2018 թվականին, երբ Ստեփանակերտում մի քանի տասնյակ երիտասարդներ փակեցին Ազատամարտիկների պողոտան եւ փոփոխությունների պահանջ ներկայացրին, Նիկոլ Փաշինայնը հայտարարեց, որ «հեղափոխությունը չպետք է Արցախ հասնի»:
Վահրամ Աթանեսյան
Անկախության Հռչակագրի 35-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի առթիվ նրա հասցեին քննադատության եւ անգամ պարսավանքի պակաս չկա: Տարածված տեսակետ կա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականին ներկայացրել են ԼՂ կարգավորման առաջարկություն, որով Ադրբեջանին էր վերադարձվում հինգ շրջան, նախկին ԼՂԻՄ-ի եւ Քելբաջարի ու Լաչինի շրջաններն ընդգրկող տարածքը մնում էր հայկական հսկողության ներքո, տեղաբաշխվում էին ռուսական խաղաղապահ ուժեր, իսկ կարգավիճակի հարցը՝ թողնվում հետագային: Այս առաջարկությունը մերժելուց առաջ նա ի՞նչ քննարկումներ է ունեցել Անվտանգության խորհրդում, Ազգային ժողովի քաղաքական ուժերի հետ, ունեցե՞լ է, թե՞ ՝ ոչ, պարզ չէ, բայց չափազանց կարեւոր է մի հանգամանք. 2019 թվականի օգոստոսի 5-ին Փաշինյանն այցելել է Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակում բազմամարդ հանրահավաք է գումարվել, որի ընթացքում էլ նա հայտարարել է. «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Այդ պահին նա ՄԽ համանախագահների առաջարկությունն արդեն մերժե՞լ էր, Ստեփանակերտ էր այցելել, որպեսզի Արցախի իշխանություններին այդ մասին տեղյակ պահի՞, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը հնչեցնելու գաղափարը ծնվել է ստեփանակերտյան քննարկումների՞ արդյունքում:
2018 թվականին, երբ Ստեփանակերտում մի քանի տասնյակ երիտասարդներ փակեցին Ազատամարտիկների պողոտան եւ փոփոխությունների պահանջ ներկայացրին, Նիկոլ Փաշինայնը հայտարարեց, որ «հեղափոխությունը չպետք է Արցախ հասնի»: Մեկ տարի հետո նա Ստեփանակերտում գործ ուներ մի իշխանության հետ, որ Հայաստանի նախկինի ձեւավորածն էր: Ահա այդ՝ Բակո Սահակյանի գլխավորած, իշխանությունը ՄԽ համանախագահների առաջարկությունը նույնպե՞ս մերժել է, եթե՝ ոչ, ապա այդ մասին ինչու՞ որեւէ նույնիսկ ենթատեքստային հայտարարություն չի արել: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի հետ համախոհությամբ ընդունել է պատերազմի մարտահրավերը, ապա ինչո՞վ բացատրել մի քանի ամիս հետո նախագահական ընտրությունների «բարձիթողությունը»: Ստեփանակերտը Նիկոլ Փաշինյանի որոշումից անգե՞տ էր: Ի վերջո, «զոհասեղանին էր դրվում» Արցախը, իսկ իրենք նրա ժողովրդի ընտրյալն էին:
