Ռուսաստանը կորցրել է Հայաստանի պես հավատարիմ դաշնակցին՝ Ղարաբաղը հանձնելով Ադրբեջանին, հրաժարվելով կատարել Հայաստանի հանդեպ անվտանգային պարտականությունները։ Ռուսաստանը չի գտել նաև ռեգիոնում նոր դաշնակցի՝ ի դեմս Ադրբեջանի։ 44-օրյա պատերազմից հետո նրանք համատեղ տարածքային պահանջներ ներկայացրին Հայաստանին՝ «Զանգեզուրի միջանցք» անունով։
Ռոբերտ Անանյան
Դուգինը խոստովանեց, որ Ռուսաստանը ջախջախվեց Հարավային Կովկասում, որի վկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի կնքումն է Վաշինգտոնում։ Սա կարևոր պահ է։ Պուտինի ռազմավարական հակառակորդ ԱՄՆ-ն դարձավ 35 տարի Ռուսաստանի կառավարման տակ գտնված հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման հիմնական ուժը։ «Եվրասիականության» գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի խոստովանությունն ուղղակի ապացույցն է մեր ուղղությամբ Պուտինի ռազմավարության ջախջախման․
«Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի կնքումը խորը նվաստացում է և Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության ձախողում: Ռուսաստանը կորցրել է ազդեցությունը տարածաշրջանում, իսկ մեղավորները մնում են անպատիժ: Մենք արյուն և բռնություն չենք ուզում, այլ արդարություն ենք ուզում։ Ստորացուցիչ է տեսնել, թե ինչպես է մեր քաղաքականությունը անպատիժ ձախողվում։
Այս համաձայնագիրը ապտակ է յուրաքանչյուր ռուսի դեմքին։ Կարևոր չէ, թե ովքեր են նրանք՝ Փաշինյանը, թե Ալիևը՝ սա փաստարկ չէ։ Մենք պետք է հարվածը ընդունենք ազնվորեն և ուղղակիորեն։ Մենք պարտվել ենք։ Մենք սխալ ենք թույլ տվել՝ տարածաշրջանի կառավարումը վստահելով սխալ մարդկանց։ Եթե մենք չճանաչենք այս ցավը, մենք կդադարենք լինել ինքնիշխան պետություն – քաղաքակրթություն։
Ժամանակն է պատժել նրանց, ովքեր երկիրը հասցրել են այս արդյունքին։
Կամ մենք կայսրություն և ինքնիշխանություն ենք, կամ արժանի ենք այն բանին, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, որտեղ մեր «դաշնակիցները» նվաստացուցիչ կերպով ենթարկվեցին թշնամուն։ Եթե մեղավորները անպատիժ մնան, ես լավ լուր չունեմ մեզ համար։ Մենք մեծ ժողովուրդ ենք, բայց առանց ձախողումը ընդունելու՝ մենք անարժեք ենք»,- ասել է Դուգինը։
Նա խոսում է ինչ-որ մարդկանց պատժելու մասին․ թերևս պետք է մտածի ինքն իրեն պատժելու մասին, ու նաև՝ Պուտինին։ Պուտինը իր ուղեղն է մտցրել «ռուսական քաղաքակրթություն», «եվրասիականության տեսություն», «Վելիկոռուսսիա», «հողահավաքություն», «Ռուսական աշխարհ» անուններով աղտը։ Այն իբրև քաղաքականություն՝ ձևակերպված է նեոկայսերականության տեսքով։
Հայ-ադրբեջանական խաղաղության գործարքը կայացել է միայն այն գործոնի բերումով, որ Ռուսաստանը 4-րդ տարին է՝ անընդունակ է հաղթել Ուկրաինային։ Ռուսաստանն իր ողջ ռազմա-քաղաքական ռեսուրսներն ուղղել է Ուկրաինայի դեմ պատերազմի վրա, և այլևս չի կարողանում իր վնասակար քաղաքականությունը շարունակել մեր ռեգիոնում։ Իսկ նրա գործիքակազմը կոնֆլիկտներ սադրելն է և այն կառավարելը։ Պուտինը վերջնականապես կորցրել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կառավարման ղեկը, իրավիճակը դուրս է եկել հսկողությունից, ինչի վկայությունը օգոստոսի 8-ն է։
Ռուսաստանը կորցրել է Հայաստանի պես հավատարիմ դաշնակցին՝ Ղարաբաղը հանձնելով Ադրբեջանին, հրաժարվելով կատարել Հայաստանի հանդեպ անվտանգային պարտականությունները։ Ռուսաստանը չի գտել նաև ռեգիոնում նոր դաշնակցի՝ ի դեմս Ադրբեջանի։ 44-օրյա պատերազմից հետո նրանք համատեղ տարածքային պահանջներ ներկայացրին Հայաստանին՝ «Զանգեզուրի միջանցք» անունով։ Սակայն 4 տարի ռուս-ադրբեջանական կազմակերպված ռազմական հարձակումները Հայաստանի դեմ անարդյունք էին, և հայկական կողմը պարզապես նրանց չտվեց «Զանգեզուրի միջանցքը»։
Իհարկե, Հայաստանը նրանց դիմադրելու համար անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական և անվտանգային ռեսուրսներ ստացել է՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի և նրա երկրների, Հնդկաստանի աջակցությամբ։ Սակայն Ռուսաստանի ազդեցությունից ազատվելու և Արևմուտքի հետ սերտանալու պրոցեսը չէր կարող այսքան արդյունավետ լինել, եթե Ռուսաստանը ուկրաինական պատերազմում խնդիրներ չունենար։ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկ ենթադրող օրենք է ընդունել և վարչապետն ասել է, որ Հայաստանն ուզում է ԵՄ-ին անդամակցությունը։
Հայաստանը և ԱՄՆ-ն սկսում են կոմունիկացիոն մեգանախագիծ՝ «Թրամփի ուղին», որը հավակնում է դառնալ ոչ միայն Հարավկովկասյան ռեգիոնի ապաշրջափակման ծրագիր, այլև՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող «Միջին միջանցք» գլոբալ մեգանախագծի մաս։ Փոխվելու է Հայաստանի դերն ու նշանակությունը ոչ միայն ռեգիոնում, այլև՝ ԱՄՆ-ի ավելի լայն ռազմավարության համար։ Հայաստանն ու ԱՄՆ-ն այսօր ձևակերպում են խոշոր տնտեսական շահ, որն այն հիմքն է, որի վրա խարսխվելու է ամերիկյան քաղաքականությունը այս տարածաշրջանում։ Սա նշանակում է ռեգիոնում նոր խաղ՝ հիմնված հայ-ամերիկյան ռազմավարական տնտեսական համագործակցության վրա։
Չի կարող պետությունը ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկեր լինել, եթե տնտեսական շահավետ գործարք չի կնքում։ Իսկ «Թրամփի ուղի» նախագիծը ԱՄՆ-ին բերում է ռեգիոնալ գործերին մասնակցելու դաշտ։ ԱՄՆ-ն է լինելու նաև քաղաքական վեճերի լուծման հիմնական ուժը, առնվազն 3․5 տարի։ Պայմանական ասած՝ նախագահ Թրամփն իր անձնական վերահսկողության տակ է առնում հայ-ադրբեջանական սահմանը։ Ցանկացած կոնֆլիկտ և պատերազմ նա դիտարկելու է իր անձնական նախաձեռնության դեմ քայլ։
Պատահական չէր Ալիևի արդարացումն Սպիտակ տանը, թե ինչպե՞ս կարող են կողմերը հրաժարվել պարտականությունների կատարումից, որոնք ստանձնել են թիվ մեկ գերտերության և թիվ մեկ լիդերի առաջնորդությամբ։ ԱԼիևն այս քծնանքով բացահայտում էր նաև իր վախերը։ ԱՄՆ-ն ունի ճնշման լուրջ գործիքներ Ադրբեջանի վրա, որոնք կարող են գործարկվել, եթե Ալիևը պատերազմ հայտարարի Հայաստանին, այսինքն՝ ձախողի վաշինգտոնյան գործարքը։ Իսկ Հայաստանն ունի պոտենցիալ՝ դառնալու ԱՄՆ-ի թիվ մեկ գործընկերը ռեգիոնում՝ ոչ միայն տնտեսական և կոմունիկացիոն, այլև՝ ռազմաքաղաքական։
Հայաստանն ազատագրվում է ռուսական ազդեցությունից, և դա լայն տարածք է բացում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ հարաբերությունները ինստիտուցիոնալ խորացման ուղղությամբ տանելու։ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով է գնում՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական բնույթի տնտեսական մեգանախագիծ գործարկելով։ Դա կապահովագրի եվրաասոցացման գործըթնացը։ Ռուսաստանը ձախողվում է Հայաստանի հարավում միջանցք ստանալու նպատակի մեջ, և ինչպես Պուտինն էր ծրագրել «Նոյեմբերի 9»-ի հայտարարության տեքստում՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության զինծառայողները չեն տեղակայվի «Զանգեզուրի միջանցքի» վրա։
Ինչո՞ւ, քանի որ այդ պրոյեկտը ոչ թե կոչվում է «Զանգեզուրի միջանցք»՝ ինչպես Պուտինն ու Ալիևն էին պլանավորել, այլ անվանվում է «Թրամփի ուղի», որն ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ նախագիծն է։ Ֆինանսական ներդրումները կատարում է ամերիկյան կողմը, ինքնիշխանությունը պահպանում է Հայաստանը։ Առանց Ռուսաստանի կուռ աջակցության մնացած Իրանը ստիպված է հաշտվել նոր իրողության հետ։ Ռուսաստանն անելիք չունի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման պրոցեսում։
Ոչ միայն Հայաստանն է բոյկոտում ռուսական ձևաչափերը, այլև՝ Բաքու-Մոսկվա հարաբերությունների սրացումը Ռուսաստանի ակտիվության համար ազատ տարածք չի թողնում։ ԱՄՆ-ն թեև միջնորդի պաշտոնական դեր չի ստանձնել, սակայն անուղղակի երաշխավորելու է առաջիկա տարիներին դե ֆակտո խաղաղության հաստատումը։ Եվ վստահ եմ՝ ջանքեր է գործադրելու, որ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, և սկսվի իրագործվել։ Ամերիկյան կողմը խոշոր տնտեսական շահ է ձևակերպում ռեգիոնում։ Դա նշանակում է՝ ԱՄՆ-ն ռազմաքաղաքական պաշտպանության տակ է առնելու այն մասնակիցներին, որոնք իրեն կապահովեն գլոբալ մրցակության մեջ դիրքային առավելություն Չինաստանի նկատմամբ։
Իսկ Հայաստանի որոշումը՝ ապաշրջափակման գնալ ԱՄՆ-ի հետ միասին, նշանակում է, որ ԱՄՆ-ն հարթակ է ստանում գլոբալ խաղատախտակի վրա ավելի լավ դիրքեր ստանալու։ Եվ նրան այդ դիրքում աջակցում է Հայաստանը։ Շատ լավ է, որ Դուգինը (Պուտինի խորհրդականը) ընդունում է Ռուսաստանի պարտությունը Հարավային Կովկասի ռեգիոնում, և ԱՄՆ-ի հաղթանակը արձանագրում է։ Սակայն նրանք չեն գիտակցում, որ պարտվողական է հենց այն մեծ նպատակը, որ Պուտինյան Ռուսաստանը դրել է իր առաջ՝ Եվրասիական կայսրության ստեղծում Ռուսաստանի գլխավորությամբ։
Հայաստանն ու Ադրբեջանը կորսված են, Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ի անդամ դառնալու ճանապարհին են։ Վրաստանն է, որ կարելի է ասել՝ թեթև ռազմավար է դարձել Պուտինյան քաղաքականության համար։ Կենտրոնական Ասիան ինքնուրույն խաղ է սկսել՝ Չինաստանի, Հնդկաստանի և ԵՄ-ի հետ միասին։ Ռուսաստանի ձախողումը սկսվեց 2022-ի փետրվարի 24-ին, երբ հարձակվեց Ուկրաինայի վրա։
Ռուսաստանը չի կարող դառնալ կայսրություն, որի կազմում կգտնվի Ուկրաինան։ Ռուսաստանը նույնիսկ չունի ռեսուրսներ՝ Միութենական պետության կազմ նոր երկրներ ներառելու։
Եթե Ռուսաստանի ղեկավարությունը առաջնորդվեր ռացիոնալ տրամաբանությամբ, ոչ թե ռուսական ցարերի խորհուրդներով, Դուգինյան ինքնախոստովանությունը պետք է դառնար սեփական քաղաքականության ձախողումն ընդունելու առիթ։ Եթե Ռուսաստանն ունենար լայնախոհ ղեկավարություն, կկանգնեցներ Ուկրաինայի դեմ պատերազմը, զորքերը հետ կքաշեր 1991 թվականի սահմաններ, կվերանայեր իր արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով նեոկայսերական քաղաքականությունից։
Ռուսաստանն իր հարևանությամբ գտնվող նախկին սովետական երկրներին պետք է ընդունի որպես անկախ պետություններ և իրավահավասար հարաբերություններ ձևակերպի նրանց հետ։ Ռուսաստանն ինչքան շուտ գա այս քաղաքականությանը, այնքան մեծ է շանսը, որ վնասները քիչ կլինեն։ Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղումը անհավատալի սցենար էր, որ իրականացավ։ Ինչո՞ւ եմ մտածում, որ նախագահ Թրամփը Ռուսաստանին երկրորդ պլան է մղելու նաև ուկրաինական ճակատում։
Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=24646217565003308&id=100001252192771&mibextid=wwXIfr&rdid=7RlC6YgB4MpSIMzO#
