Հայաստան

Մշակույթային Ցեղասպանություն

Ստեփանակերտի տեսքն են շատ փոխում, այնտեղ հայկականության ամբողջ ոճը ոչնչացնում են, այսինքն՝ թամանյանական նախագծի ու հետագայում Թամանյանի նախագծերի հիմքի վրա կազմված քաղաքի հատակագծի լուրջ փոփոխություն է տեղի ունենում: Հիմնական նպատակն է հայկականության ոչնչացումը, պատահական չէ, որ հենց Մարտունի ու Թումանյան փողոցների հին շենքերն են քանդել ու այնտեղ այսպես կոչված Հաղթանակի այգի են սարքում:

Լեռնիկ Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպես հայտնում է Արցախի մշակույթի նախարարությունը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված են շուրջ 100 պատմամշակութային հուշարձաններ։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Ի՞նչ կարծիք ունեք կատարվողի վերաբերյալ:

– Ես այդտեղ դիտավորություն եմ տեսնում, իհարկե չունեմ համապատասխան տեղեկատվություն, բայց այդտեղ միտում եմ տեսնում՝ կապված նրա հետ, թե ադրբեջանական կողմը որքան տեխնիկա է հատկացրել հրդեհը մարելու համար: Իմ ողջ գիտակցական կյանքում ես չեմ հիշում, որ Արցախում այդ ծավալի հրդեհներ լինեն:

– Արցախում Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած պատմամշակութային ժառանգությունը ի՞նչ վիճակում է, ի՞նչ տվյալներ ունեք: 

– Ունենք հստակ տեղեկատվություն, որ չորս եկեղեցի ոչնչացված է՝ Հադրութի շրջանի Մոխրենեսի Սուրբ Սարգիսը, Բերձորի Սուրբ Համբարձմանը, Շուշիի Կանաչ ժամը կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչը և Ջրականի Զորավոր Սուրբ Աստվածածինը: Վերջինը ոչնչացվել էր դեռևս 2020-ի վերջին: 

Ստեփանակերտի տեսքն են շատ փոխում, այնտեղ հայկականության ամբողջ ոճը ոչնչացնում են, այսինքն՝ թամանյանական նախագծի ու հետագայում Թամանյանի նախագծերի հիմքի վրա կազմված քաղաքի հատակագծի լուրջ փոփոխություն է տեղի ունենում: Հիմնական նպատակն է հայկականության ոչնչացումը, պատահական չէ, որ հենց Մարտունի ու Թումանյան փողոցների հին շենքերն են քանդել ու այնտեղ այսպես կոչված Հաղթանակի այգի են սարքում: 

Նրանք ցանկապատել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը, սա մեծ մտահոգություն է պատճառում, որովհետև արդեն իսկ իրենց հրապարակած նկարներից երևում է, որ այն ցանկապատված է, ինչպես արել էին Ղազանչեցոցի պարագայում: Թե ինչ պետք է լինի ճակատագիրը, անկեղծ ասած, չգիտենք, բայց այդ ամենը մեծ մտահոգություն է առաջացնում, որովհետև դա ցույց է տալիս, որ այնտեղ ինչ-որ գործողություններ են իրականացվում, բայց՝ ի՛նչ, ցավոք սրտի, ես չեմ կարող ասել, որովհետև համապատասխան տեղեկատվություն չկա: 

Մյուս կարևոր մտահոգությունն այն է, որ սկսվել է հայկական բնակավայրերի իսլամացման գործընթացը թե՛ օնլայն հարթակում և թե՛ տարբեր բնակավայրերում մզկիթներ կառուցելով: Հրդեհների մասով ասեմ, որ, օրինակ՝ կարող է այն բնակավայրերը, որոնք տուժեն դրա հետևանքով, ու այդ հրդեհի հետևանքները վերացնելու անվան տակ սկսեն գյուղերի ամբողջական ոչնչացում, ինչպես արեցին Քարին Տակի, Լիսագորի պարագայում: 

Այսօր Ստեփանակերտի գրեթե բոլոր պատկերաքանդակները, բարձրաքանդակները, որոնք մատնանշում էին մեր ժողովրդի ավանդույթները, մեր արվեստագետների մտքի ու հայկականության արգասիք էին, փաստորեն արդեն գոյություն չունեն։ Դա վերաբերում է թե՛ «Շառլ Ազնավուր» մշակույթի կենտրոնին, թե՛ աղբյուրներին, թե՛ մեր ծննդատան բարձրաքանդակը, այսինքն՝ համատարած պայքար է հայկականության դեմ ու ոչնչացում: Սա է ընդհանուր վիճակը, ու Ադրբեջանի ձեռքը բռնող չկա, ու ինչ ուզում՝ անում են, վաղուց անցել են բոլոր կարմիր գծերը:

– Պարո՛ն Հովհաննիսյան, իսկ աշխատանք տարվո՞ւմ է ՀՀ համապատասխան կառույցների հետ, որպեսզի Ադրբեջանի ձեռքը բռնող լինի:

– Կարող եք իրենց հարցնել, համենայնդեպս, ես չեմ տեսնում դա, գուցե անում են, մենք չենք տեսնում:

– Համատեղ աշխատանքը նկատի ունեմ:

– Չէ՛, ես շատ վաղուց կապ չունեմ նրանց հետ ու չեմ աշխատում, հիմնականում աշխատում եմ գիտակրթական շրջանակների հետ, ես պետական կառավարման օղակների հետ չեմ աշխատում:

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/303481/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *