Արցախ

«Արցախի ԿԳԲ -ացումը»

Ստեփանակերտում իշխող կարծիք էր, որ Բակո Սահակյանի երրորդ ժամկետով պաշտոնավարումը «փորձնական է», դրանով հիմք է նախապատրաստվում, որպեսզի նախագահական լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից ընտրվի վարչապետ եւ շարունակի կառավարել Հայաստանը:

Վահրամ Աթանեսյան

Մաս 59-րդ

Բակո Սահակյանի երրորդ ժամկետով պաշտոնավարումը քաղաքական առումով ԼՂՀ-ում ժողովրդավարական ավանդույթների կոպիտ խախտում էր, որ, սակայն, պետական քարոզչությունը «հիմնավորեց» նրանով, որ նոր սահմանադրությամբ նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները պետք է անցկացվեն նույն օրը, ուստի սահմանվում է «անցումային եռամյա շրջան»՝ դա կապելով խորհրդարանի լիազորությունների հետ: 

Ընտրությանը մրցակցային տեսք տալու համար նախագահի թեկնածու առաջադրվեց նաեւ ԱԺ պատգամավոր, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդվարդ Աղաբեկյանը, որ փաստացի դադարեցրել էր քաղաքական ինքնուրույն գործունեությունը եւ անդամակցել «Ազատ հայրենիք» կուսակցության խմբակցությանը: Այդ «ընտրություններին» մասնակցությունը շատ ծանր ազդեցություն թողեց նախկին ընդդիմադիր գործչի հեղինակությանը, իսկ ներքաղաքական մթնոլորտը պարզապես դարձավ «խեղդող», մանավանդ երբ ի հակակշիռ սպասումների, Արայիկ Հարությունյանը համաձայնեց ստանձնել պետական նախարարի պաշտոնը:

Ստեփանակերտում իշխող կարծիք էր, որ Բակո Սահակյանի երրորդ ժամկետով պաշտոնավարումը «փորձնական է», դրանով հիմք է նախապատրաստվում, որպեսզի նախագահական լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից ընտրվի վարչապետ եւ շարունակի կառավարել Հայաստանը: 2018 թվականի գարնանը  Երեւանում սկսված «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժումը Ստեփանակերտում առերեւույթ որեւէ արձագանք չունեցավ: Ոչ նախագահի, ոչ Ազգային ժողովի կամ այնտեղ ներկայացված քաղաքական ուժերի կողմից ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի որեւէ հայտարարություն չտարացվեց:

Վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում էր, մասնակցում էր Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի տոնակատարությանը եւ ոչինչ չէր վկայում, թե Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության համար նա «խորթ» անձնավորություն է: Փաշինյանի Ստեփանակերտ այցից մոտ երկու շաբաթ անց մի խումբ երիտասարդներ փակեցին Ազատամարտիկների պողոտան: Նրանք պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Այդ ոչ բազմամարդ հավաքի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հեղափոխությունը չպետք է հասնի Արցախ»: Դա հստակ ազդակ էր, որ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջը Երեւանին ձեռնտու չէ: Հավաքի մասնակիցներին հանդիպեց պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Հաջորդ օրը՝ 2018 թվականի հունիսի 1-ին նա մամուլի ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ հրաժարական է տալիս, պետական ծառայությունը չի շարունակելու, զբաղվելու է «Ազատ հայրենիք» կուսակցության վերակազմավորման հարցերով եւ նախապատրաստվելու է երկու տարի հետո կայանալիք ընտրություններին:

Բակո Սահակյանը բավարարեց մի քանի տասնյակ ցուցարաների պահանջը եւ պաշտոնազրկեց ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանին: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարական տվեց Վիտալի Բալասանյանը: Գրեթե միաժամանակ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը եւ նշանակվեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: 

(Շարունակելի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *