Պետքարտուղար Բլինքենը և Պետքարտուղարությունը խորապես ներգրավված էին, անգամ՝ մի քանի օր տևած ինտենսիվ բանակցություններ էին հյուրընկալել ԱՄՆ-ում, եվրոպական այլ մայրաքաղաքներում։ Սակայն Բլիքնենի՝ հայ-ադրբեջանական շփումները հեշտացնելու քաղաքականությունն այդպես էլ արդյունք չբերեց։
Ռոբերտ Անանյան
(մաս 1-ին)
Հարավային Կովկասում խոշոր տեղաշարժեր են տեղի ունենում։ Ռուսաստանը թողնում է ավանդաբար իր ազդեցության գոտի հանդիսացած այս ռեգիոնը, և մեծ ակտիվություն է ցուցադրում ԱՄՆ-ն։ Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է։
Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմից հետո, երբ Ղարաբաղը դեռ չէր տեղահանվել, նա ասաց, թե Ռուսաստանը կորցրել է այդ բանալին։ Այսօր փաստ է, որ Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասի բանալին, ձախողել է առաքելությունը և ներգրավված չէ հայ-ադրբեջանական Խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացում։ Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։
Եթե նույնիսկ Սպիտակ տանը պայմանագիր չստորագրվի կամ չնախաստորագրվի, և կողմերը բավարարվեն միայն խաղաղության հասնելու մտադրության մասին հռչակագրով, միևնույնն է՝ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն է ստանձնում ռեգիոնում խաղաղություն հաստատելու աշխատանքը։ Վատատես վերլուծաբաններն ասում էին, թե Թրամփի վարչակազմը «իզոլյացիոնիստ է», և որ նրան Հարավային Կովկասը չի հետաքրքրում։
Նրանք պնդում էին, թե Թրամփի օրոք ԱՄՆ-ն չի հետաքրքրվի ռեգիոնալ խնդիրներով։ Սակայն այսօր ԱՄՆ-ն ոչ միայն հետաքրքրվում է խաղաղության հաստատմամբ, այլև հյուրընկալում է երկու երկրների լիդերներին Սպիտակ տանը։ Եվ սա տեղի է ունենում՝ Թրամփի պաշտոնավարման 7-րդ ամսում։ Ակնհայտ է, որ նախորդ ամիսներին ամերիկացի դիվանագետները նախնական շփումներ են ունեցել Երևանի և Բաքվի հետ, բանակցել են կողմերի հետ, համաձայնեցրել են Սպիտակ տան հանդիպման օրակարգը։
Այսինքն, ամիսներ շարունակ կուլիսային աշխատանք է տարվել։ Մինչդեռ Բայդենի օրոք նույնիսկ Փաշինյանի կամ Ալիևի հետ հանդիպում կամ հեռախոսազրույց չէր եղել, ինչ մնաց՝ Բայդենն ընդուներ նրանց Սպիտակ տանը, անձամբ բանակցեր պայմանագրի ստորագրում։ Պետքարտուղար Բլինքենը և Պետքարտուղարությունը խորապես ներգրավված էին, անգամ՝ մի քանի օր տևած ինտենսիվ բանակցություններ էին հյուրընկալել ԱՄՆ-ում, եվրոպական այլ մայրաքաղաքներում։
Սակայն Բլիքնենի՝ հայ-ադրբեջանական շփումները հեշտացնելու քաղաքականությունն այդպես էլ արդյունք չբերեց։ Ալիևը հակաամերիկյան քաղաքականություն իրագործեց՝ խախտելով Վաշինգտոնի հետ պայմանավորվածությունը, օրինակ՝ չհարձակվելու Լեռնային Ղարաբաղի վրա։ Սակայն դեմոկրատներն այդպես էլ ուժ չցուցադրեցին Ադրբեջանի հետ՝ որպես Ղարաբաղը բռնի տեղահանած և օկուպացրած երկիր։
Ակնհայտ է, որ Սպիտակ Տանը ուրբաթ օրվա հրապարակային միջոցառումը նախագահ Թրամփը կներկայացնի որպես իր խաղաղարար առաքելության հաղթանակ, եթե նույնիսկ պայմանագիր չստորագրվի, այլ ընդունվի օրինակ՝ կոնկրետ քայլեր չենթադրող հռչակագիր։ Բայց ես հույս ունեմ՝ նախագահ Թրամփը Ալիևի ապակառուցողական վարքագիծը կհաղթահարի և պայմանագիրը կստորագրվի։
Անգամ՝ ոչ կոնկրետ արդյունքի ապահովման դեպքում՝ ԱՄՆ-ի այս վարչակազմը դառնում է հայ-ադրբեջանական պրոցեսի գլխավոր միջնորդը։ Սա կարող է ակնկալիք ձևավորել մեզ մոտ, որ եթե նույնիսկ ուրբաթ օրը պայմանագիր չստորագրվի և քննարկումները շարունակվեն ԱՄՆ-ի տարածքից դուրս, միևնույնն է՝ առաջիկա 3-4 տարում նախագահ Թրամփի անձնական ուշադրության տակ կգտնվի հայ-ադրբեջանական խաղաղության թեման։
Դա նախադրյալ է, որ Ալիևը զերծ մնա Հայաստանի դեմ պատերազմի մարտավարությունից։ Թրամփը չի սիրում, երբ իր խաղաղարար ջանքերը ջուրն են լցվում։ ԱՄՆ-ն կարող է ուրբաթ օրը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել՝ կնքել խաղաղության համաձայնագիր, և այդ փաստաթղթով հանդերձ՝ միանալ Աբրահամյան ակորդներին։ Դա կլինի ուժգին քայլ՝ ուղղված Ադրբեջանին պայմանագիր կնքելուն հարկադրելու, և նախագահ Թրամփի Աբրահամյան նախաձեռնությունը ևս երկու անդամով համալրելու նպատակներով։
Բայց ռազմական էսկալացիաների հարցը կվճռվի 2026-27 թվականներին Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքներով։ Եթե նոր Սահմանադրությունը չընդունվի՝ Ալիևը այն կմեկնաբանի որպես հայկական ռևանշիզմի ցուցիչ և էսկալացիայի ռիսկը կաճի։ Սակայն չեմ ուզում առաջիկա 3-4 տարվա իրադարձությունները կանխատեսել, քանի որ անգամ 3-4 շաբաթվա կտրվածքով են անսպասելի դեպքեր տեղի ունենում։
(շարունակելի)
Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից
