Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Փաստացի քսանհինգ հազար ընտրողի պահանջը ճանաչվեց առ ոչինչ, թեեւ հնարավոր էր սահմանադրության այդ հոդվածի փոփոխության հարցը դնել հանրաքվեի: Ներքաղաքական իրավիճակը, որ Բաբայանի կազմակերպած ստորագրահավաքի ընթացքում շատ նկատելիորեն ժողովրդավարացել էր եւ ուժային մարմինների տոտալ հսկողությունից ձերբազատվել, կրկին մտավ «նեղ շրջապատով որոշումներ կայացնելու» աղետաբեր հուն: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 60-րդ

2019 թվականի ամռանը Ստեփանակերտում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն. Պաշտպանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կազմավորեց նախաձեռնող խումբը եւ գրանցվելու համար դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Բաբայանը նախաձեռնեց ստորագրահավաքի միջոցով Արցախի սահմանադրության մեկ հոդվածի փոփոխություն, որն ընդունվելու դեպքում ԱՀ-ում մշտապես տասը տարի չբնակված անձը կստանար նախագահի թեկնածու առաջադրվելու եւ ընտրություններին մասնակցելու իրավունք: 

Չնայած Բաբայանի հանդեպ իշխանության վերնախավում եւ հատկապես ուժային կառույցներում տիրապետող բացահայտ անհանդուրժողական վերաբերմունքին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց նախաձեռնող խմբին եւ օրենքով սահմանված կարգով մշակեց ստորագրահավաքի պաշտոնական ձեւաթուղթ: Նախաձեռնող խումբը շատ կարճ ժամանակամիջոցում Արցախի բոլոր համայնքներում կազմավորեց իր ներկայացուցչությունները: Բաբայանն անձամբ կազմակերպեց բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպումներ: Դրանք անցան բացարձակ անխոչընդոտ պայմաններում: Գրեթե բոլոր շրջաններում Բաբայանի աջակիցների շարքերում հայտնվեցին ոչ միայն ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցներ եւ պաշտոնաթող զինվորականներ, այլեւ համայնքի ղեկավարներ: Տպավորություն էր, որ ստորագրահավաքն անցկացվում է իշխանության ոչ միայն գիտությամբ, այլեւ ոչ բացահայտ, բայց շատ ազդեցիկ աջակցությամբ: Ստորագրահավաքի արդյունքները չափազանց տպավորիչ էին. ընտրելու իրավունք ունեցող շուրջ քսանհինգ հազար քաղաքացի կողմ էր, որ սահմանադրական փոփոխություն կատարվի: 

Փաստացի դա Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին Արցախի նախագահի պաշտոնում տեսնելու կամարտահայտություն էր: Քաղաքական շրջանակներում տեղեկություն տարածվեց, որ մինչ այդ Բաբայանը «փակ հանդիպում է ունեցել» գործող նախագահ Բակո Սահակյանի հետ եւ նրան առաջարկել, որպեսզի «իշխանությունը փոխանցի իրեն»: Նույն աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Բակո Սահակյանը «սկզբունքորեն չի մերժել, բայց վերջնական որոշումը պայմանավորվել է «տղաների հետ» քննարկումների արդյունքով»: Խոսքը նրա մերձավոր շրջապատի նախկին եւ գործող զինվորականների, ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարների մասին է: Ըստ նույն աղբյուրների, վերջիններս կտրուկ դեմ են արտահայտվել նախագահի պաշտոնը Սամվել Բաբայանին փոխանցելու հնարավորությանը: Բաբայանի քաղաքական վերածննդին չափազանց բացասական է վերաբերվել նաեւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ստուգելով ստորագրությունների վավերականությունը, օրենքով սահմանված կարգով դիմեց Գերագույն դատարանի Սահմանադրական ատյանին, որպեսզի վերջինս որոշի առաջարկվող փոփոխությունը գործող սահմանադրությանը համապատասխանությունը: Գերագույն դատարանը վճռեց, որ նախագահի պաշտոնի թեկնածուի համար սահմանված պահանջները, այն է՝ ԱՀ քաղաքացիություն եւ տասը տարվա մշտական բնակություն, փոփոխության ենթակա չեն: Փաստացի քսանհինգ հազար ընտրողի պահանջը ճանաչվեց առ ոչինչ, թեեւ հնարավոր էր սահմանադրության այդ հոդվածի փոփոխության հարցը դնել հանրաքվեի: Ներքաղաքական իրավիճակը, որ Բաբայանի կազմակերպած ստորագրահավաքի ընթացքում շատ նկատելիորեն ժողովրդավարացել էր եւ ուժային մարմինների տոտալ հսկողությունից ձերբազատվել, կրկին մտավ «նեղ շրջապատով որոշումներ կայացնելու» աղետաբեր հուն: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *