Իշխանության թեւերի լիազորությունների տարանջատման եւ հավասարակշռման հարցերում ՀՅԴ-ի եւ խորհրդարանական նոր ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության տեսակետներն սկզբունքորեն նույնական են:
Վահրամ Աթանեսյան
Մաս 53-րդ
2005 թվականի ԼՂՀ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ ընտրվեց Արթուր Մոսիյանը: Նա ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից է, եղբոր՝ Մերուժան Մոսիյանի, զոհվելուց հետո ստանձնել է կամավորական, ապա ՊԲ կանոնավոր գումարտակի հրամանատարությունը: Անձնական խիզախության համար արժանացել է ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի:
Արկադի Ղուկասյանի հռչակած «ժողովրդավարացման եւ սոցիալական արդարության հաստատման» քաղաքական ուղեգծին ՀՅԴ որոշակի աջակցության շրջանակներում Մոսիյանը նշանակվել է Մարտունու շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ, ապա ընտրվել երրորդ գումարման ԼՂՀ ԱԺ պատգամավոր, հինգ տարի գլխավորել պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովը:
Մոսիյանի գլխավորությամբ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ոչ միայն «Ապառաժ» պաշտոնաթերթի, այլեւ «Դեմո» շաբաթաթերթի եւ Դաշնակցության հայաստանյան լրատվամիջոցների հնարավորություններն ի սպաս դրեց քաղաքական նարատիվի տարածմանը, որ Արկադի Ղուկասյանը երրորդ ժամկետով պաշտոնավարելու իրավունք չունի: Զուգահեռաբար թեեւ ոչ բացահայտ, բայց քաղաքական հասկանելի ձեւակերպումներով այն քարոզչությունն էր տարվում, որ Ղուկասյանը ղարաբաղյան կարգավորման հարցում «պարտվողական է, չի պաշտպանում ազգային պահանջատիրությունը»:
Այդ փուլում ընթացքի մեջ էին ԼՂՀ սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները: Մասնագիտական խմբի ղեկավար էր Արկադի Ղուկասյանի խորհրդական Արմեն Զալինյանը: Վերջինս Ստեփանակերտ էր տեղափոխվել Երեւանից եւ, ըստ լիովին չճշտված տեղեկությունների, միաժամանակ հանդիսանում էր «Բեյզ մեթըլս» ընկերության իրավախորհրդատուն:
Սահմանադրական հանձնաժողովի կազմը բազմակուսակցական էր եւ ֆորմալ առումով ապահովում էր շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունը: Նախագծի քննարկումներն անցկացվում էին փակ ռեժիմով: Այդուհանդերձ, քաղաքական շրջանակներին հայտնի էր դարձել, որ կառավարման համակարգի, իշխանության թեւերի լիազորությունների տարանջատման եւ հավասարակշռման հարցերում ՀՅԴ-ի եւ խորհրդարանական նոր ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության տեսակետներն սկզբունքորեն նույնական են:
Որեւէ փաստական վկայություն չկա, որ Արկադի Ղուկասյանի հետագա պաշտոնավարման հարցը քննարկվել եւ լուծվել է Երեւանում, բայց ակնհայտ է, որ եթե նա ունենար Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, ապա սահմանադրության ընդունումը խոչընդոտ չէր լինի, որպեսզի թեկնածությունն առաջադրի եւ պայքարի երրորդ ժամկետով նախագահ ընտրվելու համար:
Վստահելի աղբյուրների վկայությամբ, Արկադի Ղուկասյանը Հայաստանի իշխանություններին ներկայացրել է իր հաջորդի երեք թեկնածուի անուն՝ Աշոտ Ղուլյան, Սեյրան Օհանյան եւ Բակո Սահակյան: Կարճատեւ քննարկումից հետո Աշոտ Ղուլյանի թեկնածությունը մերժվել է՝ նկատի ունենալով, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նա որեւէ ինքնուրույնություն չի դրսեւորվել: Ինչպես վկայում են Արկադի Ղուկասյանի մերձավոր շրջապատի միանգամից մի քանի անձինք, նրա համար «բացարձակապես շոկային է եղել Սեյրան Օհանյանին ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատելու եւ Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու որոշումը»:
Ո՞վ եւ ի՞նչ նպատակով է Սեյրան Օհանյանին Ստեփանակերտից Երեւան տեղափոխել, իսկ նրա փոխարեն ՊԲ հրամանատար նշանակել Մովսես Հակոբյանին, այդ մասին միայն ենթադրություններ են արվում: Տեսակետ կա, որ Սեյրան Օհանյանին «դուրս բերելով Արկադի Ղուկասյանի ազդեցությունից»՝ նրան պարզապես պարտադրել են հաշտվել Բակո Սահակյանի թեկնածության անայլընտրանքայնության հետ:
(Շարունակելի)
