Հայաստան

Իրանին Մնում Է Համակերպվել

Եթե այդ նախագիծը կայանա, ադրբեջանական բեռնատարները սկսեն Հայաստանի տարածքով անցնել Նախիջևան, ապա Իրանը կզրկվի այդ քաղաքական ու տնտեսական դիվիդենտներից: Բայց, ինչպես իրենց արտգործնախարարն ասաց, իրենք չեն կարող արգելել այլ երկրի տարածքով ճանապարհի կառուցում:

Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Իրանի նախագահի այցը Հայաստան ավարտվեց, որը մեկնարկել էր նախօրեին: Որքանո՞վ էր այցը կապված Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի հետ, և ինչպե՞ս կգնահատեք այցի արդյունքները:

– Սովորաբար նման այցերը շատ ավելի երկարաժամկետ ընթացքով են պլանավորվում, և չեմ կարծում, թե այցը կապված էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումների ու ստորագրված փաստաթղթերի հետ: Կարծում եմ, շատ ավելի վաղ է պլանավորվել այցը, միանշանակ է նաև, որ վաշինգտոնյան գործարքների ու ստորագրված փաստաթղթերի հարցը քննարկվել է Իրանի ու Հայաստանի ղեկավարների միջև հանդիպումներում: 

Ընդհանուր առմամբ, այցը կարելի է բավական դրական համարել, որովհետև շատ լավ մեսիջներ հնչեցին երկու երկրի պաշտոնյաների կողմից, ու նույնիսկ ցանկություն հայտնվեց երկկողմ հարաբերությունների մակարդակը հասցնել ռազմավարական գործընկերության աստիճանի, ինչը միանշանակ դրական ու ողջունելի է:

– Հարաբերություններն այդ մակարդակին հասցնելու համար շա՞տ անելիքներ կան:

– Կարծում եմ՝ ոչ, պարզապես քաղաքական կամք է պետք, ու կարելի է շատ կարճ ժամանակահատվածում հարաբերությունները հասցնել այդ մակարդակին: Ընդհանուր առմամբ՝ դա ավելի շուտ քաղաքական կամքի հետ է կապված, քան՝ ինչ-ինչ խնդիրների լուծման:

– Երկու կողմից էլ կա՞ այդ քաղաքական կամքը:

– Կարծում եմ՝ այո՛: Վաղուց կային այդ մասին խոսակցություններ, ու ես կարծում եմ, որ մոտ ապագայում այդ խոսակցություններն արդեն վերջնական հանգրվանի կհասնեն: 

– Պարո՛ն Վարդանյան, իսկ ի՞նչ է տալու գործնականում հարաբերությունների այդ մակարդակը Հայաստանին:

– Ավելի կանխատեսելի ու ավելի բարեկամական Իրան, ավելի սերտ հարաբերություններ, ավելի խոր համագործակցություն, նայած, թե ինչ կնախատեսվի այդ համաձայնագրերով: 

– Ձեր գնահատմամբ՝ Իրանը դեմ չէ՞ Թրամփի ուղու գործարկմանը:

– Իհարկե դեմ է, որովհետև ադրբեջանական բեռնատարները ավելի շատ Իրանի տարածքով էին գնում Նախիջևան, ու սա Իրանի համար քաղաքական ու տնտեսական օգուտներ էր ապահովում: Հիմա, փաստացիորեն, եթե այդ նախագիծը կայանա, ադրբեջանական բեռնատարները սկսեն Հայաստանի տարածքով անցնել Նախիջևան, ապա Իրանը կզրկվի այդ քաղաքական ու տնտեսական դիվիդենտներից: Բայց, ինչպես իրենց արտգործնախարարն ասաց, իրենք չեն կարող արգելել այլ երկրի տարածքով ճանապարհի կառուցում: 

Հարցն այն է այստեղ, թե որքանով է այդ նախագիծն անվտանգային առումով սպառնալիք Իրանի համար, իսկ այդ տեսանկյունից սպառնալիք չէ: Իրանին մնում է համակերպվել իրողության հետ ու իր շահը գտնել այս նախագծում, օրինակ՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանի տարածքով անցնող Հյուսիս-հարավ ճանապարհին իրանական որոշ ընկերություններ են մրցույթ շահել ու բավականին լավ աշխատանք են կատարում: Գուցե այս նախագծում ևս իրանական կողմը ներգրավվածություն ունենա, չնայած այս դեպքում ավելի դժվար է, հաշվի առնելով, որ սա հայ-ամերիկյան նախագիծ է: 

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/304511/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *