ՄԵՐ ՈՒՂԻՆ

Պատասխան Ադրբեջանական Կեղծիքին


Դուք գերազանց գիտեք, որ Բաքվից միայն պաշտոնական տվյալներով արտաքսվել է 204 հազար հայ, որ խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքի բնակչության քսան տոկոսն էր կազմում եւ հիմնականում ապրում էր համահավաք: Նրանք վերադարձի իրավունք ունեն: Այդ դեպքում Բաքուն պետք է ունենա Երուսաղեմի կարգավիճակը:

Վահրամ Աթանեսյան

Մեր Խոսքը՝

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում  Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի պատասխան նամակը Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիին։ Նամակում պրն Աթանեսյանը հստակ մերկացնում է  ադրբեջանական կեղծիքը` Հայաստանից իբրև թե արտաքսված հարյուր հազարավոր ադրբեջանցիների մասին և իր հերթին մի քանի հարցադրում անում` վերաբերվող ոչ միայն Արցախից բռնի տեղահանված 150 հազար հայերի  այլև Բաքվից  Սումգայիթից և այլ վայրերից արտաքսված մոտ 350 հազար հայերի ու նրանց վերադարձի իրավունքի մասին։ 

Այս նամակը և դրանցում առկա հարցադրումները շատ կարևոր նշանակություն ունեն իրականության բարձրաձայնման և կեղծիքի դեմ պայքարի համար։

Մեր Ուղին

Նամակը`

Պարոն, Դուք Ադրբեջանի քաղաքական կյանքում նորելուկ չեք, որպեսզի թույլ տաք հավասարության նշան դնել անցյալ դարի 80-ականների վերջին Հայաստանից անվտանգ Ադրբեջան տեղափոխված մի քանի տասնյակ հազար ադրբեջանցիների (Ֆրանսիայի Ազգային ռադիոյին տված հարցազրույցում նշված «250 հազար» թիվը բացահայտ կեղծիք է) եւ երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման ենթարկված 150 հազար հայերի միջեւ:

Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքները համադրելի են Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Մինգեչաուրից, Խանլարի, Շամխորի, Դաշքեսանի, Շահումյանի գյուղական շրջաններից բռնատեղահանված մոտ 350 հազար հայերի իրավունքներին: Դուք գերազանց գիտեք, որ Բաքվից միայն պաշտոնական տվյալներով արտաքսվել է 204 հազար հայ, որ խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքի բնակչության քսան տոկոսն էր կազմում եւ հիմնականում ապրում էր համահավաք: Նրանք վերադարձի իրավունք ունեն: Այդ դեպքում Բաքուն պետք է ունենա Երուսաղեմի կարգավիճակը:

Ե՞րբ են ադրբեջանցիները Հայաստանի տարածքում բնակություն հաստատել՝ պատմական քննության թեմա է: Բայց ստույգ է, որ նրանք ոչ անկախ, ոչ խորհրդային Հայաստանում քաղաքական իրավունքի սուբյեկտ չեն հանդիսացել:

Ի տարբերություն նրանց, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը թե ԱԴՀ, թե Ադր.ԽՍՀ պետական համակարգում ունեցել է քաղաքական իրավունքի սուբյեկտի կարգավիճակ: 

Պետք է իմանալ սեփական երկրի պատմությունը. ԱԴՀ կառավարությունը 1919 թվականի օգոստոսյան «Ժամանակավոր համաձայնությամբ» ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի իրավազորությունը, իսկ խորհրդային Ադրբեջանի Կենտգործկոմի դեկրետում հստակ գրված է, որ ինքնավար մարզը կազմավորվում է «Ղարաբաղի հայկական մասից»:

Դուք ասում եք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության վերջնական հաստատումից հետո հայկական օրենքները ճանաչող ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան, ադրբեջանական օրենքները ճանաչող հայերն՝ Ադրբեջան: 

Դա վերաբերելի է Բաքվից արտաքսված հայերին եւ Վարդենիսի կամ Մասիսի գյուղերից հեռացած ադրբեջանցիներին: Ի՞նչ որոշում կընդունենք Լեռնային Ղարաբաղի հայերս, դա մեր հավաքական իրավունքն է:  

Խորհուրդ եմ տալիս Իլհամ Ալիեւի հետ առերեւույթ հակասությունները եւ իրական համագործակցությունը չծառայեցնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման տորպեդահարմանը: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երրորդ, չորրոդ եւ հինգերորդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր՝ Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *