ԱՄՆ‑ն և Հայաստանը առաջիկա ամիսներին կսկսեն կառուցել «Թրամփի ուղի» կոմունիկացիոն հաբը։ 907 բանաձևի ընդունման պատճառներից մեկը եղել է Հայաստանի շրջափակումը։ Որպեսզի 907 բանաձևը ամբողջապես չեղարկվի ԱՄՆ օրենսդիր և գործադիր կառույցների կողմից, Ադրբեջանից բացի՝ նաև Թուրքիան պետք է ամբողջությամբ բացի Հայաստանի հետ սահմանը։
Ռոբերտ Անանյան
ԱՄՆ‑ի գլխավորությամբ հայ-ադրբեջանական գործարքը խաղաղության շուրջ գործնականում կայացած է։ Այժմ պետք է իրագործվի առաջին իրական գործարքը՝ ուղղված խաղաղությանը և ռեգիոնալ համագործակցությանը։ Առաջարկս է՝ 907 բանաձևի չեղարկման դիմաց ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուսրբերում, ՀՀ լիակատար ապաշրջափակման իրական երաշխիք։ «Թրամփի ուղի» պրոյեկտի իրագործման նպատակով ԱՄՆ‑ն արդեն ունի ֆինանսական հաշվարկներ։
Առաջիկա շաբաթներին ամերիկյան կողմը կստեղծի աշխատանքային խմբեր՝ «Թրամփի ուղին» կազմող երկաթուղային, ավտոմոբիլային, նավթա-գազատար խողովակների, մալուխային գծերի կառուցման համար աշխատանքների նպատակով։ Կարծում եմ, 2–3 տարի կարող է տևել նոր կոմունիկացիաների կառուցումը, ապա հնարավոր կլինի գնալ ամբողջական ապաշրջափակման։
Սակայն մինչ այդ՝ ԱՄՆ‑ի գլխավորությամբ կարող է կնքվել ևս մեկ գործարք՝ ռեգիոնում իրական դէէսկալացիա ապահովելու նպատակով։ Առաջարկում եմ կոնկրետ մեխանիզմը։ ԱՄՆ‑ն կարող է կողմերին առաջարկել հետևյալ գործարքը՝ մինչև ապաշրջափակման սկիզբը Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի այն տարածքներից, որոնք զբաղեցրել է 2021 թվականի մայիսից մինչև 2024 թվականը սահմանային ռազմական գործողությունների ժամանակ։
Դրա դիմաց՝ ԱՄՆ‑ի օրենսդիր և գործադիր կառույցները կարող են վերջնականապես վերացնել Ադրբեջանի հետ ռազմական և անվտանգային ոլորտներում համագործակցությունը սահմանափակող 907 բանաձևը։ Նոր գործարքի երրորդ բաղադրիչը պետք է դառնա ռեգիոնի ամբողջական ապաշրջափակումը։
Գիտենք, որ 907-րդ հոդվածը («Section 907 of the Freedom Support Act») ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ընդունման հիմնական պատճառը 1991–1992 թվականներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումն էր Ադրբեջանի կողմից, ինչպես նաև՝ ռազմական հարձակումները։ Այդ ժամանակ Ադրբեջանը փակել էր երկաթուղային և ավտոմոբիլային կապերը Հայաստանի հետ, արգելափակել էր գազամատակարարումը, ինչի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ էր առաջացել։
1990-ականներին ԱՄՆ Կոնգրեսում կար լայն համոզմունք, որ Ադրբեջանը ոչ միայն բլոկադա է իրականացնում, այլև Հայաստանի և Արցախի դեմ ռազմական գործողություններով սրում է հակամարտությունը։ 907-րդ ուղղումը սահմանում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրել, քանի դեռ նախագահը Կոնգրեսի երկու պալատներին չի զեկուցել, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկել՝ վերջ տալու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շրջափակումներին, նրանց դեմ ռազմական ուժի գործադրմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, օգտագործելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը, բանավոր հայտարարել է, որ մեկ տարով կասեցնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը վերստին ուժի մեջ դնելու մասին նախկին նախագահ Բայդենի որոշումը:
Վաշինգտոնում ԱՄՆ‑ի և Ադրբեջանի համաձայնություններից մեկը 907 բանաձևի շուրջ է։ Սա չի նշանակում, որ այդ ակտը չեղարկվում է վերջնականապես։ 907 բանաձևի վերջնական չեղարկման իրավասությունը ունի միայն ԱՄՆ Կոնգրեսը, որը պետք է ընդունի նոր օրենսդրական ակտ կամ ուղղում, որով 907-րդ հոդվածը ամբողջությամբ վերացվում է կամ փոխվում է նրա ձևակերպումը։
Այս փոփոխությունը պետք է անցնի երկու պալատներով՝ Ներկայացուցիչների պալատ և Սենատ, այնուհետև պետք է ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։ Ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը առաջիկա ամիսներին ողջ լոբբիստական և դիվանագիտական ռեսուրսներն ուղղելու է՝ 907 բանաձևի վերջնական չեղարկման ուղղությամբ։ Առաջիկայում ստեղծվելու են նաև աշխատանքային խմբեր, որոնք պետք է մշակեն ԱՄՆ‑ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
Ադրբեջանը, կարծում եմ, կփորձի այդ համաձայնագրում ներառել նաև ռազմական համագործակցության մասին դրույթ։ Եթե ԱՄՆ‑ն առաջարկն ընդունի, դա ենթադրելու է ԱՄՆ‑ի կողմից 907 բանաձևի ամբողջական վերացում։ ԱՄՆ‑ն չի կարող Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրով գնալ ռազմական գործակցության, եթե 907-րդ բանաձևը չի վերացվել։
Սակայն կարծում եմ՝ ԱՄՆ‑ն պետք է գնա 907 բանաձևի վերջնական չեղարկման այն դեպքում, եթե Ադրբեջանն իր զորքերը կհեռացնի Հայաստանի տարածքից՝ մինչև 2021 թվականի մայիսի 12‑ը եղած սահմանագիծը, ինչպես նաև՝ գործնական քայլեր անի՝ Հայաստանի հետ ապաշրջափակման գործընթացում։ Այդպիսով, դէօկուպացիայի կենթարկվի Հայաստանի տարածքից առնվազն 200-ից 300 քառակուսի կիլոմետր մակերես, և Հայաստանը դուրս կգա կիսաբլոկադայից։
Միևնույնն է՝ Երևանն ու Բաքուն այժմ Ալմա-Աթայի հռչակագրով և ԽՍՀՄ վերջին իրավական քարտեզներով իրականացնում են սահմանազատում, հետևաբար՝ Ադրբեջանը վաղ թե ուշ հանելու է իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից։ Սակայն 907 բանաձևը ԱՄՆ‑ի օրենսդիր և գործադիր կառույցների կողմից չի կարող վերջնական չեղարկվել, քանի դեռ Ադրբեջանը զորքեր ունի Հայաստանի տարածքում, քանի դեռ չի բացել ճանապարհները։
Այդ բանաձևի ընդունման պատճառները ինչպես նշեցի՝ եղել են Հայաստանի բլոկադան և ռազմական հարձակումները։ Հայաստանի բլոկադան դեռևս վերացված չէ, և ռազմական հարձակումների հետևանքով՝ հայկական տարածքից 200-ից 300 քառակուսի կիլոմետրը դեռևս օկուպացված է։
ԱՄՆ‑ն և Հայաստանը առաջիկա ամիսներին կսկսեն կառուցել «Թրամփի ուղի» կոմունիկացիոն հաբը։ 907 բանաձևի ընդունման պատճառներից մեկը եղել է Հայաստանի շրջափակումը։ Որպեսզի 907 բանաձևը ամբողջապես չեղարկվի ԱՄՆ օրենսդիր և գործադիր կառույցների կողմից, Ադրբեջանից բացի՝ նաև Թուրքիան պետք է ամբողջությամբ բացի Հայաստանի հետ սահմանը։
Ադրբեջանը պետք է ընդունի «Թրամփի ուղի» նախագծի իրագործման պայմանները, Հայաստանին իր տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհ տա։ Եվ միայն դրանից հետո պետք է ԱՄՆ‑ն չեղարկի 907-րդ բանաձևը։ Ռեգիոնալ լիարժեք ապաշրջափակումով և Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից ադրբեջանական զորքերի լիարժեք դուրսբերումով՝ կվերանան 907 բանաձևի գոյության պատճառները։
Ընդ որում, Ադրբեջանը ոչ թե պետք է խոստանա, որ սահմանազատման հետևանքով Հայաստանի տարածքները դէօկուպացիայի կենթարկվեն, այլ պետք է զորքերը Հայաստանի տարածքից հեռացնի մինչև բուն ապաշրջափակման գործընթացի մենարկը։
Այս երկու պայմանների կատարումը կբերի նաև 907 բանաձևի չեղարկման։ Սա կլինի շատ կարևոր գործնական գործարք ԱՄՆ‑ի գլխավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ ԱՄՆ‑ն ցույց կտա, որ գործնական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված իրական խաղաղությանը, և որ Վաշինգտոնի գործարքը միայն թղթային նշանակություն չունի։
Այս գործարքն իրապես կնպաստի իրավիճակի դէէսկալացիային, ռեգիոնալ ապաշրջափակմանը, և մյուս կողմից՝ Ադրբեջանը հնարավորություն կստանա ԱՄՆ-ից ստանալ Իրանի հետ սահմանի ամրացման և Կասպից ծովի նավատորմի արդիականացման հնարավորություն։
Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից
