Քվեարկության վերջնարդյունքների ամփոփում կատարվել է այնպես, որ վարչապետ Արայիկ Հարությունյանը խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չունենա։
Վահրամ Աթանեսյան
(Մաս 57-րդ)
ԼՂՀ քաղաքական կյանքի լճացումը ցայտուն դրսեւորվեց 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Առաջին անգամ դրանք անցան միայն համամասնական ընտրակարգով: Տիրապետելով վարչական, ֆինանսական եւ ամենակարեւորը՝ «ընդհատակյա խմբավորումների» մեծ ռեսուրսների, վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը տպավորիչ հաղթանակ արձանագրեց:
Երրորդ տեղում, ոչ առանց նախագահ Բակո Սահակյանի եւ ուժային կառույցների աջակցության, հայտնվեց ՀՅԴ-ն: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» հայտնվեց երկրորդ հորիզոնականում: Հինգ տոկոսի շեմը հաղթահարեց եւ խորհրդարանում մեկ մանդատ ստացավ նաեւ «Արցախի վերածնունդ» կուսակցությունը:
Խորհրդարանական ուժերի այս հարաբերակցությունը չէր արտահայտում հանրության ազատ կամարտահայտությունը: Այն ձեւավորված էր նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի, ոստիկանության եւ ԱԱԾ համաձայնությամբ եւ լիովին կառավարելի էր նրանց կողմից:
Ասվածի ապացույց կարելի է համարել իրողությունը, որ քվեարկության վերջնարդյունքների ամփոփում կատարվել է այնպես, որ վարչապետ Արայիկ Հարությունյանը խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չունենա, թեեւ գործնականում դա «Ազատ հայրենիք» կուսակցության համար միանգամայն լուծելի խնդիր էր:
Երկրորդ, ոչ պակաս կարեւոր հանգամանքն այն է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը չտրվեց խորհրդարանում թվաքանակով ամենամեծ խմբակցություն կազմավորած «Ազատ հայրենիք» կուսակցությանը: Բակո Սահակյանի անմիջական ուղղորդմամբ խորհրդարանի խոսնակի պաշտոնը երրորդ անընդմեջ ժամկետով ամրագրվեց «Արցախի ժողովրդավարական կուսակցության» առաջնորդ Աշոտ Ղուլյանին:
Այդ դասավորությունը, հավանաբար, ծրագրավորվել էր ոչ կամ ոչ միայն Ստեփանակերտում եւ բացահայտ ուղղված էր Արայիկ Հարությունյանի դեմ: Խորհրդարանի ձեւավորումից երկու տարի հետո սպառվում էին Բակո Սահակյանի նախագահական լիազորությունները, ժամանակն էր, որպեսզի նա քաղաքական Ստեփանակերտին, հանրությանը, պաշտոնական Երեւանին եւ ԼՂ կարգավորման միջազգային դերակատարներին գոնե ոչ հրապարակային ձեւով ներկայացնի իրավահաջորդին:
Պետք է ուշադրություն դարձնել, որ այդ փուլում Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, արդեն որոշված էր, որ Երեւանում կառավարման նախագահական համակարգից անցում է կատարվում խորհրդարանականին:
Ապրիլյան քառօրյա մարտերից հետո Ստեփանակերտում կազմավորվեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որը գլխավորեց Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Չնայած նրա կուսակցությունը խորհրդարանում թվաքանակով երկրորդն էր, բայց հենց ԱԺԿ խմբակցության վրա դրվեց ԼՂՀ-ում նախագահական կառավարման համակարգը պահպանելու եւ իշխանության ավելի կոշտ ուղղաձիգ հաստատելու նպատակահարմարության քարոզչության պատասխանատվությունը:
(Շարունակելի)
