, որն էլ կազմակերպում էր տնօրենի ընտրություն: Կառավարությունը կամային որոշմամբ կասեցրեց դպրոցի տնօրենի ընտրության դրույթը, լուծարեց կառավարման խորհուրդները եւ վերականգնեց նախկին՝ դեռեւս խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող կարգը: Քաղաքական առումով այդ որոշումն ուղղված էր ժողովրդավարության սահմանափակմանը: ԼՂՀ-ն նախապատրաստվում էր երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին, իշխանությունը փաստացի ուղղակի վերահսկողություն էր սահմանում կրթության համակարգի վրա, որպեսզի քվեարկությունը լինի վերահսկելի. ավանդաբար տեղամասային ընտրական հանձնաժողովները գլխավորում են դպրոցների տնօրենները:
Անուշավան Դանիելյանի կառավարության «տնտեսական հրաշքը» Շուշիում «բնական խոտաբույսերից» թեյի արտադրության հիմնադրումն էր: Այդ հարցում նրա գործընկերը Ղրիմից Հայաստան, ապա Ստեփանակերտ տեղափոխված Վլադիմիր Շեւյովն էր: Ըստ հավաստի տեղեկությունների, Երեւանում նրան տրամադրվել է Հայաստանի Հանրապետության անձնագիր՝ Վլադիմիր Իլյիչ Գասպարյանի անունով: Լրագրողների ուշադրությունից չէր վրիպել, որ փոփոխության է ենթարկվել նաեւ Անուշավան Դանիելյանի ազգանունը. Ղրիմում նա ուներ Ուկրաինայի քաղաքացի «Սուրեն Անուշավանովիչ Դանելյանի» անունում անձնագիր, տեղափոխվելով Երեւան նա ազգանունը վերափոխել էր «Դանիելյանի»:
(Շարունակելի)
