Հայաստան

Գաղութից Պետություն Դառնալու Ճանապարհին

Մենք հիմա պետք է կարողանանք, ոչ թե տեսական մակարդակով քննարկենք ու բավարարվենք, այլ գործնական դաշտում ընդունենք իրական Հայաստանի գոյությունը։ Իսկ այդ գոյությունն արդեն մի շարք նոր պատասխանատվություններ է ենթադրում։ 

Բորիս Նավասարդյան

1inTV-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագիրը և դրան առնչվող մի շարք երևույթներ։

Բորիս Նավասարդյանը նշեց, որ այդ թեմային առնչվող ապատեղեկատվությունների շարքը սկսվել էր հանդիպումից մի քանի ժամ առաջ և ցավում է, որ մի շարք գործընկերներ, ովքեր աշխատում են տարբեր հեռուստաալիքներում և լրատվականներում, սպասարկել են այդ ապատեղեկատվական գործընթացը՝ նույնիսկ չսպասելով հանդիպման սկսմանը։ Ավելի ճիշտ կլիներ սպասել հանդիպման ավարտին, հրապարակվող փաստաթղթին և ապա նոր մեկնաբանություններ ու վերլուծություններ անել։ Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթին, ապա Նավասարդյանը նշեց, որ հարցին հարկավոր է նայել ոչ թե զուտ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի տեսանկյունից, այլ ավելի լավ։ Սա ոչ թե պարզապես երկու երկրների միջև առկա թշնամանքի մթնոլորտը փոխելու կամ խաղաղւթյան հաստատման համար է, այլ, գոնե մեր տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության համար կայացման լուրջ հնարավորություն և մարտահրավեր։ Խաղաղության հաստատումը Հայաստանի առջև ընտրության հնարավորություն է դնում, թե արդյո՞ք Հայաստանը շարունակելու է իր «նույն դասարանում մնալու» պահվածքը, թե ընդունելու է մարտահրավերները և փորձելու է վերջապես ընդունել ավելի «բարձր դասարան» տեղափոխվելու իրողությունը։ Իսկ այդ իրողությունն արդեն առկա է ու մենք, եթե առաջ հնարավորություն ունեինք մնալ նույն կարգավիճակում, քանի որ ոչ ոքի չէին խանգարում, ապա հիմա շատերը կարող են բորբոքվել ու զայրանալ, քանի որ Հայաստանն իր «պարապությամբ» արդեն շատերին է խանգարելու։

Նավասարդյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մենք հիմա պետք է կարողանանք, ոչ թե տեսական մակարդակով քննարկենք ու բավարարվենք, այլ գործնական դաշտում ընդունենք իրական Հայաստանի գոյությունը։ Իսկ այդ գոյությունն արդեն մի շարք նոր պատասխանատվություններ է ենթադրում։ Կան բաներ, որ այլևս ոչ ոք մեր փոխարեն ու մեր համար չի անելու, ինչպես օրինակ լուրջ քննարկելու հարց է հայ-թուրքական սահմանին առկա ռուսական ռազմաբազայի դուրս բերման հարցը, կամ հայ-իրանական սահմանի ռուս սահմանապահների պարագան։ Խնդիր է ոչ միայն այն, թե քաղաքական առումով ինչպես պիտի տեղի ունենա ռուսական ռազմաբազայի դուրս բերումը, այլև այն, որ մենք չգիտենք, թե ինչով փոխարինենք դա։ Մենք մոբիլիզացիոն լուրջ խնդիրներ ունենք։ Մենք պետք է կարողանանք այդ հարցը ևս լուծել, բայց դրանից առաջ՝ ընդունենք դրա գոյությունը։ Խնդիրները բազմաթիվ են՝ սկսած սահմաններից մինչև տարատեսակ ենթակառուցվածքներ, ինչպես օրինակ Հարավ-Կովկասյան երկաթուղի կոչվող խեղճ իրադրությունը, որը պիտի շատ մեծ ու կտրուկ փոփոխության ենթարկվի, որակ բարձրացվի, ծառայությունների քանակ շատացվի, մակարդակ սկսի կայանալ։

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ևս նկատելի են փոփոխություններ։ Իհարկե ամեն ինչ դեռևս շատ հեռու են բարեկամական լինելուց ու առհասարակ շատ մեծ կասկածի տակ է հարաբերությունների նորմալացման համար որոշակի ժամանակահատված նշելը, բայց, ինչպես կարծում է Նավասարդյանը, Ադրբեջանի հասարակությունը ևս իր վրա պիտի զգա այս համաձայնագրից բխող փոփոխությունները, շահերը և դա իիր հերթին լծակ դառնա իր ներսում որոշակի փոփոխություններ արձանագրելու համար։ Ադրբեջանում, առնվազն իշխանության բարձրագույն օղակներում այլևս չի քննարկվում ռեպարացիաների հարցը։ Եթե մի քանի ամիս առաջ Ադրբեջանում նշում էին, որ խաղաղությունը Հայաստանին օգուտներ է բերում, առնվազն թուրք-հայկական հարաբերությունների կտրվածքով, ապա իրենք էլ պիտի ինչ որ օգուտներ ստանան, լինի դա տարածքների կամ ռեպարացիաների տեսքով։ Հիմա նրանք ասում են, որ դրա ժամանակը չէ, որ դա անօգուտ ու վնասակար կեցվածք է, որ Ադրբեջանը հիմա այլ հարցերով է զբաղված։ Այսինքն փոփոխությունը նկատելի է, բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պիտի ձեռքերը ծալած նստի ու սպասի, որ իր փոխարեն ամեն ինչ պիտի ուրիշները անեն։ Ընդհակառակը, սա մի տեսակ պետական քննություն է դառնում ու ապագայում պարզ կդառնա, թե Հայաստանը պատրա՞ստ է լրիվ ինքնուրույն քաղաքական պահվածքի, թե՞ ոչ։

Բորիս Նավասարդյանը նաև խոսեց ՀՀ ներքին քաղաքականության մասին՝ նշելով, որ եթե Հայաստանում պարզ դառնա, որ իշխանությունները դժվարություններ ունեն, ոչ թե պայմանավորվածությունների սկզբունքային ձախխողման, այլ այդ պայմանավորվածությունների կատարման տապալման առումով։ Այդ դեպքում բազմաթիվ դժգոհ ուժերի համար հնարավորություններ են բացվում։

Քաղաքական վերլուծաբանը ևս մեկ անգամ նշեց ՀՀ ներուժի կենտրոնացման ու պետական լրջությամբ հարցերին մոտենալու կարևորության մասին, քանի որ, այս պահից սկսած, Հայաստանն արդեն ինքն է պատասխանատու իր համար։

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *