Բավական վստահելի աղբյուրներից տեղեկացվածությամբ, Օլեգ Եսայանը քաղաքականությունից հեռացվել է, որպեսզի երկու տարի հետո նախատեսված ընտրություններում նախագահի թեկնածու չառաջադրվի: Քաղաքական շրջանակներում տպավորություն կար, որ նախագահի պաշտոնի հավակնություններ ունի նաեւ վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Վահրամ Աթանեսյան
մաս 52-րդ
2005 թվականի ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններով փաստացի փակվեց «ժողովրդավարացման եւ սոցիալական արդարության հաստատման» հնգամյա ժամանակաշրջանը: Դրանք անցան չափազանց ծանր մթնոլորտում. գործադիր իշխանությունը ներդրել էր վարչական եւ ուժային ազդեցության բոլոր լծակները, որպեսզի Դաշնակցություն-Վիտալի Բալասանյան- Էդվարդ Աղաբեկյանը դաշինքը, որի շուրջ համախմվել էին նաեւ հանրային հեղինակություն վայելող տասնյակ մտավորականներ, չկրկնի մեկ տարի առաջ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների հաջողությունը:
Տեղի ունեցավ ԼՂՀ քաղաքական կյանքում վերջին տարիներին նախադեպը չունեցած բռնություն. ՀՅԴ անդամ, պատգամավորություն թեկնածու Պավլիկ Մանուկյանը, որ, ըստ չճշտված տեղեկությունների, նախընտրական քարոզչության ընթացքում «վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել» Պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի եւ նրա տեղակալ Սամվել Կարապետյանի դեմ, ենթարկվեց դաժան ծեծի եւ տեղափոխվեց զինվորական հոսպիտալ: Ըստ տեղեկությունների, նրան իր առամձնասենյակ զրույցի էր հրավիրել ՊԲ հրամանատար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որտեղ էլ Մանուկյանը ենթարկվել է ֆիզիկական հաշվեհարդարի:
Երեւույթն այնքան տգեղ եւ հանրայնորեն դատապարտելի էր, Պավլիկ Մանուկյանի կյանքին սպառնացող վտանգն՝ այնքան շոշափելի, որ նույն օրվա վերջին նախագահ Արկադի Ղուկասյանը հարկադրված էր այցելել զինվորական հոսպիտալ եւ տուժածի բուժման գործընթացը վերցնել անձնական հսկողության տակ: Ընտրություններից մի քանի ամիս առաջ Արկադի Ղուկասյանը կադրային լուրջ փոփոխություն կատարեց: Նա «Արցախի ժողովրդավարական կուսակցության» Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանին ազատեց արտաքին գործերի նախարարի պաշտոնից եւ նշանակեց կրթության նախարար: Քաղաքական շրջանակներում այդ նշանակումն արժանացավ բուռն քննադատության եւ ընկալվեց որպես կրթության համակարգն ընտրություններում ԱԺԿ-ի համար հենարան օգտագործելու քայլ: Ընտրությունների քարոզարշավն արձանագրեց ԼՂՀ քաղաքական կյանքի համար բացարձակապես խորթ եւ աննախադեպ երեւույթ. Նորաստեղծ «Ազատ հայրենիքն» իր ընտրապայքարը կառուցել էր սոցիալական ամբոխավարության եւ ընտրակաշառքի գործոնի վրա: Ընդ որում, «Ազատ հայրենիքը» հանրապետության շրջաններում քիչ թե շատ հեղինակություն ունեցող անձանց նաեւ քաղաքական խոստումներ էր տալիս: Նման իրավիճակում Դաշնակցություն-Վիտալի Բալասանյան դաշինքը մեծամասնական ոչ մի ընտրատարածքում հաջողություն չունեցավ, բայց հաղթահարեց համամասնական ընտրությունների հինգտոկոսյա շեմը եւ խորհրդարանում ունեցավ պատգամավորական երեք մանդատ: Այդ ընտրությունների եւս մի առանձնահատկությունն այն էր, որ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը պատգամավորի թեկնածու չառաջադրվեց:
Ակնհայտ էր, որ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ ունեցած հակասություններում նա պարտություն է կրել եւ քաղաքականությունից հեռանում է: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Աշոտ Ղուլյանը, որի ղեկավարած «Արցախի ժողովրդավարական կուսակցությունն» այլեւս խորհրդարանական մեծամասնություն չուներ: ԼՂՀ քաղաքական եւ պետական կյանքից Օլեգ Եսայանի հեռանալը կամ, ավելի ճիշտ՝ հեռացումը, շատ խորհրդավոր էր: Որպես փորձառու գործիչ նա բավական ազդեցիկ կապեր ուներ նաեւ Երեւանում, իսկ Ստեփանակերտում մի որոշակի շրջանակ, այդ թվում՝ ՀՅԴ տեղական կառույցում, նրան ընդունում էր որպես հեղինակություն: Բավական վստահելի աղբյուրներից տեղեկացվածությամբ, Օլեգ Եսայանը քաղաքականությունից հեռացվել է, որպեսզի երկու տարի հետո նախատեսված ընտրություններում նախագահի թեկնածու չառաջադրվի: Քաղաքական շրջանակներում տպավորություն կար, որ նախագահի պաշտոնի հավակնություններ ունի նաեւ վարչապետ Անուշավան Դանիելյանը: Արկադի Ղուկասյանի մերձավոր շրջապատի մի քանի ներկայացուցիչներ, ընդհակառակը, պնդում էին, որ նա պետք է շարունակի մնալ նախագահի պաշտոնում՝ «քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ»:
Նորընտիր Ազգային ժողովում, սակայն, «Ազատ հայրենիք» կուսակցության եւ ՀՅԴ- Բալասանյան դաշինքի խմբակցություններն ի սկզբանե որդեգրեցին կառավարության եւ Արկադի Ղուկասյանի նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշում: Այդ շրջանակներից տեղեկություններ էին տարածվում, որ Արկադի Ղուկասյանը ԼՂ հարցում «պարտվողական դիրքորոշում ունի, համաձայն է ազատագրված տարածքների վերադարձին»: «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որի առաջնորդ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում ընտրվել էր ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը որակեց «հիմնովին ձախողված»: Այդ շրջանում նոր ուժերը հասան գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի պաշտոնանկությանը: Նա Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով դատավարությանը հանդես էր եկել որպես պետական գլխավոր մեղադրող:
(Շարունակելի)
